Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը Antifake-ի ներկայացուցիչների կալանավորման առնչությամբ

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը Antifake-ի ներկայացուցիչների կալանավորման առնչությամբ

Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել Antifake-ի ներկայացուցիչների կալանավորման առնչությամբ՝  ԱԱԾ-ի լայնածավալ գործողությունները որակելով որպես իշխանությունների կողմից կիրառված անհամաչափ ուժ և բիրտ ճնշում ընդդիմադիր մեդիայի նկատմամբ։

«Երեկ՝ նոյեմբերի 13-ին, ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են AntiFake.am կայքի «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ և վարողներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին։ Ավելի ուշ նրանք դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել են։ Պատճառը նոյեմբերի 7-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցին հաջորդած՝ նշյալ փոդքասթի երկու թողարկումներում Սաղաթելյանի և Սամսոնյանի հնչեցրած հայհոյանքն ու վիրավորանքներն են վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և իշխանության այլ ներկայացուցիչների հասցեին։

Հետապնդումը նախաձեռնվել է Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Ըստ Քննչական կոմիտեի՝ գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):

Նույն օրը ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել AntiFake.am կայքի գրասենյակում, առգրավել է խմբագրության տեխնիկան, ապա՝ ձերբակալել լրագրող Դավիթ Ֆիդանյանին՝ արդարադատությանը խոչընդոտելու պատճառաբանությամբ։ Այսօր արդեն՝ նոյեմբերի 14-ին, իրավապահները ձերբակալել են նաև AntiFake.am-ի աշխատակից Իշխան Խոսրովյանին, որը մի քանի ժամ անց ազատ է արձակվել։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, անթույլատրելի ենք համարում իշխանությունների կողմից այս անհամաչափ ուժի և բիրտ ճնշումների կիրառումը, որն արտահայտվել է ԱԱԾ-ի ներգրավմամբ ցուցադրական գործողություններով, բուն խնդրի հետ ուղիղ կապ չունեցող՝ AntiFake.am-ի այլ աշխատակիցների ձերբակալմամբ և խմբագրության ողջ տեխնիկայի առգրավմամբ, ինչը հանգեցրել է ընդդիմադիր հարթակի գործունեության խաթարման։ Այս գործողությունները դատապարտելի են և հարիր չեն ժողովրդավարությանը ձգտող պետությանը։

Միևնույն ժամանակ, սկզբունքորեն անընդունելի ենք համարում և դատապարտում ենք հայհոյախոսությունն ու վիրավորանքը հանրային տիրույթում, մասնավորապես՝ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում։ Վերջին տարիներին լայնորեն տարածված արատավոր այդ երևույթը, որը հաճախ անպատիժ է մնում, էլ ավելի է խորացնում հասարակության պառակտվածությունն ու բևեռացումը, սերմանում անհանդուրժողականություն և սանձարձակություն։ Անկասկած, հայհոյանքն ու վիրավորանքը, ատելության խոսքն ու սպառնալիքները պետք է ստանան իրավական գնահատական։ Դրանք անհամատեղելի են հասարակության հետ հաղորդակցվելու տարրական նորմերի հետ։

Հաշվի առնելով վերոհիշյալ իրադարձությունների հանրային լայն արձագանքը՝ պահանջում ենք․ իրավապահ մարմիններից՝ զերծ մնալ ընտրողական մոտեցումից վիրավորանքների և հայհոյախոսության համար անձանց պատասխանատվության ենթարկելիս, իսկ տվյալ գործի քննությունն իրականացնել համակողմանի և օբյեկտիվ՝ պարբերաբար տեղեկացնելով հասարակությանը դրա ընթացքի և արդյունքների մասին, իշխանություններից, քաղաքական բոլոր ուժերից, այդ թվում՝ դրանց հետ ասոցացվող լրատվամիջոցներից, հանրային խոսքում զերծ մնալ պարկեշտության սահմանները հատող բառապաշարից և հայհոյախոսությունից, հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաները քննարկելիս դրսևորել առավել հանդուրժողականություն և զսպվածություն։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

– ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ նախօրեին դիմակավորված ԱԱԾ-ականները մտել են «Իմնեմնիմի» փոդքասթի վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ։ Խուզարկություն իրականացնելուց հետո նրանց ձերբակալել են, ավելի ուշ՝ կալանավորել։ Հանցագործության վերաբերյալ հաղորդումը ներկայացրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Իմնեմնիմի»-ի նոյեմբերի 8-ի փոդքասթից հետո։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Comments Are Closed!!!