Այսօր վաղ առավոտից Գյումրու թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում մի աղմկոտ պատմություն էր սկսվել․ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի՝ «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամներից մեկի՝ գործարար Կարեն Բադալյանի ավագանու մանդատից հրաժարվելը, այնուհետ փոշմանելը դարձել էր տարբեր մեկնաբանությունների առիթ։
«Մեր քաղաքը» դաշինքի փաստաբան Սոս Հակոբյանի ասելով՝ այս ամենը կատարվել է քաղաքական ճնշումների ներքո․ ըստ նրա, իշխանությունը փորձեր է անում Կարեն Բադալյանի միջոցով մանդատ գողանալ՝ հետագայում Գյումրիում իշխանափոխություն իրականացնելու նպատակով։
Փաստաբանը պնդում էր, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հանցավոր անգործություն է ցուցաբերում, իր խոսքերով ասած՝ իշխանության ջրաղացին ջուր լցնում։
Սոս Հակոբյանին նման կերպ արտահայտվելու առիթ տվել էր այն, որ հանձնաժողովը, ստանալով համայնքապետի գրությունը Կարեն Բադալյանի մանդատից հրաժարվելու մասին, նիստ չէր գումարել ու արձանագրություն չէր կազմել, ըստ էության՝ նրա լիազորությունները չէին դադարել։
Մինչդեռ, ըստ փաստաբանի, Կարեն Բադալյանի լիազորությունների դադարումը արձանագրելուց հետո, նա ըստ օրենքի, իրավունք չունի իր դիմումը հետ վերցնելու։
«Ոչ մի իրավական ասպեկտ չկա․ ո՛չ ՏԻՄ օրենքով, ո՛չ Ընտրական օրենսգրքով, ո՛չ էլ այլ իրավական ակտերով հնարավորություն հրաժարվելու սեփական դիմումից, հատկապես, երբ որ արձանագրվել է դիմումը, լիազորությունները դադարել են։
Ո՞րն է այստեղ ամենամեծ մանիպուլյացիան․ ավագանու անդամի լիազորությունների դադարումն արձանագրելու հիմքը տվյալ անձի դիմումն է՝ ուղղված համայնքի ղեկավարին և համայնքի ղեկավարի արձանագրությունն է, որի հանձնաժողով հասնելը ու մուտք լինելը, ոչ մեկը չի հերքում։ Հաջորդ օրը՝ ապրիլի 22-ին ուղարկվել է, և մեր տեղեկությամբ, հենց ապրիլի 22-ին մուտքագրվել է հանձնաժողովում, որի հիմքով էլ պիտի արձանագրությունը կազմվեր։
Հետո էդ մարդը գնացել է տուն, սուրճ է խմել, մի երկու օր անցել է, ճնշումներ է ենթարկվել, թե այլ մոտիվացիա ունի նամակներ գրելու, որ ցանկանում է խմբակցությունից դուրս շարունակել ավագանի լինել, այդ ամենը օրենքից դուրս է»,- ասում էր փաստաբանը։
Փաստաբանը, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանին չհանդիպելով հանձնաժողովում, հեռախոսազրույց ունեցավ նրա հետ և տեղեկանալով, որ նիստ չեն հրավիրելու, լրագրողների հետ զրույցում մեկ անգամ ևս բարձրաձայնեց, թե հանձնաժողովը ևս լծված է իշխանությունների կամքը կատարելու։
Ըստ նրա, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ընդամենը յոթ օր ունի, որ համայնքի ղեկավարից ստանալով արձանագրությունը՝ կազմի իր արձանագրությունը։ Ժամկետները լրացել են, սակայն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը չի կատարել իր գործառույթը։
Ավելին, «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկացել են, որ Կարեն Բադալյանը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել համայնքի ղեկավարի արձանագրությունը, որով հաստատվել է իր հրաժարականը։
Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստը նշանակվեց ժամը 18․00-ին, հանձնաժողովը, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի ապրիլի 22-ի արձանագրությունը՝ Կարեն Բադալյանի լիազորությունները դադարեցնելու մասին, արձանագրեց՝ դադարեցնել այն ու մանդատը փոխանցել «Մեր քաղաքը» դաշինքի հաջորդ թեկնածուին՝ ՀՀԿ-ական Նարեկ Միրզոյանին։
Տիգրան Ղազարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենց մեղադրանքներ ներկայացնողները լավ կանեն մարդու դեմքին նայելով՝ մեղադրեն, ոչ թե շոու սարքեն, թողնեն, գնան։ Ըստ նրա, հանձաժողովն անկախ է, իսկ ինքը երբևէ կուսակցության անդամ չի եղել, բոլորի հետ էլ լավ հարաբերությունների մեջ է Գյումրիում։
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com