Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռ, 595 միլիարդ 817 միլիոն դրամի հայցապահանջ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռ, 595 միլիարդ 817 միլիոն դրամի հայցապահանջ

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը (այսուհետ՝ Վարչություն) 2025 թվականին նախաձեռնել է 157 ուսումնասիրություն:

Վարչության կողմից 2025 թվականի ընթացքում դատարան է ներկայացվել 42 հայցադիմում: Այդ հայցադիմումներից ներկայում քննվում է 38-ը, որոնցով ընդհանուր պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 230 անշարժ գույք, 68 շարժական գույք, 76 իրավաբանական անձանցում մասնակցություն: Դրամական պահանջն այդ հայցերով կազմում է 31 միլիարդ 540 միլիոն դրամ, իսկ ընդհանուր հայցագինը՝ 35 միլիարդ 993 միլիոն դրամ:

2025 թվականին կնքվել է հաշտության մեկ համաձայնություն, որի արդյունքում որպես ապօրինի ծագում ունեցող գույք՝ Հայաստանի Հանրապետության օգտին բռնագանձման է ենթակա 87 միլիոն 622 հազար դրամ, որից արդեն բռնագանձվել է 65 միլիոն 675 հազար դրամը:

2025 թվականին օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը: Վճռի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ, որոնց ընդհանուր միջին շուկայական արժեքը կազմում է 300 միլիոն 650 հազար դրամ (շուրջ 750 հազար ԱՄՆ դոլար): Բացի այդ, Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 50 հազար եվրոյին համարժեք 20 միլիոն 634 հազար դրամ և 878 հազար դրամ:

2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 2020 թվականի սեպտեմբերից 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, դատարաններում քննվող հայցերի թիվը 155 է, որոնց ընդհանուր հայցագինը կազմում է 595 միլիարդ 817 միլիոն դրամ: Այդ հայցերով Դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 324 շարժական, 1463 անշարժ գույքեր, 440 իրավաբանական անձանցում մասնակցություն, դրամական պահանջը կազմում է 518 միլիարդ 428 միլիոն դրամ (այս թիվն ունի աճման միտում՝ պայմանավորված նրանով, որ ոչ բոլոր գույքերի շուկայական արժեքն է պարզված, պարզված չեն նաև իրավաբանական անձում մասնակցությունների արժեքները):

Վարչությունն իր ձևավորման օրվանից առ այսօր կնքել է հաշտության 9 համաձայնություն: Հաշտության համաձայնությունների հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 7 անշարժ գույք, 2 շարժական գույք և դրամական միջոց, որոնց հանրագումարը կազմում է 5 միլիարդ 126 միլիոն դրամ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Comments Are Closed!!!