Կառավարությունը փոփոխություններ է կատարել Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում՝ նպատակ ունենալով խթանել նրանց սոցիալական և տնտեսական ներառումը և ապահովել Հայաստանում երկարաժամկետ բնակության պայմաններ։ Ըստ հիմնավորման՝ 2026 թվականի մարտի 23-ի դրությամբ ծրագրի հավաստագիր է ստացել 5181 ընտանիք, որոնցից 2304-ը արդեն իրացրել են այն։
Ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ։ Մասնավորապես՝ որոշ շահառուներ բնակարան ձեռք բերելու համար օգտվել են ոչ թե հիփոթեքային, այլ սպառողական վարկերից, ինչը գործող կարգավորմամբ չի համապատասխանել ծրագրի պահանջներին։ Կառավարության որոշմամբ առաջարկվում է բարձրացնել ծրագրի արդյունավետությունը և հստակեցնել աջակցության պայմանները։ Մասնավորապես՝ • մարզերում աջակցության չափը կկազմի ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 4 մլն դրամ, • Երևանում՝ 3 մլն դրամ (բացառությամբ հատուկ սահմանաչափով բնակավայրերի), • արդեն հավաստագիր իրացրած ընտանիքները կստանան հավելյալ փոխհատուցում՝ տարբերության չափով։
Նշվում է նաև, որ աջակցությունից կկարողանան օգտվել այն շահառուները, որոնք մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը բնակարան ձեռք բերելու համար ստացել են անշարժ գույքի գրավով սպառողական վարկ։ Եթե շահառուն ցանկանում է աջակցությունը ուղղել կահույքի կամ կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանը, գումարը կփոխանցվի անմիջապես վաճառողի բանկային հաշվին՝ համապատասխան փաստաթղթերի հիման վրա։ Միաժամանակ, ծրագրի շրջանակում ընտանիքի անդամ կհամարվեն նաև մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված երեխաները՝ անկախ դիմում ներկայացնելու ժամկետից։
Որոշմամբ նախատեսվում է նաև պարզեցնել շահառու ճանաչվելու ընթացակարգը։ Եթե դիմումատուի տվյալները առկա են համապատասխան պետական բազաներում և հաստատվում է, որ նա մինչև տեղահանվելը առնվազն 12 ամիս ապրել, աշխատել կամ սովորել է Ղարաբաղում, ապա կարող է ճանաչվել շահառու՝ նույնիսկ փաստաթղթերի ամբողջական փաթեթի բացակայության դեպքում։ Բացի այդ, առաջարկվում է փոփոխություններ կատարել միջգերատեսչական հանձնաժողովի կազմում՝ դրա աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com