Գյումրու ավագանու նիստը կայացավ առանց «ՔՊ» խմբակցության մասնակցության

Գյումրու ավագանու նիստը կայացավ առանց «ՔՊ» խմբակցության մասնակցության

Գյումրու ավագանու նիստը մեկնարկեց առանց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մասնակցության։ Խմբակցությունն ամբողջ կազմով բացակայում էր նիստից։ Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ «ՔՊ»-ականները բոյկոտում են ավագանու նիստը։

Այս անգամ, սակայն, անհրաժեշտ քվորումն ապահովվեց, և նիստին մասնակցող չորս խմբակցությունները հաստատեցին ավագանու նոր կանոնակարգը։
Նիստի օրակարգում ընդգրկված էր 37 հարց, այդ թվում սուբվենցիոն ծրագրի շրջանակում Գյումրու 48 փողոցների և մեկ հրապարակի վերանորոգման նպատակով կառավարությանը հայտ ներկայացնելու հարցը։
Նիստի ընթացքում «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանից հետաքրքրվեց քաղաքի փողոցներում դիտահորերի կափարիչների անհետացման խնդրով։

Նա նշեց, որ բաց դիտահորերի մոտ անվադողեր են տեղադրվում, որպեսզի անցորդներն ու վարորդները կարողանան նկատել վտանգը, սակայն այդ վիճակի պատճառով քաղաքը «մի տեսակ խրամատ է հիշեցնում»։
Ավետիս Առաքելյանը պատասխանեց, որ ավելի քան մեկ ամիս է՝ քաղաքում դիտահորերի կափարիչների համատարած գողություններ են արձանագրվում։ Նա նշեց, որ քաղաքային իշխանությունները համապատասխան գործողություններ են իրականացրել և բազմիցս նոր կափարիչներ տեղադրել։ Խնդրի վերաբերյալ գրություններ են ուղարկվել նաև իրավապահ մարմիններին՝ հորդորելով առավել աչալուրջ լինել և զբաղվել դեպքերի բացահայտմամբ։

Նրա խոսքով՝ կատարվողը պատահականություն չէ, այլ նպատակաուղղված և միտումնավոր գողություն, որի համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Քաղաքապետի պաշտոնակատարը նաև հույս հայտնեց, որ գողություն կատարողները կպատժվեն՝ հիշեցնելով «փոս փորողն ինքն է փոսն ընկնում» ասացվածքը։
Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը, որը Վարդան Ղուկասյանի փեսան է, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ նաև պատգամավորական մանդատը ստանձնելու հնարավորությանը։ Նա նշեց, որ դեռ ժամանակ ունի որոշելու՝ վերցնելու է մանդատը, թե ոչ։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Comments Are Closed!!!