Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվել է: Հոկտեմբերի 20-ից Հակակոռուպցիոն դատարանը քննում էր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդությունը, լսումներն ավարտվել են գրեթե լուսադեմին։ Հակակոռուպցիոն կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ Գյումրի համայնքի ղեկավարի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում հոկտեմբերի 20-ին Գյումրու քաղաքապետարանում իրականացվել էին քննչական գործողություններ: Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Դիմակավորված ուժայինները, հատուկ գործողություն իրականացնելով, Գյումրիի քաղաքապետարանի հետնամուտքից դուրս էին հանել, ձերբակալել ու տարել քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Նրան տեղափոխել էին Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։

Ոստիկանական գործողությունների ժամանակ բախումներ են եղել Ղուկասյանի աջակիցների ու ոստիկանների միջև: Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Գյումրու քաղաքապետարանի մոտից ձերբակալվել և Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ է տեղափոխվել 23 անձ։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Comments Are Closed!!!