Կեղծ լուրեր, արհեստական բանականություն և վախեր․ մեդիադաշտի հին ու նոր սպառնալիքները

Կեղծ լուրեր, արհեստական բանականություն և վախեր․ մեդիադաշտի հին ու նոր սպառնալիքները

Կեղծ լուրեր, արհեստական բանականություն և վախեր․ մեդիադաշտի հին ու նոր սպառնալիքները

2026 թվականի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները առանձնացան ոչ միայն քաղաքական մրցակցության բարձր ինտենսիվությամբ, բևեռացվածությամբ և ատելության խոսքի տարածմամբ, այլև տեղեկատվական միջավայրի էական փոփոխություններով։ Արհեստական բանականության (ԱԲ) գործիքների հասանելիության ընդլայնումը, սոցիալական ցանցերի ազդեցության աճը և քաղաքական ուժերի կողմից վախի ու սպառնալիքի վրա հիմնված նարատիվների ակտիվ կիրառումը ընտրական գործընթացը վերածեցին նաև տեղեկատվական պայքարի։

Այս պայմաններում ապատեղեկատվությունն այլևս միայն կեղծ տեղեկության տարածման խնդիր չէր։ Այն դարձավ հանրային ընկալումների, ընտրողների վարքագծի և քաղաքական օրակարգի ձևավորման գործիք։ Միաժամանակ ԱԲ-ի զարգացումը փոխեց կեղծ բովանդակության ստեղծման հնարավորությունները՝ այն դարձնելով ավելի արագ, մատչելի և հաճախ ավելի համոզիչ։

«Ֆակտոր TV»-ի գործադիր տնօրեն Արևիկ Սահակյանի դիտարկմամբ՝ մեդիան և հասարակությունը տարիների ընթացքում ձեռք են բերել ապատեղեկատվության դեմ պայքարի որոշակի փորձ, սակայն ամբողջությամբ պատրաստ լինել նման ալիքներին հնարավոր չէ, քանի որ տեխնոլոգիական գործիքները զարգանում են չափազանց արագ։

2026 թվականի ընտրական փուլում քաղաքական ուժերի, հասարակության և լրատվամիջոցների միջև առկա բևեռացվածությունը զուգորդվեց ատելության խոսքի մեծ ծավալով։ Սակայն նախորդ ընտրական փուլերի համեմատ նոր առանձնահատկությունն այն էր, որ տեխնոլոգիական գործիքները հասանելի էին դարձել շատ ավելի լայն շրջանակների։ Այժմ կեղծ լուսանկար, տեսանյութ, ձայնային նմանակում կամ այլ մանիպուլյատիվ բովանդակություն ստեղծելու համար պարտադիր չէ ունենալ մասնագիտացված տեխնիկական ռեսուրսներ։ Սովորական օգտատերը նույնպես կարող է ստեղծել մեծ տարածում ստացող կեղծ բովանդակություն, որի ստուգումն ու հերքումը հետագայում պահանջում է պրոֆեսիոնալ լրատվամիջոցների զգալի ժամանակ և ռեսուրսներ։

ԱԲ-ով ստեղծված բովանդակության մեկ այլ առանձնահատկությունը դրա որակն է։ Այն կարող է այնքան համոզիչ լինել, որ առաջին հայացքից դրա իսկությունը դժվար լինի պարզել նույնիսկ փորձառու լրագրողների և ոլորտային մասնագետների համար։ Իսկ սոցիալական ցանցերի արագ տարածման մեխանիզմները հնարավորություն են տալիս նման բովանդակությանը հասնել մեծ լսարանի՝ հաճախ ավելի արագ, քան դրա ստուգման կամ հերքման գործընթացը։

Այս իրավիճակը ցույց է տալիս, որ ԱԲ-ն ինքնին չի ստեղծում ապատեղեկատվության խնդիրը, սակայն էապես մեծացնում է դրա արտադրության և տարածման հնարավորությունները։ Հետևաբար հանրության մեդիագրագիտության բարձրացումը նույնպես այլևս չի կարող սահմանափակվել միայն կեղծ լուրը փաստացի տեղեկությունից տարբերելու հմտությամբ։

Մեդիափորձագետ Արթուր Պապյանի գնահատմամբ՝ «ապատեղեկատվությունը ծաղկում է այնտեղ, որտեղ անորոշությունները շատ են»։ 2026 թվականի նախընտրական շրջանում նման անորոշությունները կապված էին ինչպես ներքաղաքական զարգացումների, այնպես էլ Հայաստանի անվտանգության, տարածաշրջանային հարաբերությունների և արտաքին քաղաքականության հետ։

Տարածվող նարատիվները կարելի է պայմանականորեն բաժանել ներքին և արտաքին սպառնալիքների։ Դրանց մի մասը շրջանառվում էր իշխանության, մյուսը՝ ընդդիմության և տարբեր քաղաքական ու հասարակական խմբերի կողմից։ Սակայն դրանց զգալի մասի հիմքում նույն մեխանիզմն էր՝ ընտրողի մոտ վտանգի, անորոշության և հնարավոր կործանարար հետևանքների զգացողություն ձևավորելը։

Արթուր Պապյանի վերլուծությամբ՝ քաղաքական ուժերի հիմնական մարտավարություններից մեկը կառուցված էր էկզիստենցիալ սպառնալիքների վրա։ Իշխանությանը մոտ նարատիվների շրջանակում տարածվում էին պնդումներ, թե ընդդիմության հաղթանակի դեպքում 300 հազար հայ կարող է ուղարկվել ուկրաինական ճակատ՝ կռվելու։ Ընդդիմադիր դաշտում, հակառակ հերթին, շրջանառվում էին պնդումներ, թե գործող իշխանության պահպանման դեպքում Հայաստանը կարող է կործանվել, պատերազմ սկսվել կամ 300 հազար ադրբեջանցի բնակեցվել Հայաստանում։

Նույն տրամաբանության մեջ էին տեղավորվում նաև Հայաստանի «թրքացման» և կրոնական թեմաների շուրջ տարածվող թեզերը։ Շրջանառվում էր, օրինակ, այն պնդումը, թե եվրոպական ուղղվածության քաղաքականության ներքո իրականացվում է Հայաստանի «թրքացում», կամ Թուրքիայի նախագահի հետ պայմանավորվածության արդյունքում Հայաստանում նախատեսվում է 11 մզկիթի կառուցում։ Իշխանության կողմից եկեղեցական որոշ գործիչների անցյալի վերաբերյալ փաստաթղթերի և տեղեկությունների շրջանառմանը հակադրվում էին այն նարատիվները, որոնց համաձայն իշխանությունները «գլոբալիստական» օրակարգ են իրականացնում և հարվածում են հայկական ինքնությանը։

Այս նարատիվների ազդեցության կարևոր պատճառներից մեկն այն էր, որ դրանք ամբողջությամբ կտրված չէին իրականությունից։ Դրանցում հաճախ առկա էր իրական խնդրի կամ հասարակական մտահոգության որոշակի տարր՝ սահմանային անվտանգություն, տարածաշրջանային լարվածություն, Ադրբեջանի հետ հարաբերություններ կամ Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխություն, որը համադրվում էր չափազանցված, աղավաղված կամ կեղծ եզրակացության հետ։

Հենց այս «ճշմարտության դոզան» էր ապատեղեկատվությունը դարձնում առավել համոզիչ։ Ընտրողին ներկայացվում էր ոչ թե ամբողջությամբ հորինված պատմություն, այլ իրական մտահոգության և մանիպուլյացիայի խառնուրդ, որի արդյունքում քաղաքական ընտրությունը ներկայացվում էր որպես գոյաբանական ընտրություն՝ «կամ մենք, կամ կործանումը» տրամաբանությամբ։

Ապատեղեկատվական քարոզչությունը, սակայն, չէր սահմանափակվում միայն ընտրությունների օրվա կամ նախընտրական պայքարի հարցերով։ Արթուր Պապյանի խոսքով՝ մեդիա-դիտարկումները ցույց էին տալիս, որ հետընտրական նարատիվների ձևավորումը սկսվել էր դեռևս մայիսի սկզբին՝ ընտրարշավի մեկնարկին։

Առանցքային թեմաներից մեկը ընտրությունների զանգվածային կեղծման մասին նարատիվն էր։ Ակտիվորեն տարածվում էին պնդումներ, թե ընտրությունները մասսայաբար կեղծվելու են։ Այդ համատեքստում շրջանառվում էր նաև այն տեղեկությունը, թե «Հայաստանի էլեկտրական ցանցերը» վերցվել է պետական կառավարման տակ՝ ընտրությունների օրը հոսանքազրկումներ կազմակերպելու և լցոնումներ իրականացնելու նպատակով։

Թեև ընտրատեղամասերում քաղաքական ուժերի վստահված անձանց և դիտորդների ներկայությունը սահմանափակում էր զանգվածային խախտումների հնարավորությունը, նման նարատիվների տարածումը կարող էր այլ նպատակ ունենալ՝ նախապես ձևավորել ընտրությունների արդյունքների նկատմամբ անվստահություն և հնարավոր հետընտրական քաղաքական կամ փողոցային գործընթացների համար տեղեկատվական հիմք ստեղծել։

Մյուս կարևոր թեման «ուկրաինացման» նարատիվն էր։ Ըստ այդ պատումի՝ Հայաստանի եվրոպական ուղղվածությունը կարող է երկիրը ներքաշել Ռուսաստանի դեմ հակամարտության մեջ՝ հանգեցնելով պատերազմի կամ Ռուսաստանի կողմից կոշտ տնտեսական և քաղաքական հակազդեցության։ Այսպիսով, ընտրությունների շուրջ տեղեկատվական պայքարը չէր սահմանափակվում քվեարկության օրվա գործընթացով։ Այն միաժամանակ փորձում էր ձևավորել հասարակության պատկերացումները նաև այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ ընտրություններից հետո։

Ապատեղեկատվության տարածման համար նպաստավոր միջավայր ստեղծեց նաև քաղաքական պոպուլիզմի և տեղեկատվական մանիպուլյացիաների սերտաճումը։ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի համոզմամբ՝ ապատեղեկատվությունն ու մանիպուլյացիաները սերտաճել են քաղաքական գործունեության հետ, իսկ բարձր տոկոսներ ստացած քաղաքական ուժերը լայնորեն կիրառել են պոպուլիզմն ու քաղաքական ստախոսությունը։

«Դա քաղաքական ստախոսությունն է՝ սուտ խոստումներ տալ… Դու ինչքան ուզում ես գիտելիք տուր մարդկանց, սովորեցրու, բայց դրա արդյունավետությունը անհամեմատ փոքր է, քան թե կլիներ, եթե կողքը ապատեղեկատվության հրաբուխներ չլինեին։ Անընդհատ լավան գալիս, ծածկում է բարեխիղճ լրատվությունը»,- նշում է Բարսեղյանը։

Խնդիրը խորանում է սոցիալական ցանցերում ձևավորված տեղեկատվական «պղպջակների» պատճառով։ TikTok-ը, Instagram-ը և Facebook-ը տարբեր լսարանների համար ձևավորել էին տեղեկատվական տարբեր միջավայրեր։ Կային խմբեր, որտեղ գերակշռում էին փաստերի ստուգման և վստահելի աղբյուրների վրա հիմնված նյութերը, մինչդեռ այլ միջավայրերում նույն օգտատերերը հիմնականում հանդիպում էին նույն քաղաքական կամ գաղափարական շրջանակի կողմից տարածվող տեղեկատվությանը։

Արթուր Պապյանի խոսքով՝ տեղեկատվական դաշտը խիստ ֆրագմենտացված էր։ Միևնույն իրադարձությունը տարբեր տեղեկատվական «պղպջակներում» կարող էր ունենալ էապես տարբեր մեկնաբանություններ, իսկ դրանցից մեկում ապատեղեկատվությունը կարող էր ամբողջությամբ գերակշռել։

Այս իրավիճակում հեռուստատեսության բարձր վարկանիշը որոշակի զսպող դեր է ունեցել։ Ի տարբերություն սոցիալական ցանցերի, որտեղ կեղծ լուրը կարող է տարածվել վայրկյանների ընթացքում, հեռուստատեսային արտադրանքը սովորաբար անցնում է խմբագրական մի քանի փուլ՝ նկարահանում, աղբյուրների և կարծիքների հավաքագրում, մոնտաժ։ Սա հնարավորություն է տալիս որոշ չափով զտել ակնհայտ կեղծ կամ չստուգված տեղեկատվությունը։

Ապատեղեկատվության ազդեցությունը, սակայն, նույնը չէր Հայաստանի բոլոր հատվածներում։ Այն առավել ակտիվ էր այն տարածքներում, որտեղ առկա էին բարդ, չճշգրտված իրավիճակներ և բարձր անորոշություն։ Սյունիքում, Տավուշում և Վայոց Ձորի՝ հատկապես Ջերմուկի հատվածում, սահմանազատման գործընթացը, ադրբեջանական ներկայության վերաբերյալ մտահոգությունները, տարանցիկ ճանապարհների ապագան և տարածաշրջանային տնտեսական ու աշխարհաքաղաքական շահերը ստեղծում էին մանիպուլյացիաների համար նպաստավոր միջավայր։

Գյումրիում և Վանաձորում տեղեկատվական օրակարգի վրա ազդում էին համայնքային կառավարման հետ կապված խնդիրները, պաշտոնյաների շուրջ զարգացումները և «նախկին-ներկա» քաղաքական հակադրությունը։ Քաղաքական անհասկանալի իրավիճակները նպաստում էին պաշտոնների բաշխման, կառավարման և քաղաքական ազդեցության վերաբերյալ տարբեր շահարկումների տարածմանը։

Այս ֆոնին ի հայտ է գալիս նաև մարզային մեդիայի ճգնաժամի խնդիրը։ Տեսականորեն հենց մարզային լրագրողը կարող է ամենաարագ հասնել դեպքի վայր և տեղում ստուգել կամ հերքել շրջանառվող կեղծ տեղեկությունը։ Սակայն ֆինանսական և ինստիտուցիոնալ կախվածությունը հաճախ սահմանափակում է այդ հնարավորությունը։

Արթուր Պապյանի գնահատմամբ՝ մարզային լրագրողները, որոնք կարող էին արագ արձագանքել նման իրավիճակներին, հաճախ կախվածության մեջ են տեղական ազդեցիկ կամ քաղաքական խմբերից։ Ֆինանսական անկախության պակասը թույլ չի տալիս մարզային մեդիային լիարժեքորեն ստանձնել անաչառ տեղեկատվական միջնորդի դեր։ Ուստի ապատեղեկատվության դեմ պայքարը միայն փաստերի ստուգման խնդիր չէ։ Այն նաև անկախ մարզային լրագրության գոյատևման և զարգացման խնդիր է։

Ապատեղեկատվության ազդեցությունը ընտրությունների վերջնարդյունքի վրա դժվար է չափել մեկ գործոնով, սակայն դրա ազդեցությունը ընտրողների տրամադրությունների և քաղաքական ուժերի վարքագծի վրա ակնհայտորեն տեսանելի էր։ Ըստ միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) պարբերական հարցումների՝ նախընտրական շրջանում իշխանության և ընդդիմության վարկանիշները տատանվում էին նաև հանրային օրակարգում շրջանառվող նարատիվների և դրանց հակազդեցության ֆոնին։

Քաղաքական ուժերը հետևում էին, թե որ թեմաներն ու նարատիվներն են աշխատում։ Երբ իշխանությունը նկատում էր, որ որևէ խոսույթ բացասաբար է ազդում իր վարկանիշի վրա, այն կարող էր փոխվել կամ դուրս մղվել քաղաքական օրակարգից։ Այս իմաստով քաղաքական ուժերը ոչ միայն ստեղծում էին տեղեկատվական նարատիվներ, այլև մշտապես արձագանքում էին դրանց հանրային ազդեցությանը։

Միաժամանակ 2026 թվականի ընտրական գործընթացում նկատվեց պետական կառույցների ավելի արագ և համակարգված հաղորդակցություն։ Ի տարբերություն 2021 թվականի ընտրությունների, երբ պաշտոնական տարբեր աղբյուրների միջև հակասությունները, այդ թվում՝ Սև լճի դեպքերի վերաբերյալ, բարդացնում էին փաստերի ստուգման աշխատանքը, 2026-ին պետական մարմինները ավելի հաճախ փորձում էին նախահարձակ կերպով արձագանքել շրջանառվող կեղծ կամ մանիպուլյատիվ տեղեկություններին։

Այդ արձագանքները հատկապես նկատելի էին «թրքացման», մզկիթների կառուցման և արտաքին քաղաքականության վերաբերյալ տարածվող նարատիվների դեպքում։ Սակայն այստեղ առաջանում է ևս մեկ կարևոր հարց․ որքանո՞վ կարող է պետական հակազդեցությունը լինել արդյունավետ՝ առանց վերածվելու տեղեկատվական դաշտի վերահսկողության գործիքի։

Հասարակության շրջանում ֆեյք լուրերի վերաբերյալ նույնպես առկա են տարբեր դիտարկումներ և մտահոգություններ։ Քաղաքացիների կարծիքով՝ կեղծ լուրերն առավել ակտիվանում են նախընտրական շրջանում և պատերազմների ժամանակ։ Նրանք հաճախ ապատեղեկատվության տարածման աղբյուրներ են համարում Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը, մինչդեռ կեղծ և միմյանց հակասող տեղեկություններն առավել հաճախ նկատում են քաղաքական թեմաների շուրջ։

Քաղաքացիները նաև նշում են, որ որոշ կեղծ լուրեր լուրջ վտանգ են պարունակում, քանի որ կարող են ազդել ընտրությունների ելքի, մարդկանց քաղաքական դիրքորոշումների և հետագա քայլերի վրա։ Միևնույն ժամանակ, տեղեկատվության կեղծ լինելը պարզելու պատասխանատվությունը քաղաքացիները մեծապես կապում են անհատի ընկալման և քննադատական մտածողության հետ։ Այս մոտեցմամբ ապատեղեկատվության դեմ պայքարը միայն պետության կամ լրատվամիջոցների խնդիրը չէ։ Այն նաև կրթական և հասարակական խնդիր է։

2026 թվականի ԱԺ ընտրությունների տեղեկատվական պատկերը ցույց տվեց, որ տեխնոլոգիաների և արհեստական բանականության զարգացման պայմաններում ապատեղեկատվությունը դարձել է քաղաքական պայքարի անբաժանելի, սակայն վտանգավոր բաղադրիչ։ ԱԲ գործիքների հասանելիությունը փոխեց կեղծ բովանդակության ստեղծման հնարավորությունները, սոցիալական ցանցերի ալգորիթմները արագացրին դրա տարածումը, իսկ քաղաքական բևեռացվածությունն ու հասարակական անորոշությունները մեծացրին դրա ազդեցության ներուժը։

Միևնույն ժամանակ ընտրական գործընթացը ցույց տվեց, որ ապատեղեկատվությունն առավել արդյունավետ է այն ժամանակ, երբ այն կառուցվում է հասարակության իրական վախերի և մտահոգությունների վրա։ Անվտանգությունը, պատերազմը, ազգային ինքնությունը, ժողովրդագրությունը, եկեղեցու դերը և արտաքին քաղաքական կողմնորոշումը դարձան այն թեմաները, որոնց շուրջ ձևավորվեցին ամենաազդեցիկ նարատիվները։

Այս պայմաններում խնդրի լուծումը միայն ավելի խիստ կարգավորումների մեջ չէ։ Ինչպես նշում է Արևիկ Սահակյանը, չնայած առկա մտահոգություններին՝ Հայաստանում շարունակում է պահպանվել խոսքի ազատության կարևոր միջավայրը, և ապատեղեկատվության դեմ պայքարը չպետք է վերածվի խոսքի ազատությունը սահմանափակող մեխանիզմի։

Փոխարենը անհրաժեշտ է միաժամանակ զարգացնել մի քանի ուղղություն՝ աջակցել անկախ և որակյալ լրագրությանը, ամրապնդել մարզային մեդիայի ֆինանսական և ինստիտուցիոնալ կայունությունը, ապահովել պետական կառույցների թափանցիկ և արագ հաղորդակցությունը, զարգացնել փաստերի ստուգման գործիքները և խորացնել հանրության մեդիագրագիտությունը։

Արհեստական բանականության զարգացման պայմաններում, սակայն, մեդիագրագիտության բովանդակությունն ինքն էլ պետք է փոխվի։ Եթե նախկինում քաղաքացին պետք է կարողանար տարբերել իրական լուսանկարը կեղծից, ապա այսօր անհրաժեշտ է հասկանալ նաև՝ ով է ստեղծել բովանդակությունը, ինչ նպատակով է այն տարածվում, ինչ աղբյուրների վրա է հիմնված, որտեղ է ավարտվում փաստը և սկսվում մեկնաբանությունը, իսկ որտեղ է մանիպուլյացիան։

2026 թվականի ընտրությունների գլխավոր տեղեկատվական դասը հենց սա է․ տեխնոլոգիաները փոխել են ապատեղեկատվության արագությունն ու մասշտաբը, սակայն դրա դեմ պայքարի ամենակայուն գործիքները շարունակում են մնալ վստահելի տեղեկատվությունը, անկախ լրագրությունը, թափանցիկ պետական հաղորդակցությունը և քաղաքացիների քննադատական մտածողությունը։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Comments Are Closed!!!