Այսօր կայացած Գյումրու ավագանու արտահերթ նիստի օրակարգի կարևոր հարցերից մեկը քաղաքի հնգամյա զարգացման ծրագրի հաստատումն էր։ Ծրագրի շուրջ բուռն քննարկում տեղի ունեցավ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը փաստաթուղթը համարեց գեղեցիկ շարադրված, սակայն նկատեց՝ Յուրի Վարդանյանի անվան պուրակի հիմնումը ներառված է ծրագրում, բայց հողամասը օտարված է։ «Այդ օտարված հողամասի վրա նախկին իշխանությունները սուբվենցիոն ծրագրով իրականացրել են բարեկարգման, կառուցապատման ծրագիր, հիմա կիսատ է մնացել, էդ հողը, եթե չեմ սխալվում 2005 թվին է օտարվել։
Այսինքն էստեղ խնդիր կա, մենք ներառել ենք ծրագրում, բայց հողն օտարված է, սեփականության իրավունքով պատկանում է ֆիզիկական անձի, մենք կառուցում ենք պուրակ»,-նշեց Սարիկ Մինասյանը։ Անդրադառնալով սպորտդպրոցներին, երաժշտական դպրոցներին, նա նաև նշեց, որ դրանց 80 տոկոսը քայքայված է, անմխիթար վիճակում է գտնվում և առաջարկեց զարգացման ծրագրում նշել, թե կոնկրետ որ տարում՝ քանի դպրոց են վերանորոգելու։ «Մեր քաղաքը վերջին տարիներին տուրիզմի զարգացման ուղու վրա է, այլ հետաքրքրություններ է պետք ստեղծել, որ մարդիկ գան Գյումրի, այդ առումով շատ թույլ, կոնկրետ թիրախային բաներ չտեսանք»,- շեշտեց Սարիկ Մինասյանը։ Նա նաև նշեց, որ պիտի ներառել՝ ինչպիսի ծրագրեր ենք ունենալու քաղաքի տրանսպորտային պարկը, ավտոբուսնեը թարմացնելու համար։
Սարիկ Մինասյանի հարցադրումներին անձամբ պատասխանեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Յուրի Վարդանյանի պուրակը հետ կապված Վարդան Ղուկասյանը նշեց, որ հետևողական կլինեն ու տվյալ քաղաքացու հետ հարցը կլուծեն, հայտարարի կգան։ Իսկ սպորտդպրոցների, մանկապարտեզների անմխիթար վիճակի հետ կապված Վարդան Ղուկասյանն ասաց․ «Գյումրի քաղաքի բյուջեն առ ոչինչ է, հանրապետական բյուջեից պետք է մասհանումներ անեն շատ լուրջ գումարներ, որպեսզի Գյումրին կարողանա գոյատևել։ 37 տարի մենք ասում ենք՝ ամենաանապահով խավն ապրում է Գյումրիում, երկրի բյուջեից 2026 թվականին նախատեսել են 4 միլիարդ 550 միլիոն, ինչքան գիտեմ, դոտացիայի մասով, որը շատ քիչ է։Կարելի է հնգամյա ծրագրի մեջ էնքան բան առաջարկել, բայց գումարների մասին պիտի ասենք՝ որտեղից։ Դրա համար ես հիմա դիմել եմ ՀՀ վարչապետին, Ազգային ժողովի խմբակցություններին՝ դիմություն, ընդդիմություն, որ կարողանան որոշակի մասհանումներ անեն աղետի գոտու՝ հենց Գյումրի քաղաքի նկատմամբ մանավանդ»,-ասաց Վարդան Ղուկասյանը։
Ավագանու գրեթե բոլոր խմբակցությունների ղեկավարներն ու անդամները քննադատեցին քաղաքի զարգացման հնգամյա ծրագիրը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ արտահայտվեց նախագծին` այն համարելով բավական թույլ։
«Մեր քաղաքը» դաշինքը ևս հայտարարեց, որ դեմ է քվեարկելու։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը այն հանեց օրակարգից՝ լրամշակելու, առաջարկություններն ու դիտարկումները տասնօրյա ժամկետում ներառելու ու նոր միայն ավագանու հաստատմանը ներկայացնելու համար։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com