Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը, որոնք միտված են ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի պարզեցմանն ու կատարելագործմանը։
Ներդրվելու է ֆիզիկական անձանց եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) նախալրացման և ավտոմատ ներկայացման նոր մեխանիզմ։ Փոփոխությունների համաձայն.
Հարկային մարմինը, իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա, նախալրացնելու է ֆիզիկական անձանց եկամտային հարկի տարեկան հայտարարագրերը։
Եթե ֆիզիկական անձը սահմանված ժամկետում փոփոխություններ չկատարի, հայտարարագիրը կհամարվի ներկայացված՝ առանց լրացուցիչ գործողությունների։ Միաժամանակ, ֆիզիկական անձը կարող է փոփոխել նախալրացված հայտարարագիրը և այն էլեկտրոնային ստորագրությամբ ներկայացնել հարկային մարմին։
Սոցիալական ծախսը ենթակա կլինի փոխհատուցման միայն այն դեպքում, եթե ֆիզիկական անձը հարկային մարմին ներկայացնի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը։
Հայտարարագրման ենթակա չեն լինելու ընտանիքի անդամներից ստացվող՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտները։ Ընդ որում, տվյալ դրույթի մասով ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները, քույրերը, եղբայրները, զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները), պապերը, տատերը և թոռները:
Օրենքով եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) չներկայացնելու համար սահմանված վարչական պատասխանատվությունը հանվում է։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com