ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ դեպքի, որին ինքն առնչվել է՝ զբոսնելով Հայաստանի բնակավայրերից մեկում։
«Չեմ նշում բնակավայրը, որովհետև այդ տեսարանները նույնիսկ ավտոմեքենայի պատուհանից նկատելի են առնվազն շատ բնակավայրերում։ Ի՞նչ էր այդ զբոսանքը․ ես քայլում էի մայթով ու քայլելու ընթացքում ստիպված էի քայլել ժավելների, քսայուղերի տարաների արանքներով, որովհետև մայթերին ուղղակի շարած էին։ Մարդ կա՝ քսայուղ, ժավել է վաճառում, և ստիպված էինք սյուների արանքով ութաձև քայլելով գնալ, բայց սա ամենը չէ։
Գիտեք, որ Հայաստանում կան «Լվա ինքդ» տեղեր, որտեղ քաղաքացիները կարող են իրենց ավտոմեքենաները լվանալ, որը շատ լավ է, քաղաքացին մատչելի ձևով կարող է իր մեքենան լվանալ, բայց մեքենաները լվանալու համար օգտագործվում են բավականին ժամանակակից գործիքներ, որոնք ջրի շատ էական շիթ են արձակում։ Շատ դեպքերում այդ «Լվա ինքդ» օբյեկտները տեղակայված են մայթի եզրին, և երբ որ մեքենայի չորս կողմը պտտվում ենք այդ ջրի շիթերով, դրանք դուրս են գալիս դեպի մայթ: Իմ բախտը բերեց՝ որոշ մարդիկ նկատեցին, ասացին՝ «հլը մի վայրկյան, մի պզցրեք, վարչապետն այստեղով անցնում է»։ Իհարկե, ես զգացված եմ խիստ հարգալից վերաբերմունքի համար, բայց հարց. եթե այդ մայթով վարչապետը չի քայլում, կամ ընդհանրապես ինչո՞ւ պետք է այդ պրոցեսը տեղի ունենա, որ քաղաքացին հեռվից նկատի, որ ինչ-որ ջրի շատ ուժեղ շիթ է արձակվում դեպի փողոց, ու այդտեղ հարց կա. մեկը նկատի՝ դադարեցնի, մյուսը չնկատի, դա լրջագույն պրոբլեմ Է։ Ես նկատել եմ, որ Երևանում էլ այդպիսի իրավիճակներ կան»,- ասաց վարչապետը։
Կառավարության ղեկավարը նշեց՝ հարցը բարձրաձայնում է, որ տեսչական մարմիններն ու համապատասխան մարմինները հատ-հատ ստուգեն այդ խնդիրները, որովհետև մայթը քաղաքացիների քայլելու համար է։
Նա նշեց, որ մեքենաներ լվանալու փրփրաջուրը ուղիղ լցվում է գետը. այդ փրփուրից մինչև գետը 15 մետր հեռավորություն է:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Թողնել Մեկնաբանություն