Նախընտրական Գյումրի՝ ձերբակալություններով, փոխադարձ մեղադրանքներով

Նախընտրական Գյումրի՝ ձերբակալություններով, փոխադարձ մեղադրանքներով

ԿԸՀ հանձնաժողովի որոշմամբ Գյումրիում ևՓարաքարում արտահերթ ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն մարտի 30-ին։

Ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերը՝ կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքներն այսօրվանից կարող են Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնել գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը․  ՀՀ Ընտրական օրենսգրքի 128 հոդվածի, 5-րդ մասի համաձայն փաստաթղթերը կարող են ներկայացնել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ՝ այսինքն մինչև մարտի 5-ը՝ ժամը 18․00-ը։ Իսկ ընտրական ցուցակների գրանցումը տեղի կունենա  հինգօրյա ժամկետում՝ մարտի 5-ից մինչ 10-ը։ Նկատենք, որ քարոզարշավը մարտի 15-ից մինչև 28-ն է՝ ժամը 24․00-ն։

Ու թեև պաշտոնապես դեռ հայտնի չէ, թե հանրապետության երկրորդ քաղաքում վերջնականապես որ քաղաքական ուժերն ու դեմքերն են դուրս գալու մրցապայքարի, ոչ պաշտոնապես՝ արդեն իսկ սկսվել է ակտիվ քարոզարշավը՝  նախընտրական կրքերի բորբոքմամբ, հավանական թեկնածուներից մեկի՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալմամբ ու ազատ արձակմամբ, սոցցանցերում հնչող փոխադարձ մեղադրանքներով, վիրավորանքներով, այսպես ասած «սև փիառով»։

Գյումրիում մոտ տաս քաղաքական ուժեր դեռ մեկ ամիս առաջ հայտարարել են իրենց մասնակցության մասին, ավելին, այս քաղաքում արդեն իսկ սկսել են  ֆավորիտ թեկնածուների առանձնացնել ու ընտրությունների արդյունքները կանխատեսել։

Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորելու է Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, «Կոմունիստական կուսակցությունը»՝ Գյումրին 12 տարի ղեկավարած նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որը դեռ չի հրապարակել այն քաղաքական ուժի անունը, որով պիտի առաջադրվի, բլոգեր Վարդան Ղուկասյանի «ԴՕԿ» կուսակցությունը, որի թեկնածուն դեռ հայտնի չէ գյումրեցիներին։

Ընտրություններին կմասնակցի նաև պրոդյուսեր, «Հայաթ փրոջեքթ Գյումրի» երաժշտական խմբի երգերի հեղինակ Ռուբեն Մխիթարյանը՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Կարեն Մալխասյանի գլխավորությամբ, գործարար Կարեն Սիմոնյանը, որն ամենայն հավանականությամբ կմասնակցի «Մայր Հայաստան» դաշինքով, մեկ այլ  գործարար Արտյոմ Ղարաղազարյանը՝ « Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությամբ։

Մասնակցելու ցանկություն ունեն նաև «Եվրաքվե» նախաձեռնության մաս կազմող  քաղաքական ուժերը, որոնք քննարկում են Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի թեկնածությունն առաջադրելու հարցը։

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, որոնք ի սկզբանե հայտարարել էին, թե այս ընտրությամբ կասեն իրենց քաղաքական խոսքը, առայժմ լուռ են։

Փոխարենն անասելի ակտիվ են երկու Վարդան Ղուկասյանները՝ Գյումրու նախկին քաղաքապետն ու ԱՄՆ-ում բնակվող բլոգերը, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։

Սոցցանցերում գրեթե ամեն օր փոխադարձ կոշտ մեղադրանքներ են հնչում ՔՊ-ականների ու Ռուբեն Մխիթարյանի կողմից, մեկը մյուսին արդեն իսկ հասցրել են անարգել․ ՔՊ-ն Ռուբեն Մխիթարյանին «փեսա Միշիկի ընկեր, ջեբկիր, ծաղրածու, լոզունգի գող» է անվանել, որի պատասխան վիրավորանքը, սակայն, չի ուշացել՝ «Հայրենիքի, զինվորների կյանքի, հայերի արժանապատվության գողեր, հեշթեգի գողության մասին ոռնացողներ»:

Մերթընդմերթ միմյանց հետ լեզվակռվի մեջ են մտնում երկու Վարդան Ղուկասյանները․ բլոգերը համոզված է, որ Գյումրու նախկին քաղաքապետը ընտրություններից հետո կոալիցիա կկազմի ՔՊ-ի հետ, մինչդեռ Գյումրու նախկին քաղաքագլուխը վստահեցնում է, որ ճանապարհ չունի անցնելու Արցախը հանձնած ուժի հետ։

Երեկ արդեն նախընտրական շրջանը հասավ լարվածության իր գագաթնակետին․ իր իսկ տան դիմացից  Քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինները․
գետին գցելով, մարմնական վնասվածքներ հասցնելով, ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով,  ձերբակալել ու ազատ էին արձակել Վարդան Ղուկասյանին ու նրա թիկնապահ Տիգրան Սիմոնյանին։

Սա շատերը որակել էին նախընտրական շոու,  հավանական թեկնածուներից շատերը դատապարտել էին  նման մեթոդով Գյումրիում արհեստական լարվածության ստեղծումը։ Իսկ Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը հայտնել էր, որ նրա մոտ զենք չի եղել, դա ապօրինի ձերբակալում է ու բացառապես ունի քաղաքական ենթատեքստ։

Ղուկասյանն իր հերթին պատմել էր, որ իր ողջ կյանքում պաշտոններ է զբաղեցրել, բոլոր նախագահների հետ աշխատել է, բայց նման վերաբերմունք, գործելաոճ, երբ դիմակավորված, ավտոմատներով գալիս են ու մարդկանց շան պես գետնին քարշ տալով տանում, երբեք չէր տեսել։

Վարդան Ղուկասյանի փաստաբանն այսօր արդեն իսկ դիմել է դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել նրա ձերբակալումը։

Գյումրու նախկին քաղաքապետը շարունակում է պնդել, որ իշխանությունները Գյումրիում վախի մթնոլորտ են ձևավորում, այսօր էլ իր գրասենյակի մերձակայքում քաղաքացիական հագուստով ծպտված ոստիկանական գործակալներ են տեղակայվել, որոնք փաստացի խաթարում են գրասենյակի բնականոն աշխատանքը և իրեն այցելած քաղաքացիներին հարցուփորձ անելով՝ վախ են ներարկում:

Գյումրու լուծարված ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն էլ իր հերթին է նշում․ «Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա մերձավոր շրջապատն ավելի շատ քրեական գործերով են անցել ու անցնում, քան ասենք մեքսիկական կրիմինալ բանդաների պարագլուխները: Այս կոնտեքստում առավել քան ծիծաղելի են ընդդիմության տարբեր տրամաչափերի գործիչների ու գործիքների կողմից հնչեցվող մեղադրանքները՝ իբր քաղաքական հետապնդումների մասին»:

Վարչապետի մամլո խոսնակ Նազելի Բաղդասարյանն էլ հիշեցնում է․ «Մենք շատ լավ հիշում ենք՝ ով և ում վրա կրակեց, երբ և ում սպանեցին, ինչպես և ինչը մարդկանց ձեռքից խլեցին, ինչքան և որտեղ ապօրինի դիզեցին։ Թե բա՝ քաղաքապետ ենք ուզում, թան էլ չէ՝ փրթած մածուն»։
Ի դեպ, Վարդան Ղուկասյանին սկսել է խստորեն քննադատել նաև «Եվրաքվե» նախաձեռնության մաս կազմող «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, որը զավեշտ է համարում այն, որ «Գյումրիին ամենաշատ վնաս հասցրած նախկին քաղաքապետը՝ սպանություններով, գողություններով, ապօրինություններով ու կեղեքումներով հայտնի Վարդանիկը, մասնակցում է առաջիկա ընտրություններին»։ Նա Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելն ու ազատ արձակելը բեմականացում ու «Էժան շոու» է համարում։ Ըստ նրա, սա քաղաքական ֆարս է՝ պատրաստված իշխանական խոհանոցում։ Դիմելով իշխանությանը՝ Արման Բաբաջանյանը գրում է․ «Եթե սեփական թեկնածու նույնիսկ չունես, եթե քաղաքի զարգացման ծրագիր չունես, եթե պաշտոնավարումդ ձախողել ես, եթե վարկանիշ կատեգորիկ չունես, ի՞նչ ես անում՝ գտնում ես Վարդանիկին, խնդրում, որ առաջադրվի քաղաքապետի թեկնածու, հետո բեմադրում «մեծ» ձերբակալությունը, արագ բաց թողնում, և արդյունքում ստանում «ընդդիմադիր», որի պիտանելիությունը հենց այդքանով էլ ավարտվում է։ Այ, հիմա ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Դուք հենց Վարդանիկի նման «ընդդիմադիր» էլ արժանի եք։                       Բայց սպասեք… ամեն ինչ դեռ առջևում է»։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

Comments Are Closed!!!