2024 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 20:00-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող որդին, նռնակով սպառնալով, հրաժարվում է տեղափոխվել համապատասխան բուժհաստատություն:
Ահազանգի հիման վրա ոստիկանության ծառայողները մեկնել են քաղաքացու կողմից մատնանշած հասցե և պարզել, որ Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի բնակիչը հրաժարվում է բուժհաստատություն տեղափոխվել և ձեռքին պահելով նռնակ՝ հրաժարվում ենթարկվել շտապօգնության բուժանձնակազմին:
Բացատրական աշխատանքների արդյունքում տղամարդը նռնակը ցած է դրել, որից հետո ապօրինի զենք և զինամթերք պահելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Կոտայքի բաժին։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-րդ մասի և 194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել է նռնակ և նռնակի նմանվող առարկա, ինչպես նաև թղթի և ծխամորճի մեջ կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված և «Բելամորկանալ» տեսակի ծխախոտի կիսադատարկ գլանակներում կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել նշված անձին ձերբակալելու մասին:
Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաձգաբանական, դատապայթունատեխնիկական, իսկ հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով՝ դատանյութագիտական համալիր փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Թողնել Մեկնաբանություն