Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Գյումրիում ընտրողների թիվը կազմում է 112160 https://www.elections.am/Elections/LocalProportional։
ԿԸՀ-ն այս մասին տեղեկացնում է՝ հղում տալով ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիական ծառայության պետ Նելլի Դավթյանի՝ 21․02․2025թ․-ի պաշտոնական գրությունը՝ ուղղված ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանին։
«Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տեղեկացվում է, որ 30․03․2025թ․-ին կայանալիք Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով անցկացվող արտահերթ ընտրությունների ընտրողների թիվը կազմում է 112160»,-գրված է ՆԳՆ-ի պաշտոնական գրության մեջ։
Նկատենք, որ 2021 թվականին Գյումրու ՏԻՄ ընտրություններում ընտրողների թիվը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տեղեկատվության, կազմում էր 109.453 ընտրող։
Ստացվում է, որ Գյումրիում 2707-ով ավելացել է ընտրողների թիվը։
Ի դեպ, ՀՀԿ խորհրդի անդամ, Գյումրու նախորդ ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը հրապարակային դիմել է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիական ծառայությանը՝ խնդրելով պարզաբանել, թե ո՞ւմ հաշվին է ավելացել Գյումրիում ընտրողների թիվը, արդյո՞ք ընդգրկվել են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, թե՞ տարբերությունը կապված է այլ հանգամանքներով։
Նրա կարծիքով՝ սա ողջամիտ կասկած է առաջացնում, քանի որ մի կողմից Գյումրիում նկատելի է ժողովրդագրական ցուցանիշների նվազում, մյուս կողմից էլ ընտրողների թվի աճ։
Հարցադրմանը դեռ պաշտոնական պարզաբանում ներկայացված չէ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com