ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Firebird AI ընկերության միջև ստորագրվել է բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների ձեռքբերման պայմանագիր։
Պայմանագրով նախատեսվում է, որ պետությունը 5 տարի ժամկետով կգնի 25 մլն դոլար արժողությամբ հաշվողական հզորություններ։ Փաստաթուղթը ստորագրել են նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանը և Firebird AI-ի հիմնադիր Ալեքսանդր Եսայանը։
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ նախագիծը կնպաստի գիտության, նորարարության և առաջատար տեխնոլոգիաների զարգացմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ Հայաստանի համար։ Նա նաև նշել է, որ ստեղծվող ռեսուրսները առաջնահերթ ծառայելու են տեղական էկոհամակարգին։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև օգտագործել «Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտ» (AIVI) հարթակը՝ ռեսուրսների հասանելիությունն ապահովելու համար։ Firebird AI-ի ղեկավար Ալեքսանդր Եսայանի խոսքով՝ նախաձեռնությունը միտված է Հայաստանի ԱԲ էկոհամակարգի ամրապնդմանը և նորարարական նախագծերի խթանմանը։ Պայմանագիրը գնահատվում է որպես կարևոր քայլ՝ երկրի տեխնոլոգիական կարողությունների զարգացման և գիտելիքահեն տնտեսության ձևավորման ուղղությամբ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com