Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը հաստատել է Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել ,Իրական Հայաստանիե տնտեսական նոր պարադիգմի գաղափարական հիմքերը՝ ամրագրելով պետության դերը որպես մարդակենտրոն, բայց միաժամանակ անվտանգությանը, դիմակայունությանը և ինստիտուցիոնալ ամրապնդմանը ծառայող համակարգի։ Իրավական ակտի ընդունմամբ առաջարկվում է վերացնել տնտեսական և ինստիտուցիոնալ քաղաքականության հատվածայնությունը, ամրագրել երկարաժամկետ տեսլական և հստակ սկզբունքներ, սահմանել ծրագրերի և ենթածրագրերի միասնական կառուցվածքային համակարգ՝ դրանով ապահովելով պետական քաղաքականության տեսլականային, համակարգային և կանխատեսելի բնույթը։ Արդյունքում ակնկալվում է, որ տնտեսական քաղաքականությունը ձեռք կբերի տեսլականային և համակարգային բնույթ, կբարձրանա քաղաքականությունների կանխատեսելիությունը և ներդրումային միջավայրի նկատմամբ վստահությունը, կձևավորվի ծրագրերի և ենթածրագրերի միասնական համակարգ, կամրապնդվի հանրային կառավարման արդյունավետությունը և հաշվետվողականությունը, կբարձրանա Հայաստանի տնտեսական դիմակայությունը և անվտանգային կայունությունը։
Վարչապետը ներկայացրել է դոկտրինը և նշել՝ այն զարգացման ուղենիշն է, որի նպատակն է վերանայել և ամրապնդել երկրի տնտեսական կառուցվածքը ու պետական ինստիտուտները: ,Սա ուղենիշ է և հայտարարություն՝ մեր մտադրությունների մասին: Այս համատեքստում լավ կլինի, որ Կառավարության կողմից ընդունվող ռազմավարությունները և ռազմավարական նշանակության փաստաթղթերը ճիշտ տեղում դնենք մեր կառավարման համակարգում։ Ռազմավարություններն առաջին հերթին մտադրությունների բարձրաձայնում են և անելիքների պատկերացումների համախմբված դրսևորումե,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Երկրի ղեկավարի խոսքով՝ դոկտրինն այն մասին է, թե ՀՀ-ն հիմա որտեղ է, ուր է ուզում շարժվել և ըստ այդմ՝ ՀՀ-ը նոր տնտեսական պարադիգմ է որդեգրում: Երկրի ղեկավարը ներկայացրել է, թե ինչով է պայմանավորված վերանայման և նոր տնտեսական պարադիգմ որդեգրելու անհրաժեշտությունը: Ըստ վարչապետի՝ առաջին պատճառն այն է, որ 2018-ից ի վեր՝ հեղափոխությունից հետո, Հայաստանի տնտեսությունն աճել է ավելի քան 50 տոկոսով. 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն ավելի քան կրկնապատկվել է 2018-ի հեղափոխությունից հետո: Եվ եթե 2017-ին 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում 3882 դոլար էր, 2025-ի խիստ նախնական տվյալների համաձայն՝ մոտ 9400 դոլար է, աճը՝ 2,4 անգամ:
Հանգամանքներից մեկն էլ այն է, որ նախորդ տարի ԿԲ-ն շուկայից հավաքել է ավելի քան 2 մլրդ դոլար: ,Սա նշանակում է, որ Հայաստանի շուկայում 2 մլրդ դոլարի լրացուցիչ միջոցներ են ի հայտ եկել, և որ դեպի ՀՀ որոշակի ֆինանսական և տնտեսական ներհոսք կա: Այս ամեն ինչը նշանակում է, որ մենք հիմա ունենք բոլորովին ուրիշ տնտեսություն և բոլորովին ուրիշ երկիր, քան ունեինք 2018 թվականին: Սա կարևոր է արձանագրել: Բայց ես ուզում եմ ասել, որ մենք պետք է հստակ գծագրենք, թե այս ամեն ինչում որտեղ է Կառավարության դերը և որտեղ է այլ գործող անձանց դերըե,-ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Կառավարության դերն այն է, որ 2018 թվականից վերացրել է տնտեսական գործունեության բոլոր հնարավոր սահմանափակումները. վերացվել են մենաշնորհները, արգելքներն ու արգելակները: ,Ահա սա է հիմնական պատճառը, որ 2018 թվականից ի վեր, ի հեճուկս բոլոր քաղաքական, տարածաշրջանային, աշխարհաքաղաքական վայրիվերումներին, ՀՀ-ն ոչ միայն պահպանել է մակրոտնտեսական կայունությունը, այլև ապահովել է 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ավելի քան 2,4 անգամ աճ, 50 տոկոս տնտեսական աճ: Եվ այս ամեն ինչը ՔՈՎԻԴ-ի և, բնականաբար, Հայաստանի ռեցեսիայի պայմաններումե,-ասել է վարչապետը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ արձանագրված արդյունքի համար առաջին հերթին պետք է գնահատել Հայաստանում աշխատող և արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող մարդկանց. ,Որովհետև սա չի կարող լինել և չէ Կառավարության ձեռքբերումը: Սա Կառավարության և քաղաքացիների համագործակցության ձեռքբերումն է: Այսինքն՝ մենք մարդկանց ասել ենք՝ չկա տնտեսական գործունեության որևէ սահմանափակում, և այդ բանաձևը տվել է իր կոնկրետ արդյունքները, որոնք արտահայտվել են առաջին հերթին տնտեսության, նաև քաղաքականության մեջ: Ըստ էության, մենք այս ամենով արձանագրում ենք, որ ՀՀ-ում ոչ միայն քաղաքական համակարգն է ժողովրդավար, այլև տնտեսական համակարգն է ժողովրդավար: Սա գործնականում նշանակում է, որ Կառավարությունը չի միջամտել այնտեղ, որտեղ չպետք է միջամտեր, և մյուս կողմից՝ Կառավարությունը միջամտել է այնտեղ, որտեղ պետք է միջամտերե:
Վարչապետը նշել է՝ պետք է արձանագրել, որ տնտեսական այս ցուցանիշները լրացուցիչ կերպով տնտեսական դիտանկյունից հիմնավորում են ՀՀ-ի ժողովրդավարական երկիր լինելը: ,Իմ արձանագրումն այն է, որ այս բոլոր գործընթացների հիմքում ընկած է այն և միևնույն ժամանակ այս բոլորի արդյունքն այն է, որ մարդն օբյեկտից վեր է ածվել սուբյեկտի: Այսինքն՝ ՀՀ-ում ամեն ինչ որոշում է մարդը՝ քաղաքացինե,-ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով. ,Այստեղ նրբությունն այն է, որ անհատի, մարդու ամենամեծ անելիքը՝ հենց քաղաքական իշխանություն, Կառավարություն ձևավորելն է: Այսինքն՝ այսպես, թե այնպես Կառավարության ձևավորման պատասխանատվությունը մարդու վրա էե:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե քաղաքացին վճռական դեր ունի Կառավարություն ձևավորելու, ըստ էության, երկրի զարգացման ուղղությունները որոշելու գործում, քաղաքացին պետք է և ակնհայտորեն ունի վճռական և առանցքային դեր իր անձնական կարիքները, իր անձնական բարեկեցությունն ապահովելու գործում, որը պետք է տեղի ունենա աշխատանքի միջոցով: Այդ համատեքստում վարչապետը մեկ անգամ ևս ընդգծել է կրթության կարևորությունը և դոկտրինից հատվածներ մեջբերել. ,Հայաստանի նոր տնտեսական պարադիգմի առաջին և առանցքային հիմքը կրթությունն է։ Առանց հասանելի, արդիական և մրցունակ կրթական համակարգի և կրթությունը՝ որպես ցկյանս ապրելակերպ որդեգրելու, բարեփոխումների արդյունավետությունը տուժում է։ Կրթված, իր իրավունքներն ու պարտականությունները գիտակցող քաղաքացիները պետության ազատության և ժողովրդավարական կենսունակության ամենահուսալի հենարանն են։ Կրթությունն այլևս պարզապես մեկ ճյուղային քաղաքականություն չէ, այլ դոկտրինի առանցքը, որը կանխորոշում է տնտեսական զարգացման ծավալն ու բովանդակությունը, պետական կառավարման արդյունավետությունն ու ճկունությունը, ազգային ինքնության ամրությունը և պետականության հարատևության օրակարգի հաջողությունը: Եվ հաջորդ մեջբերումը՝ դոկտրինի նպատակը Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացման նոր տրամաբանության հաստատումն է՝ տնտեսությունը դիրքավորելով որպես ինքնիշխանության, անվտանգության և երկարաժամկետ կայունության հիմք, որի առանցքում կանգնած է կրթված, այսպիսով՝ ազատ, կարող և ստեղծարար քաղաքացինե:
Վարչապետը նշել է, որ առաջին անգամ Հայաստանը նպատակաուղղված ձևավորում է տնտեսություն՝ ելնելով տարածաշրջանային կայուն խաղաղության պայմաններից. ,Այսինքն՝ Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը նաև պայմանավորված է տարածաշրջանային և արտաքին քաղաքական այն նոր միջավայրով, որը ձևավորվում է ՀՀ-ի շուրջը: Խաղաղության բանաձևը խաղաղության պայմաններում. տնտեսությունը նույնպես պետք է որոշակիորեն վերափոխվի, դիրքավորվի, ինչը հենց այս օրերին մեր աչքի առաջ տեղի է ունենում: Իհարկե, հաստատված խաղաղությունը և խաղաղության ինստիտուցիոնալացումը մեր առաջնահերթությունների շարքում է, որն անխուսափելիորեն իր արտահայտությունը պետք է ունենա նաև տնտեսության մեջե:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հաջորդ նրբությունն այն է, որ պետությունն իր վրա է վերցնում ակտիվ և պատասխանատու դերակատարում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներում՝ էներգետիկ, տրասնպորտային, ջրային, թվային անվտանգային համակարգերում՝ միաժամանակ ապահովելով պետական սեփականության թափանցիկ և տնտեսապես հիմնավորված մասնավորեցումն այն ոլորտներում, որտեղ դա նպաստում է մրցակցությանը և արդյունավետությանը: ,Այսինքն՝ մենք այս դոկտրինով ավելի մեծ պատասխանատվություն ենք վերապահում պետությանը, Կառավարությանը ստրատեգիական նշանակության կամ կրիտիկական կառավարման գործումե,– ասել է վարչապետը:
Դոկտրինն անդրադառնում է նաև կրթության ոլորտի, արհեստական բանականության զարգացմանը, թվայնացման գործիքների կիրառմանը, գյուղատնտեսության, էներգետիկայի զարգացմանը, վերաբերյալ վերաբերմունքի փոփոխությանը, նաև ինտենսիվ գյուղատնտեսության, էներգետիկայի զարգացմանը և այլ ուղղությունների:
,Այս բոլոր մոտեցումների հիմքում ընկած է 1 առանցքային գաղափար. պետությունը դիտարկվում է որպես շարունակական ինստիտուտ, որտեղ կառավարությունները փոփոխական են, իսկ տնտեսական քաղաքականության տրամաբանությունը՝ կայուն և կանխատեսելի: Այս ամենի հիմքում դրված է պետության հարատևության գաղափարը, և այն գաղափարը, որ պետության զարգացումը հենց պետական շահն է: Մենք պետք է շատ հստակ ձևակերպենք և տեսնենք թե ինչ է պետական շահը: Պետական շահը տնտեսական զարգացումն է, որովհետև առանց դրա պարզապես հնարավոր չէ սպասարկել որևէ օրակարգե,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com