«Սարիկին շատ վրա չտաք․ զգացված եմ, ընկեր Ղուկասյան»․ ջերմ շփումներ՝ Գյումրու ավագանու նիստում

«Սարիկին շատ վրա չտաք․ զգացված եմ, ընկեր Ղուկասյան»․ ջերմ շփումներ՝ Գյումրու ավագանու նիստում

Այսօր տեղի ունեցավ Գյումրու նորընտիր ավագանու հերթական նիստը, որի օրակարգում 12 հարց էր՝ ավագանու մշտական գործող հանձնաժողովների նախագահների ու տեղակալների, ինչպես նաև համայնքապետի երկու տեղակալների ընտրության։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները, որոնք մինչ այդ բոյկոտել էր ավագանու նիստերը, ուշացած ներս մտան։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չկարողացավ թաքցնել զարմանքը․ ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի բարևին ի պատասխան՝ արձագանքեց․ «Համեցեք, նստեք, շեֆերը վերջում են գալիս, այ մարդ, Ստալինի քաղաքականությունն է»։

Ավագանու նիստն անցավ հանդարտ մթնոլորտում՝ առանց որևէ ավելորդ լարվածության։

ՔՊ խմբակցության 13 անդամներ էին եկել նիստին, ընտրեցին 4 մշտական հանձնաժողովների նախագահներ ու տեղակալներ։

4 մշտական հանձնաժողովներից 2-ի նախագահ ընտրվեց  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՔՊ֊ական Շավարշ Արամյանը, իրավական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահ էլ՝ այն նույն խմբակցությունից Էդգար Բաղդասարյանը։

Ֆինանսավարկային և տնտեսավարկային հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահ  ընտրվեց «Կոմունիստական» խմբակցության անդամ Գևորգ Ղուկասյանը։ Նա, ինչպես հայտնի է, Վարդան Ղուկասյանի ավագ եղբոր թոռն է։ Ի դեպ, նա միաձայն ընտրվեց․  անգամ ՔՊ-ականներից որևէ մեկը դեմ չեղավ։

Մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահ էլ ընտրվեց ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Սվետլանա Ադամյանը։

Այնուհետ տեղի ունեցան համայնքապետի երկու տեղակալների ընտրությունը։

Համայնքապետի առաջին տեղակալ ընտրվեց Ավետիս Առաքելյանը՝ Վարդան Ղուկասյանի դստեր ամուսինը, որը ժամանակին եղել է ոստիկանության աշխատակից, այնուհետ դուրս է եկել ու աշխատել «Գազպրոմում»` որպես ճարտարագետ-չափագետ։ Երկրորդ փոխքաղաքապետ ընտրվեց Գագիկ Մանուկյանը, որը 10 տարի եղել է Վարդան Ղուկասյանի տեղակալը։

Երկու փոխքաղաքապետերն էլ ընտրվեցին 17 կողմ, 13 ձեռնպահ ձայներով։ ՔՊ-ականները ձեռնպահ քվեարկեցին։

Վարդան Ղուկասյանը իր փեսայի ընտրության մասին ասաց․ ««Կապ չունի՝ իմ փեսան է, ես շատ պատասխանատու եմ, իրենից ավելի շատ եմ պահանջելու, քան որևիցե մեկից․ ինձ հետ աշխատելը և՛ հեշտ է, և՛ դժվար․ ես շատ խիստ եմ լինելու յուրաքանչյուր հարցի վերաբերյալ»։

Գագիկ Մանուկյանին ներկայացնելիս էլ՝ Վարդան Ղուկասյանն հիշեցրեց, որ իր դեմ մահափորձ կատարելու ժամանակ նա ևս իր հետ էր, վնասվածքներ էր ստացել։

Վարդան Ղուկասյանն ավագանու նիստը եզրափակելիս՝ ասաց․ «Ես շատ խիստ եմ իմ նկատմամբ, որ եկել եմ, գիտեմ ինչ պիտի անեմ, հավատացեք։ Որ նայում են, էնքան բան կա անելու ու կարելի է անել, կտեսնեք, որ կանենք։ Չենք սպառվել, ավյունը կա, եռանդը կա, հայրենիքը սիրում ենք, քաղաքը՝ շատ։

Հայրենասիրությունը գալիս է փողոցից, ազգանունից,  քաղաքից։ Անելու շատ գործ ունենք, հավատացեք, կաող ենք անել, դիմացը շատ լուրջ բաներ են սպասվում․ ոչ միայն պետության վրա ենք հույս դնելու, կտեսնեք, որ կողքից իմ կապերով ինչքան ներդրումներ եմ բերելու Գյումրի»։

Նա նշեց, որ իր սկզբունքն է․ «Մարդկանց տունը չքանդել, սարքել» ու  նաև ասաց, որ իրեն թշնամի են համարում, բայց ինքը հայ ազգի մեջ թշնամիներ չունի, իր թշնամին թուրքն ու ադբերջանցին են։

«Հայը, եթե դարձի է գալիս, ինձ համար եղբայր է, եկեղեցին տալիս է ապաշխարության կանոնները։ Անսխալական, անթերի մարդ չկա․ ինձանից սկսած՝ բոլորով վերջացրած։ Ես խնդրում եմ, որ այդ աչքերով ինձ նայեք և կտեսնեք, որ ամեն ինչ լավ կլինի»,-ասաց Վարդան Ղուկասյանը։

Ավագանու նիստից հետո  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը ճեպազրուցում ունեցավ լրագրողների հետ՝ նշելով, որ իրենք կմասնակցեն այն բոլոր նիստերին, որոնք քաղաքի բնականոն զարգացման համար կլինեն։ Միևնույն ժամանակ հիշեցրեց, որ վերահսկելու են պաշտոնյաների գործունեությունը։

«Ինչպես ընկեր Ղուկասյանը նշեց, ասեց, որ մենք ընկերով պիտի խոսենք, ինչպես ինքն է խիստ լինելու, կրկնակի անգամ մենք ենք խիստ ու հետևողական  լինելու, որպեսզի պաշտոնյաները իրենց լիազորությունները և պարտականությունները իրականացնեն պատշաճ՝ օրենքին համապատասխան և ծառայեն գյումրեցիներին»,-ասաց Սարիկ Մինասյանը։

ՔՊ-ն կկազմի՞ արդյոք կոալիցիա  «Կոմունիստական կուսակցության» հետ, Սարիկ Մինասյանը պատասխանեց․ «Ես ուր, կումունիզմը՝ ուր»։

Անդրադառնալով իրեն պաշտոնի նշանակելու մասին հրապարակվող տեղեկություններին՝ Սարիկ Մինասյանն ասաց․ «Հիմա էստեղ եմ, ասել եմ՝ իմ մանդատը վերցնելու եմ, որևիցէ պաշտոնի չեմ հավակնում, ամենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ 17 հազար200 ձայն ունեցող խմբակցություն և անձնավորություն եմ, իմ համար դա Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պաշտոնն է»։

Ի դեպ, միջանցքում, որտեղ հարցազրույց էր տալիս Սարիկ Մինասյանը, ջերմ զրույց տեղի ունեցավ նրա ու Վարդան Ղուկասյանի միջև։ Աստիճաններով իր առանձնասենյակ բարձրացող Վարդան Ղուկասյանը, տեսնելով Սարիկ Մինասյանին, լրագրողներին կատակով հորդորեց․ «Սարիկ Մինասյանին շատ վրա չտաք»։ Սարիկ Մինասյանն էլ պատասխանեց․ «15 րոպե է՝ չեն թողնի, շնորհակալ եմ, զգացված եմ ընկեր Ղուկասյան»։

Սարիկ Մինասյանը նաև ասաց, որ թեև Վարդան Ղուկասյանին «կոնյակ, բամբաներկով» չի եկել շնորհավորելու, բայց նորմալ բարևել է։

«Մենք բոլորս հայ ենք, գյումրեցի ենք, ո՞նց կարող ենք չբարևել»,-ասաց նա։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Comments Are Closed!!!