Կառավարությունը այսօրվա նիստում 1 մլրդ 100 մլն դրամ է հատկացրել մարզպետների աշխատակազմերին՝ 2023–2025 թվականների սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար։ Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, նախատեսվում է աջակցել 11 համայնքների 11 ծրագրի իրականացմանը տարբեր մարզերում։
Նրա խոսքով՝ այս որոշմամբ 2026 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր ծավալը կհասնի 3 մլրդ 57 մլն դրամի։ Վարչապետը ներկայացրել է տարբեր համայնքներում իրականացվող և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները, որոնք ներառում են արևային կայանների տեղադրում, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում, ճանապարհաշինություն, մանկապարտեզների կառուցում ու հիմնանորոգում, ոռոգման համակարգերի արդիականացում և այլ ենթակառուցվածքային ծրագրեր։
Մասնավորապես՝ Արագածոտնում տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ, Արարատում և Տավուշում իրականացվում են ճանապարհաշինական ծրագրեր, Արմավիրում կառուցվել է խաղահրապարակ, Գեղարքունիքում և Սյունիքում ընթանում են կրթական ու բնակարանային ծրագրեր, Տավուշում արդիականացվում են ոռոգման համակարգերը և փոխարինվում վերելակներ։ Կառավարության մեկ այլ որոշմամբ ևս միջոցներ կհատկացվեն մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացման համար։ Այդ նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն-ին կտրամադրվի ավելի քան 1.3 մլրդ դրամ, որը կբաշխվի մարզպետների աշխատակազմերի միջև՝ ըստ ծրագրերի։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com