«Ականատես» դիտորդական առաքելությունը խնդրահարույց է համարում վարչական լծակների միջոցով իշխանական թեկնածուի դիրքերը բարելավելու փորձը։
Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իմ խնդրանքով պետական բյուջեի միջոցներով կհիմնանորոգվի Գյումրու Շիրակացի փողոցը։ Շնորհակալ եմ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին և Կառավարությանը»։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն իր հերթին հաստատել է, որ Սարիկ Մինասյանի առաջարկությամբ Շիրակացի փողոցի հիմնանորոգման հարցը ներառվել է պետական բյուջեի ֆինանսավորման ծրագրում և առաջիկայում կմեկնարկեն բուն շինարարական գործընթացի մրցութային փուլն ու շինաշխատանքները, ընդգծելով որ Շիրակացի փողոցը «շատ կարևոր, Գյումրիի համար կարևոր նշանակություն ունեցող փողոցներից մեկն է»։ https://www.facebook.com/reel/1319407252510400
Սակայն, ուշագրավ է, որ դեռևս 2024թ․ մայիսի 16-ին նույնաբովանդակ գրավոր ուղերձով https://shorturl.at/66Qy5
ՀՀ կառավարությանն էր դիմել Գյումրի համայնքի ավագանին՝ 26 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով https://shorturl.at/K4q8c (կետ 18)։
Ուղերձում Գյումրի համայնքի ավագանին «ակնկալում էր ՀՀ կառավարության անմիջական և գործուն աջակցությունն ու ներգրավվածությունը համայնքի և ՀՀ համար կարևորագույն նշանակություն ունեցող Ա․ Շիրակացի և Մ․ Խորենացի փողոցների հիմնանորոգման հարցում»։ Այս ուղերձին, սակայն, Կառավարությունը դրական արձագանք չի տվել, ի տարբերություն իշխանական թեկնածուի նույնաբովանդակ «խնդրանքին», որին ընտրությունների շրջանում անհապաղ դրական արձագանք է տրվել, ինչն ակնհայտորեն վարչական լծակների միջոցով նախընտրական մրցապայքարում վերջինիս դիրքերը խթանելու փորձ է։
ՏԻՄ կառավարումը ընտրությունների շրջանում պետք է ընթանա բնականոն կերպով, այն չպետք է ուղեկցվի վարչական ռեսուրսների այնպիսի կիրառմամբ, որն անարդար առավելություն է տալիս իշխող կուսակցությանը և թեկնածուներին իրենց մրցակիցների հանդեպ՝ այդպիսով խաթարելով ընտրական գործընթացներում հավասարության սկզբունքը, ինչպես նաև ընտրողի՝ կարծիք ձևավորելու ազատությունը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com