Եկամուտների հայտարարագրերը նախալրացնելու է ՊԵԿ-ը, չլրացնելու համար քաղաքացին պատասխանատվության չի ենթարկվի

Եկամուտների հայտարարագրերը նախալրացնելու է ՊԵԿ-ը, չլրացնելու համար քաղաքացին պատասխանատվության չի ենթարկվի

Գործադիրն այսօր հավանություն տվեց եկամուտների հայտարարագրման գործընթացի փոփոխությունների մասին ԱԺ ՔՊ խմբակցության հեղինակած նախագիծը։

Նախագծի հիմնական փոփոխություններով, ինչպես ներկայացրեց  ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, նախատեսվում է հայտարարագրերը նախագծելու կամ նախալրացնելու է ՊԵԿ-ը, հայտարարատուներին տրամադրվելու է բավական ժամանակ՝ մուտք գործելու ՊԵԿ համակարգ եւ ստուգելու հայտարարագրի ամբողջականությունն ու ճշտությունը եւ ըստ անհրաժեշտության կատարելու անհրաժեշտ լրացումներ կամ փոփոխություններ։

Ըստ փոխնախարարի՝ եթե չկա փոփոխությունների եւ լրացումների անհրաժեշտություն, ապա հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետին, որը սովորական կանոնի համաձայն՝ հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ն է, հայտարարագիրը կհամարվի ներկայացված։

Պողոսյանի խոսքով․«Քանի որ մենք գործնականում չենք ունենալու հայտարարագրի չներկայացման դեպք, նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքից հանել հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախատեսված պատասխանատվության միջոցը, որն առաջին դեպքում նախազգուշացում էր, երկրորդ դեպքում՝ տուգանք։  Բայց բոլոր այն հայտարարատուները, որոնք ունեն առողջապահության կամ կրթության գծով սոցիալական ծախսեր հետ ստանալու իրավունք եւ ցանկություն ունեն իրացնել իրենց այդ իրավունքը, պետք է մուտք գործեն էլեկտրոնային կառավարման համակարգ եւ էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնեն իրեն համար նախագծված հայտարարագիրը»։

Այս գործընթացում որպեսզի հարկային մարմինը կարողանա հնարավորինս ամբողջական եւ որակյալ տեղեկատվություն զետեղել հայտարարագրի նախագծում, ըստ Պողոսյանի, նախատեսվում է ընդլայնել երրորդ անձանց կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկատվության շրջանակը․«Խոսքն այստեղ կարող է լինել օրինակ բնակչության պետական ռեգիստրի կողմից ներկայացվող տեղեկատվությանը կամ ֆիզիկական անձի սահմանահատման կամ Հայաստանում գտնվելու օրերի քանակի մասին։ Ինչո՞ւ, որովհետեւ միայն ռեզիդենտներն են, որոնք ներկայացնում են հայտարարագիր։ Եվ այստեղ կարիք կա պարզելու, արդյոք նա 183 օր տարվա ընթացքում գտնվել է ՀՀ-ում»։

Նա ասաց, որ նաև նախատեսվում է կառավարությանն իրավասություն վերապահել որոշ եկամտատեսակներ սահմանելու համար, այն եկամտատեսակների, որոնք հայտարարագրման ենթակա չեն լինի կամ եկամտատեսակներ, որոնք հայտարարագրման ենթակա կլինեն որոշակի շեմը գերազանցելու դեպքում միայն․«Ադպիսի եկամուտները կարող են լինել, օրինակ, ներգրավված միջոցները՝ փոխառությունների, վարկերի տեսքով եւ այլն»։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Comments Are Closed!!!