Հայաստանը կրկին նախընտրական թոհուբոհի մեջ է, ընդ որում՝ քաղաքական շատ յուրահատուկ, գործող ուժերի և միավորների՝ դաշտում տեղաբաշխվածության առանձնակի խայտաբղետ իրավիճակում։
Ի տարբերություն նախորդ երկու խորհրդարանական ընտրությունների, որոնք արտահերթ էին՝ պայմանավորված ներքաղաքական իրավիճակով ու գործընթացներով, այս տարվա ընտրությունները հերթական են։
ԱԺ նախորդ երկու ընտրությունները տեղի էին ունեցել 2018 թվականի, այսպես ասած, հեղափոխական իրադարձություններից հետո։ Ընդ որում՝ եթե 2018 թվականինը անցկացվեցին հետհեղափոխական տրամադրությունների ու ոգևորության մթնոլորտում, ապա 2021-ինը՝ հետպատերազմական իրավիճակում և պատերազմի պարտության ողբերգական հետևանքների ու հուսալքության պայմաններում։ Հատկանշական է, որ երկու դեպքում էլ հաղթել էր գործող վարչապետի կուսակցությունը։
Եթե 2018 թվականի ընտրությունների պարագայում այդ հաղթանակը բնական ու հասարակաքաղաքական տեսանկյունից խիստ տրամաբանական էր, ապա 2021-ի դեպքում, եթե չասենք անսպասելի, բայց ազգային-քաղաքական ու մարդկային մտածողության առումով որոշակի հարցեր էր առաջացնում։
Չնայած ընտրությունների պաշտոնական քարոզարշավը դեռ չի մեկնարկել (ոչ պաշտոնականը, իհարկե, վաղուց սկսված է), սակայն արդեն այսօր կարելի է որոշ դիտարկումներ անել առաջադրված ուժերի, դերակատարների, դաշտի տեղաբաշխվածության, գործող միավորների՝ քաղաքական հնարավոր առնչությունների և կուսակցությունների մասնակցության համեմատական վիճակագրության վերաբերյալ։
2018 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցել էին 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 կուսակցությունների դաշինք։ 2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, ի համեմատություն նախորդի, մասնակիցների թիվը առավել քան կրկնապատկվել էր՝ 24 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք։ Այս տարվա ընտրություններին առաջադրվել է 19 քաղաքական ուժ՝ 17 կուսակցություն ու 2 դաշինք։
Ինչպես նկատելի է, քաղաքական ուժերի մասնակցության քանակական տեսանկյունից այս տարվա ընտրություններն առավել առնչություն ունեն 2021-ի ընտրությունների հետ։ Սա, թերևս, բացատրվում է այն հանգամանքով, որ 2018-ի ընտրություններն ընթացան հեղափոխությունից անմիջապես հետո ու դրա անմիջական տրամադրությունների ներքո, և բնական է, որ քաղաքական դաշտի դերակատարները ոչ ամբողջությամբ էին պատրաստ այդ ընտրություններին, ինչպես նաև, հասկանալի պատճառներով, նվազ հնարավորություններ ունեին հաջողության հասնելու համար։ Չնայած 2021 թվականի ընտրությունները ևս արտահերթ էին, սակայն, ի տարբերություն 2018-ի, այդ ժամանակամիջոցում քաղաքական իրադարձությունները զարգանում էին այնպիսի տրամաբանությամբ, որ ընտրությունների անցկացման գաղափարը «օդում կախված» էր, և քաղաքական ուժերը արդեն նախապատրաստված էին դրանց։ Դա է պատճառը, որ այդ ընտրություններին ավելի շատ ուժեր մասնակցեցին, քան 2018 թվականին։
Հատկանշական է, որ այս տարվա ընտրական գործընթացներն արտացոլում են հայկական քաղաքական իրականության՝ տարիներ ի վեր արմատավորված մի քանի յուրահատկություններ, որոնք այլևս դարձել են այդ իրականության կենսակերպն ու անբաժանելի մասը։ Այս տեսանկյունից, առաջին հերթին, պետք է մատնանշել քաղաքական դաշինքների ձևավորման հարցը։ Արդեն ավանդույթ է դարձել, որ ընտրություններից ամիսներ առաջ քաղաքական դաշտի տարբեր բևեռներում ընթանում են բուռն քննարկումներ ու խոսակցություններ հնարավոր դաշինքների, ուժերի միավորման և միասնական ճակատով ընտրություններին մասնակցելու մասին։
Միտումը պարզ ու հասկանալի է՝ համախմբել եղած ներուժը, չփոշիացնել ռեսուրսներն ու ընտրողների ձայները։ Նաեւ արդեն ավանդույթ է, որ այդ փորձերը մեծամասամբ մատնվում են անհաջողության․ բանակցությունները ձախողվում են, հնարավոր համաձայնությունները չեն ստացվում, միավորումներ չեն ձևավորվում։ Ընթացիկ քաղաքական գործընթացներում ևս չխախտվեց այս տխուր ավանդույթը։ Ընդ որում՝ չհաջողվեց լայն և ուժեղ դաշինքներ ձևավորել քաղաքական դաշտի գրեթե բոլոր հատվածներում՝ ոչ իշխանական ու ընդդիմադիր, ոչ, այսպես ասած, ռուսամետ ու արևմտամետ, ոչ էլ աջ, ձախ ու կենտրոնական դաշտերում։
Ինչպես նշել էինք, ԿԸՀ-ում առաջադրման փաստաթղթեր ներկայացրած 19 ուժերից ընդամենը երկուսն են դաշինք, սակայն… Սակայն դրանք, մեծ հաշվով ու դասական իմաստով, դաշինք էլ չի կարելի համարել։ Դրանցից մեկը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է, որը կազմված է Հայ Յեղափոխական Դաշնակցությունից և լայն հանրությանը գրեթե անհայտ «Առաջ» կուսակցությունից։
Այստեղ դրսևորվում է հայաստանյան քաղաքական իրականության մեկ այլ առանձնահատկություն։ Քաղաքական դաշտում տարիներ առաջ լայն դերակատարություն ունեցած ու երբեմնի կայուն ընտրազանգված ապահովող կուսակցությունը՝ ՀՅԴ-ն, արդեն երկրորդ անգամ ընտրություններին մասնակցում է ոչ իր, այսպես ասած, դեմքով ու առաջնորդով, այլ Ռ. Քոչարյանի գլխավորությամբ ու հովանու ներքո։ Այս երևույթը ևս հայաստանյան քաղաքական դաշտի չկայացվածության ու անկատարության դրսևորում ու ապացույց է։ Նույն այս երևույթի օրինակ է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ի պատմությունը։ Սերժ Սարգսյանն հայտարարել է, որ ՀՀԿ-ն չի մասնակցելու ընտրություններին։
Հիշենք, որ խոսքը վերաբերում է մի կուսակցության, որը տարիներ շարունակ եղել կամ համարվել է հայաստանյան քաղաքական դաշտի ամենահիմնական ու հզոր ուժը, սակայն, կորցնելով իշխանությունը, այլևս հնարավորություն չունի անգամ հաղթահարելու Ազգային ժողով անցնելու նվազագույն շեմը։ Փակագծի մեջ ասենք, որ, չնայած Սերժ Սարգսյանն հայտարարել է ընտրություններին չմասնակցելու մասին, սակայն անուղղակիորեն ՀՀԿ-ն ու նրա առանձին անդամներ ներգրավված են ընտրական գործընթացներում։ Այս և նախընտրական ու քաղաքական դաշտի խայտաբղետ պատկերին կանդրադառնանք հաջորդ հրապարակումներում։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com