Գյումրիում բացվեց հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան

Գյումրիում բացվեց հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան

Ողջունելով և շնորհավորելով ներկաներին հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի բացման առիթով` Շիրակի մարզպետը նշել է, որ ակադեմիայի բացումը ևս մեկ քայլ է հայ-շվեյցարական հարաբերությունների ամրապնդման գործում։

«Հիանալի է, երբ այսպիսի իրադարձության ենք ներկա, երբ մեր գործընկերների հայացքը դեպի Գյումրի միայն զբոսաշրջությամբ չէ որ ուղղված է, այլև կրթությամբ։ Մենք պատրաստ ենք ջանք չխնայել, որ այս ծրագիրն իրականություն դառնա առավել մեծ մասշտաբներով, որ Լոզանի համալսարանի քարտեզում Գյումրին առանձնահատուկ տեղ ունենա։ Շատ ճիշտ որոշում է կայացվել ակադեմիան Գյումրիում բացելու, քանի որ Գյումրին հյուրասիրության, մշակույթի, արվեստի, հյուրընկալության կենտրոն է։ Վստահ եմ` մեր աշակերտները դասախոսներից կվերցնեն առավելագույնը, բայց նաև համոզված եմ, որ հետագայում Լոզանի համալսարանից եկածները Գյումրու հյուրընկալությունից բան կվերցնեն։ Մեզ համար պատիվ է այսքան հյուրեր ընդունել Գյումրիում և մեծ պատիվ է, որ Գյումրին աշխարհի քարտեզում ևս մեկ նշանակալից կետով է նշվել»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։

Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան` SAAH-ը հիմնվել է աշխարհի առաջատար հյուրընկալության կառավարման կրթական հաստատության՝ Լոզանի հյուրընկալության դպրոցի հետ համագործակցությամբ։

Ակադեմիան լիցենզավորված է աշխարհի թիվ մեկ հյուրընկալության կառավարման դպրոցի՝ VET by EHL-ի կողմից։ 18 տարին լրացած բոլոր անձինք՝ երիտասարդ կամ մեծահասակ, կարող են ստանալ շվեյցարական որակի մասնագիտական կրթություն Հայաստանում, ինչը նոր հեռանկարներ է բացում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային աշխատաշուկայում։ Ակադեմիան առաջարկում է ուսուցում երեք մասնագիտություններով՝ խոհարարական արվեստ, ռեստորանային սպասարկում, հյուրանոցային ադմինիստրացիա։

9881573f-f9cd-4414-9bab-40db35e174a2

Յուրաքանչյուր մասնագիտական ուղի ներառում է հավաստագրման երեք մակարդակ՝ հիմնական (I), միջին (II) և առաջատար (III)։ Յուրաքանչյուր մակարդակի տևողությունը 6 ամիս է, աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելով՝ 3 ամիս ուսում + 3 ամիս գործնական աշխատանք: Ակադեմիայում դասավանդում են VET by EHL կողմից հավատարմագրված և վերապատրաստված առաջնակարգ մասնագետներ, ուսուցումը հնարավոր է լրիվ կամ մասնակի կրթաթոշակներով։

Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան տեղակայված է Գրանդ հոթել Ապրիկոտ Գյումրիում։ Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան հիմնադրվել է 2025 թվականին՝ բարերար Վահե Գաբրաշի և Հայկական բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ։ Ակադեմիայի առաքելությունն է ապահովել միջազգային մակարդակի, գործնական հմտությունների վրա հիմնված հյուրընկալության կրթություն՝ համադրելով շվեյցարական գերազանցության փորձն ու Հայաստանի զարգացող ծառայությունների և զբոսաշրջության ոլորտների պահանջները։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

Comments Are Closed!!!