Այսօրվանից պաշտոնապես մեկնարկեց Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը, որը կտևի 14 օր, մինչև ամսի 28-ը, ժամը 24․00-ն։ Ամիս 29-ին կլինի լռության օր, իսկ 30-ին հանրապետության երկրորդ քաղաքի բնակիչները կկատարեն իրենց ընտրությունը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի նախընտրական ցուցակը բաղկացած է 99 հոգուց և որի կազմում է նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Շիրակի մարզից ընտրված պատգամավորներ, քարոզարշավը սկսեց ցուցակը գլխավորող թեկնածուի՝ Սարիկ Մինասյանի բնակության վայր՝ «Գծի հետև» թաղամաս այցելելով։
Թաղեցիների հետ հանդիպումից ջերմ լուսանկարներ հրապարակելով՝ «Սարի պես Գյումրու թիկունքին» կարգախոսն ընտրած քաղաքական ուժը խոստանում է այցելել քաղաքի բոլոր թաղերը ու պատմել իրենց նախընտրական ծրագրի մասին։
Ի տարբերություն ՔՊ-ի, երեք քաղաքական ուժեր՝«Եվրադաշինքը», « Մեր քաղաքը» դաշինքն ու «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագիրը։
Գյումրու «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի» դահլիճում «Եվրադաշինքը» բավական մանրամասնորեն ներկայացրեց 12 գլխից բաղկացած իր նախընտական ծրագիրը՝ խոսելով քաղաքի կարևորագույն խնդիրներից ու լուծման ուղիներից, ֆինանսական միջոցներ ձեռք բերելու բոլոր հնարավոր տարբերակներից։
«Ձեր Լևոնը․ Գյումրու արժանապատվության ընտրություն» կարգախոսով հանդես եկող քաղաքական ուժի քաղաքապետի թեկնածու, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը հիշեցրեց, որ ինքը և իր թիմակիցները երբեք չեն սպասել, որ ընտրությունները մոտենան, նոր միայն խոսեն քաղաքի խնդիրներից ու լուծումներից։
Նա ասաց, որ իրենց թիմը չունի այնպիսի անցյալ, որի համար պիտի ամաչեն։
Լևոն Բարսեղյանը իրենց ծրագիրը համարեց իրատեսական, որտեղ չկա ամբոխահաճություն կամ այնպիսի խոստումներ, որոնք հեքիաթներ են հիշեցնում։
«Ի՞նչ ենք մենք առաջարկում․ մենք հայտարարում ենք բաց կառավարում, հրապարակային, հաշվետու կառավարում, հանրությունը պիտի իմանա բյուջետային փողերի ծախսերի, հանրային միջոցների օգտագործման, գույքի և մնացած բաների օգտագործման ամբողջ պատմությունը, և որոշումները կայացվելու են այս ամենի հետ կապված։ Չի լինելու որևէ գաղտնի, կիսաթափանցիկ, քողարկված, համացանցում տեղ գտած մի այնպիսի տեղեկություն, որը գտնելու համար 20-25 տարի է պետք»,- ասաց թեկնածուն։
Ըստ նրա, հաշվետու ու մասնակցային կառավարում է լինելու, այսինքն՝ հաշիվ են տալու բոլոր որոշումների ու գործողությունների համար։
«Շատ հաճախ մեր ընտրողները տեղական ինքնակառավարմանը մասնակցել են ընտրությունից ընտրություն, գնացել են ընտրության կամ չեն գնացել։ Հինգ տարին անցել է, մատները մատներին չեն խփել, տեղյակ չեն եղել՝ ինչ է տեղի ունենում։Մեկ-երկու անգամ գուցե ջահելներից փորձել են մի հարցով դիմել համայնքապետարան, հաճախ քաշքշուկների մեջ են հայտնվել, մտածել են՝ մնա մյուս ընտրություններին ուրիշին կընտրեմ կամ ընդհանրապես չեմ ընտրի։
Մենք հանրության մասնակցության համար աշխարհում կիրառվող լավագույն գործիքները օգտագործելու ենք»,-հայտարարեց Լևոն Բարսեղյանը։
Նա անդրադարձավ նաև ընտրողների մասնակցության ցածր ցուցանիշին։
«Անցած ՏԻՄ ընտրություններին Գյումրիում մասնակցել է ընտրողների 24 տոկոսը, խիստ ցածր ցուցանիշ է, եթե չասեմ Հայաստանի համայնքային ընտրությունների շարքում մասնակցության ամենացածր ցուցանիշն է․ չորս հոգուց մեկն է գնացել ընտրության։ Չեմ բացառում, որ պատճառը եղել է նաև հետպատերազմյան ծանր ճգնաժամը, ինչպես նաև այն, որ մարդիկ հույս չեն ունեցել, նախկինից դասեր են քաղած եղել, ընտրակաշառք չի եղել։
Մեր ակնկալիքը և ջանքն այն է լինելու, որ քաղաքացիները մի քիչ ավելի պատասխանատու լինեն քաղաքի նկատմամբ, այդ օրը բազմոցին, հեռուստացույցի դեմ ժամանակ անցկացնելը վնասում է իշխանություն ձևավորելու գործընթացին։ Թևավոր խոսք կա, ասում են՝ վատագույն իշխանությունները ձևավորվում են ընտրությունների չմասնակցողների պասիվության պատճառով»,- ասաց Լևոն Բարսեղյանը։
Գյումրու «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի» դահլիճում համակիրների, աջակիցների համար իր ծրագիրը ներկայացրեց նաև «Մեր քաղաքը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը։ Քաղաքական այս ուժի ծրագիրը բավական ծավալուն է, այն ունի 86 կետ, 12 դրույթ։ Այս դաշինքը ընտրապայքարի է մտնում «Քաղաք, որին արժանի ես դո՛ւ» կարգախոսով։
«Ճիշտ քաղաք» կարգախոսն ընտրած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, ավագանու ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանը, ավագանու թեկնածուներ Գագիկ Ադամյանն ու Սեդա Խաչատրյանը մանրամասնեցին քաղաքի զարգացման իրենց տեսլականը։
«Միացի՛ր, որ փոխենք» կարգախոսն ընտրած « Մայր Հայաստան» դաշինքն էլ քարոզարշավը սկսեց Արցախից բռնի տեղահանված ու Գյումրիում ապաստան գտած արցախցիների հետ հանդիպումով, նրանց խնդիրները լսելով։ Հանդիպմանը մասնակցում էր Արցախի հերոս Կարեն Ջալավյանը՝ Քյոխը։
Այս դաշինքի քաղաքապետի թեկնածուն վաղը կներկայացնի իրենց նախընտրական ծրագիրը։
Հիշեցնենք, որ Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին մասնակցում են 9 քաղաքական ուժեր․ 6 կուսակցություններ և 3 դաշինքներ։
Դաշինքներից«Մայր Հայաստանը» գլխավորում է գործարար Կարեն Սիմոնյանը, «Մեր քաղաքը»՝ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, իսկ «Եվրադաշինքը»՝ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։
Ընտրությանը մասնակցող կուսակցություններն են՝ « Քաղաքացիական պայմանագիրը»՝ Գյումրու քաղաքապետի ժ/պ Սարիկ Մինասյանի, «Կոմունիստական կուսակցությունը»՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, « Իմ հզոր համայնքը»՝ պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը»՝ երգիչ Արտյոմ Թումանյանի, «Ապրելու երկիր» կուսակցությունը ՝ Գյումրու ավագանու նախկին անդամ Կարեն Մալխասյանի, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը՝ գործարար Արտյոմ Ղարաղազարյանի գլխավորությամբ։
Գյումրու ՏԻՄ ընտրություններին ընդհանուր հաշվով մասնակցում են ավագանու 372 թեկնածուներ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com