Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ Նազելի Բաղդասարյանն ավարտում է իր պաշտոնավարումը վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, և շնորհակալություն է հայտնել նրան կատարած աշխատանքի համար։ Վարչապետը հույս է հայտնել, որ նոր մամուլի քարտուղարի հետ համագործակցությունը արդյունավետ կլինի, իսկ լրագրողների հետ հանդիպումների և քննարկումների գործող ձևաչափը կպահպանվի։
Նազելի Բաղդասարյանն իր հերթին Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ ավարտում է աշխատանքը վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում՝ Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները ստանձնելու կապակցությամբ։
Նա նշել է, որ վերջին երեքուկես տարիներին աշխատել է վարչապետի աշխատակազմում և մամուլի քարտուղարի պատասխանատու պաշտոնը ստանձնել երկրի համար բարդ ժամանակահատվածում։ Ըստ Բաղդասարյանի՝ այդ ընթացքում փորձել է ապահովել հանրային հաղորդակցության, թափանցիկության և հաշվետվողականության անհրաժեշտ պայմանները, լինել հասանելի և նպաստել հանրության հետ արդյունավետ հաղորդակցությանը։
Նազելի Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության, համատեղ աշխատանքի, ձեռք բերած փորձի և ընձեռված հնարավորության համար։ Նա նաև շնորհակալություն է հայտնել պետական կառավարման մարմինների գործընկերներին, մամուլի քարտուղարներին, խոսնակներին, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների և Հանրային կապերի ու տեղեկատվության կենտրոնի աշխատակիցներին։
Բաղդասարյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել լրագրողներին և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին՝ ընդգծելով նրանց դերը հանրության իրազեկման և պետական կառույցների գործունեության լուսաբանման գործում։
Նա նաև տեղեկացրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ ընտրվել է Ազգային ժողովի Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com