Գյումրու Ավագանու դեկտեմբերի 17-ի նիստում քննարկվելու է հանրային բաց լսումների կամ քննարկումների կազմակերպման եւ անցկացման, դրանց վերաբերյալ Գյումրու Ավագանուն տեղեկատվություն տրամադրելու կարգը հաստատելու որոշման նախագիծ: Համաձայն այդ նախագծի` հանրային քննարկումների կազմակերպումը եւ իրականացումը ֆինանսավորվելու է տվյալ տարվա Գյումրի համայնքի բյուջեով նախատեսված հատկացումներից, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից: Հանրային քննարկումների իրականացման ժամկետն առնվազն 15 օր է, եթե Գյումրու քաղաքապետի որոշմամբ չի սահմանվել առավել երկար ժամկետ:
Համաձայն ընթացակարգի` Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական կայքում (gyumricity.am) հրապարակվելու է հանրային քննարկումների հրավեր, որը պետք է պարունակի քննարկումների իրականացման տեսակի, վայրի, ժամի, ժամկետների, քննարկման թեմայի, նաեւ հանրային քննարկմանը մասնակցելու համար շահագրգիռ անձանց կողմից ներկայացվող դիմումների ընդունման վերջնաժամկետի (եթե նման դիմում ներկայացնելն անհրաժեշտ է) մասին տեղեկություններ: Ընդ որում, դիմումների ընդունման վերջնաժամկետը չի կարող պակաս լինել, քան հանրային քննարկումների հրավերի հրապարակման պահից տասը օրը: Գյումրու համայնքի ղեկավարի որոշմամբ, հաշվի առնելով հարցի կարեւորությունը, հանրային քննարկումների հրավերը կարող է հրապարակվել նաեւ ԶԼՄ-ներով եւ ժամանակակից հեռահաղորդակցման այլ միջոցներով: Հանրային քննարկումներ իրականացնելու նպատակով հանրային քննարկումների հրավերը հրապարակելու հետ մեկտեղ, Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակվում է իրավական ակտի նախագիծը, իրավական ակտի ընդունման հիմնավորումը, նաեւ Գյումրի համայնքի ղեկավարի որոշմամբ սահմանված այլ նյութեր:
Ընթացակարգի համաձայն` լսումների անցկացումը պարտադիր է Գյումրու զարգացման քառամյա ծրագրի, նաեւ Գյումրի համայնքի տարեկան բյուջեի նախագծերի քննարկման դեպքում:
Հանրային քննարկումների արդյունքում՝ քննարկման դրված հարցերի առնչությամբ ստացված յուրաքանչյուր առաջարկության ու դիտողության վերլուծության, նաեւ դրանց ամփոփման հիման վրա Գյումրու համայնքի ղեկավարը կարող է կատարել նախագծի անհրաժեշտ լրամշակումներ:
Ա. Մկրտչյան asparez.am