2016թ մարտի 22-24 Ստրասբուրգում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 30-րդ նստաշրջանը: Այն համաեվրոպական քաղաղական հավաք է, որի 636 անդամները ընտրված ներկայացուցիչներ են (կարող են լինել շրջանային կամ համայնքային ավագանու անդամներ, քաղաքապետեր կամ տարածքային իշխանությունների նախագահներ), որոնք ներկայացնում են 47 անդամ պետությունների ավելի քան 200000 իշխանություններ: Կոնգրեսը հանդիսանում է Եվրոպական տարածքային և տեղական իշխանության մարմինների շահերի արտահայտիչը: Այն ներկայացուցչական համահավաք է, որի շրջանակներում տեղական և տարածքային իշխանությունների կողմից ընտրված ներկայացուցիչները կարող են քննարկել ընդհանուր խնդիրներ, կատարել փորձի փոխանակություն և կառավարություններին ներկայացնել իրենց տեսակետները: Կոնգրեսը կանոնավոր կերպով զեկույցներ է նախապատրաստում Խորհրդի անդամ, ինչպես նաև անդամության թեկնածու բոլոր պետություններում ընթացող տեղական և տարածքային ժողովրդավարական գործընթացի վերաբերյալ և, մասնավորապես, հետևում է, թե ինչպես են իրականացվում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքները:
2014թ.-ից Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը կիրառում է յուրաքնչյուր ԵԽ անդամ երկրից մեկական <<Երիտասարդ պատվիրակ>> հրավիրելու և ազգային պատվիրակությունների մեջ վերջիններիս ներառելու պրակտիկան: Նպատակն է` երկխոսության հարթակ ստեղծել երիտասարդների և տեղական և տարածքային իշխանությունների ներկայացուցիչների միջև, ինչպես նաև հնարավորություն տալ երիտասարդներին արտահայտել իրենց կարծիքը քննարկվող թեմաների շուրջ: «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ-ի անդամ` Լիդա Պողոսյանը, Կոնգրեսի կողմից ընտրվել է որպես <<Երիտասարդ պատվիրակ>> և 40 երիտասարդների հետ Կոնգրեսում ներկայացրել է Եվրոպայի երիտասարդներին: Նա մասնակցել է Կոնգրեսի 30-րդ` գարնանային նստաշրջանին, ինչպես նաև կմասնակցի Կոնգրեսի աշնանային` 31-րդ նստաշրջանին:
Կոնգրեսի 30-րդ նստաշրջանի շրջանակներում քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Էթիկան և թափանցիկությունը տեղական և տարածքային մակարդակներում, ՏԻՄ-ի դերը թրաֆիքինգի դեմ պայքարում, միգրանտների ինտեգրացումը տեղական մակարդակում, կոռուպցիայի դեմ պայքարը, հասարակության արմատականացումը և ռասսիզմը, միջմշակութային հասարակության ձևավորումը, Ուկրաինայի տեղական ընտրությունները, Ֆրանսիայի և Սլովակիայի տեղական և տարածքային ժողովրադավարությունը, հետմոնիտորինգային երկխոսությունն և այլն:
Լիդա Պողոսյանը ԵԽ անդամ երկրների մի խումբ երիտասարդների հետ իրականացնելու է <<ՅութԱս>> ծրագիրը, որի նպատակն է 12-26 տարեկան երիտասարդներին ներկայացնել Կոնգրեսի աշխատանքները և <<Տեղական և տարածքային կյանքում երիտասարդների մասնակցության վերանայված եվրոպական խարտիան >> : Ծրագիրը բաց է մասնակցել ցանկացող յուրաքանչյուր երիտասարդի համար: