Քննարկվեց, բայց օրակարգ չմտավ կառավարությանը դատական հայց ներկայացնելու հարցը

Քննարկվեց, բայց օրակարգ չմտավ կառավարությանը դատական հայց ներկայացնելու հարցը

Գյումրու ավագանու հերթական նիստի գլխավոր հարցը վերաբերում էր ՀՀ կառավարությանը դատական հայց ներկայացնելու քաղաքապետարանի նախագծին։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը տեղեկացրեց, որ մտադիր են մի քանի հայցերով դիմել սահմանադրական դատարան։ Հայցերից մեկով, պահանջ է ներկայացվում կառավարությանը․ գյումրեցիների կողմից պետական բյուջե մուտքագրվող շահութահարկից և եկամտահարկից մասհանումներ արվեն տեղական բյուջե։

Ըստ Ղուկասյանի, փաստացի, պետությունը քաղաքից տանում է շուրջ 90 մլրդ դրամ գումար, սակայն քաղաքին վերադարձնում է դրա աննշան մասը։ Նրա տեղեկացմամբ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանի գլխավորությամբ տնտեսագետների հատուկ խումբ է ստեղծվել, ուսումնասիրություններ են արել, համաձայն որոնց՝ Գյումրի քաղաքից տարեկան հավաքագրվում է 85 մլրդ դրամ, բայց քաղաքապետարանին տրվում է ընդամենը 4 մլրդ դրամ դոտացիա։ Ղուկասյանի դիտարկմամբ, մարդիկ դիմում են համայնքապետարաններին, բայց տեղական իշխանությունները ունեցած բյուջեներով չեն կարողանում նույնիսկ նրանց նվազագույն հարցերը լուծել։

Պետական բյուջե մուտքագրվող հարկերից տեղական բյուջե մասհանումներ կատարելու դեպքում, քաղաքապետարանը պատրաստ է գյումրեցի թոշակառուների, բուժաշխատողների, մանկավարժների և այլ կառույցների աշխատակիցների աշխատավարձերը կրկնակի, անգամ եռակի ավելացնել, նաև պարտավորվում է տնակներում բնակվողների օթևանության խնդիրը լուծել տեղական բյուջեի հաշվին։

Հաշվարկների համաձայն, Գյումրու դոտացիան պետք է ոչ թե 4 մլրդ լիներ, այլ 27 մլրդ 500 մլն դրամ։ Ղուկասյանի կարծիքով, սոցիալապես ամենաանապահով խավը Գյումրիում է ապրում, կենտրոնական իշխանությունը բացի ասֆալտից, այլ գործ չի արել քաղաքում։ Չնայած քաղաքապետը կարող էր դատարան դիմել առանց ավագանու քվեարկությանը ներկայացնելու, սակայն հարցը օրակարգ չմտավ։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Comments Are Closed!!!