Նոր ձեւավորված ԱԺ-ի առաջին նստաշրջանի ընթացքում հրավիրվել է 13 նիստ (ներառյալ արտահերթ նիստերը): Շիրակի մարզից ընտրված 6 պատգամավորից միայն մեկը` Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի (ներկայում Շիրակի պետական համալսարան) նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ԲՀԿ-ական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանն է եղել ակտիվ, ամբիոնից բարձրացրել է տարբեր հարցեր, ներկայացել նաեւ առաջարկությամբ:
Մեկ հարց-կարծիք հայտնել է Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ պատգամավոր, անկուսակցական Ֆելիքս Ցոլակյանը:
Մայիսի 20-ին Վ.Գրիգորյանը ներկայացրել է իր անելիքը` որպես տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
–Ես գիտակցում եմ այս հանձնաժողովի նախագահի պատասխանատվության չափը, բայց վստահեցնում եմ ձեզ, որ իմ խորհրդարանական աշխատանքային փորձը եւ կազմակերպչական ունակությունները հնարավորություն կտան այդ պատասխանատվությունը պատվով կրելու։
Ես կուզենամ շատ համառոտ ներկայացնել այն հարցերի շրջանակը, որը հետագայում կդառնա մեր հանձնաժողովի քննարկվող հարցեր։ Իհարկե, ներկայացված հարցերը չեն սահմանափակում կամ չեն ամփոփում հանձնաժողովի հետագա ամբողջական աշխատանքը, բայց հուսով եմ, որ աշխատանքի ընթացքում կլինեն այնպիսի հարցեր, որոնք շատ արագ քննարկվելու եւ լուծումների պահանջ կունենան։ Ես ուզում եմ հարցերի շրջանակը ներկայացնել ըստ ոլորտների։
1-ինը՝ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտը, կարեւոր խնդիր ենք համարում համայնքների խոշորացումը։ Գործընթացը սկսվել է, եւ ներկայումս շարունակում են քննարկումներ՝ այդ ծրագիրը մյուս համայնքներում իրականացնելու համար։ Ես գտնում եմ, որ այն պետք է գտնվի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։
2-րդ կարեւոր հարցը՝ տարածքային համաչափ զարգացման հարցն է, որ այսօր մեր երկրի համար դարձել է գերխնդիր։ Պետք է փորձենք գտնել ուղիներ՝ նշված հարցերը կարգավորելու համար։ Համայնքների խնդիրների լուծման նպատակով պետական կառավարման եւ ՏԻՄ-ի փոխհարաբերությունների հստակեցում, համայնքների ֆինանսական հնարավորությունների ընդլայնում։
Գյուղատնտեսության ոլորտում, քանի որ մեր հանրապետության ազգաբնակչության զգալի մասը զբաղված է գյուղատնտեսական աշխատանքներով, հարկավոր է ստեղծել այնպիսի օրենսդրական դաշտ, որ այդ աշխատանքները դառնան եկամտաբեր եւ արտադրանքը հասանելի լինի սպառողին։
Օրենսդրական փոփոխություններով կարգավորել չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի շրջանառության մեջ ներգրավումը եւ ոռոգվող տարածքների ընդարձակման մեխանիզմների մշակումը։ Գյուղատնտեսական տնտեսությունների կոոպերացիայի խթանման ուղղությամբ միջոցառումների իրականացում։ Ցածր տոկոսադրույքներով նպատակային վարկերի տրամադրում։ Գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծավալների ավելացում։ Գյուղատնտեսական նշանակության տեխնիկական միջոցների ձեւավորման խթանում։ Գյուղատնտեսության ապահովագրություն։ Ոռոգման համակարգի հասանելիության եւ արդյունավետության բարձրացում։
Բնապահպանության ոլորտ։ Այսօր մարդկանց առջեւ ծառացած խնդիրներից մեկը շրջակա միջավայրի պահպանությունն է։ Չի կարելի թույլատրել պատճառաբանված որեւէ գործողություն, որը կարող է էական վնաս պատճառել շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների բնական օգտագործմանը, որը մեր հիմնական թիրախն է։ Օրենսդրությունը պետք է միտված լինի դրան։
Էկոլոգիական քաղաքականության օրենսդրական նոր հենքերի ստեղծում։ Բնության հատուկ պահպանվող տարածքների եւ նրանց հետագա խնդիրը եւս կլինեն հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։
Հարգելի գործընկերներ, ձեր վստահության քվեն ստանալու դեպքում հավաստիացնում եմ, որ հանձնաժողովում կստեղծվեն այնպիսի հարաբերություններ, որոնք կնպաստեն հանձնաժողովի թափանցիկ եւ արդյունավետ աշխատանքին՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին, համայնքների ներկայացուցիչներին, ՀԿ-ներին եւ փորձագետներին,-ասել է նա։
ԱԺ-ի հունիսի 8-ի նիստում պատգամավոր Վ.Գրիգորյանը հարց է ուղղել ու հետաքրքրվել օրակարգային թեմայով` խոշորացվող համայնքների ճակատարգով:
-…Հարգելի կառավարություն, դուք արդեն համայնքների խոշորացման 18 ծրագրեր եք իրականացրել, որոնց արդյունքները այդքան էլ հուսադրող չեն, քանի որ անձամբ եղել եմ մի շարք խոշորացված համայնքներում, մասնավորապես` Աշոցք–Ամասիա, որտեղ գրեթե ոչինչ չի փոխվել, եւ մինչեւ օրս նշված համայնքներում ոչ մի լուրջ ծրագիր չի իրականացվել` նույն անանցանելի ճանապարհները, գյուղացիների հուսահատ, աղքատ ու վաղվա նկատմամբ անհուսալի վիճակը:
Հարգելի գործընկերներ, վարչատարածքային բարեփոխումների իրականացման կարեւոր նպատակներից մեկը, կայացած ՏԻՄ համակարգ ունենալն է, սակայն կարծում եմ` այն իր նպատակին մինչ օրս չի ծառայել: Մեր ընկալման մեջ տեղական մտածողությունը, ուզենք թե չուզենք, առաջնային է: Խոշորացվող համայնքների բնակչության մոտ մտավախություն կա, որ իրենց համայնքները անուշադրության կմատնվեն, եւ եղած սուղ միջոցները հիմնականում կուղղվեն կենտրոնի խնդիրների լուծմանը:
Հարգելի գործընկերներ, կառավարությունը մատնանշում է խոշորացված համայնքներում իրականացված եւ իրականացվելիք ծրագրերի մասին, որի ընթացքում համայնքներին մի քանի տեխնիկա է հատկացվել, եւ մի քանի լուսարձակներ են տեղադրվել, որոնք էականորեն չեն փոխել այդ համայնքների կենսամակարդակը եւ ապրելակերպը: Իմիջիայլոց ասեմ` այդ ծրագրերը ֆինանսավորել են միջազգային կազմակերպությունները, եւ հարցականի տակ է` հետագա այս երրորդ փուլում կֆինանսավորե՞ն այդ միջազգային կազմակերպությունները, թե՞ ոչ, քանի որ ես հանդիպել են, եւ դա կասկածի տակ է, եւ նոր պայմանագիր կնքված չէ:
Իմ կարծիքով, այն խոշորացված համայնքներում, որտեղ տնտեսական եւ կառավարման ոլորտում չի նկատվում էական առաջընթաց, խոսում է այն մասին, որ շտապողականությունը հանգեցնելու է այս ծրագրի բացասական հետեւանքների իրականացմանը, մասնավորապես` երկրի տնտեսության եւ անվտանգության համատեքստում, եւ այդ պատճառով հորդորում եմ կառավարությանը հետ վերցնել ներկայացված նախագիծը, եւ խոշորացված համայնքներում ծրագրերի արդյունավետ իրականացումը ապահովելուց հետո նոր խոշորացման ծրագրեր ներկայացնել, որն էլ կշահագրգռի մնացած համայնքներին, կամավորության սկզբունքով մասնակցել այդ գործընթացին, եւ ոչ թե պարտադրանքով, ինչպես կատարվում է այսօր:
Այն է`մարզպետարաններում համայնքների ղեկավարների մասնակցությամբ քննարկում է կազմակերպվում, որի ժամանակ ներկայացվում է ծրագիրը նշվելով, որ սա քաղաքական գործընթաց է, որը ավարտին է հասցվելու: Համայնքի ղեկավարներն էլ ելնելով վերը նշված հանգամանքից, մեծամասամբ կողմ են արտահայտվում ծրագրի շուրջ, խոշորացված համայնքներում գոնե վարչական ղեկավար նշանակելու եւ հանապազօրյա հաց վաստակելու ակնկալիքով:
Խոշորացման բացասական հետեւանքներից է նաեւ խոշորացված համայնքներում ավագանիների թվի անհավասարապես բաշխումը: Իմ կարծիքով, խոշորացման միակ դրական կետը այն է, որ խոշորացված համայնքի ղեկավարը համապետական ընտրությունների ժամանակ չի կարող ունենալ այն ազդեցությունը, ինչ ունեցել են նախկին համայնքի ղեկավարները: Ասելիքս կայանում է նրանում, որ ցանկացած վարչատարածքային բարեփոխում պետք է իրականացնել այնպիսի ռազմավարական ծրագրի առկայության եւ կիրառման դեպքում, որ կապահովի Սահմանադրությամբ սահմանված համայնքների համաչափ զարգացումը, քանզի, ինչպես ասում է Բալզակը՝ որքան էլ հետաքրքիր եւ գեղեցիկ ձեւավորված լինի լապտերը, նախ եւ առաջ, այն պետք է լուսավորի: Շնորհակալություն,-ասել է նա:
Կառավարության` 2017-2021 թվականների ծրագրի վերաբերյալ եւս Վ.Գրիգորյանն հարց է ուղղել ԱԺ-ի հունիսի 21-ի նիստի ընթացքում
-… Այսօր երկու ոլորտային հարց եմ ուզում բարձրացնել։ Առաջինը՝ ծրագրում 2017-2022թթ. ընթացքում համայնքի սեփական եկամուտների բաժնեմասն ավելացնելու համար նախատեսվում է սահմանել նոր տեղական հարկեր։ Ի՞նչ հարկատեսակների մասին է խոսքը եւ արդյոք դա չի՞ նպաստի ազգաբնակչության հարկային բեռի եւ աղքատ խավի ավելացմանը, եւ էմիգրացիայի։ Եվ երկրորդ՝ ներկայացված ծրագրում սահմանվել է, որ 2019թ. ավարտին պետք է մշակվի ոռոգման ջրի մասին ՀՀ օրենքի նախագիծ։ Իհարկե, դա շատ կարեւոր է…
-Պրն վարչապետ, ես ընթերցեմ ծրագրում այն դրույթը, որի հարցը բարձրացրեցի՝ 2017-2022թթ. ընթացքում հետեւողականորեն ավելացնել համայնքի եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտների բաժնեմասը՝ հավաքագրման կարգուկանոնի բարձրացման, նոր տեղական հարկերի սահմանման եւ նոր ձեռնարկությունների համար եկամտահարկի մասնահանումների կիրարկման միջոցով։ Այսինքն՝ խոսքը գնում է նոր հարկատեսակների մասին,-ասել է Վ.Գրիգորյանը։
Վարչապետ Կ.Կարապետյանը պատասխանել է.
-Շատ լավ։ Գուցե ձեւակերպումը կոռեկտ չի, մենք դա չենք նկատի ունեցել, մենք դա կուղղենք։ Խոսքը չի գնում նոր հարկատեսակի մասին, մենք ասում ենք, որ սեփական եկամուտները հստակ պետք է կառավարվեն, կարգավորվեն, մենք այնտեղ տեսնում ենք որոշակի լուրթ։
Ինչ վերաբերում է հարկային մուտքերի սեփական ավելացմանը, քիչ առաջ ես բացատրեցի, թե ոնց ենք պատկերացնում,-ասել է վարչապետը։
Հուլիսի 4-ի ԱԺ նինտին Վ.Գրիգորյանը հետարքրվել է, թե ինչու չի ընդունվել իր առաջարկը` «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին:
–Գիտե՞ք, կան մի շարք հակասական մոտեցումներ։ Ճիշտ կլիներ, որ այդ կազմակերպություններն ավելի հիմնավոր կարողանային ներկայացնել, թե մենք ինչքանո՞վ կկարողանանք օգտվել 100 մլն խմ ջուրը բաց թողնելուց, եւ ինչքանո՞վ կվնասենք Սեւանին, թեկուզ էկոհամակարգի բարոյական իմաստով, որովհետեւ Սեւանը ոչ միայն մեր ժողովրդինն է, Սեւանը հայ ժողովրդինն է։ Ես երեկ ավելին ասացի՝ Սեւանը համամարդկային արժեք է։ Այսօր մեր այս տարածաշրջանում Աստված մեզ տվել է ամենամեծ արժեքներից մեկը՝ ի դեմս Սեւանի։Այստեղ խոսում են նաեւ 130 հազար գյուղացիական տնտեսությունների մասին։ Արդեն իմ գործընկերներն ասացին, որ ստացել ենք բազմաթիվ դիմումներ, նամակներ այդ գյուղացիական տնտեսություններից, եւ մենք կողմ ենք քվեարկելու այս նախագծին։ Պրն Հարությունյան, իմ կողմից եղել է առաջարկություն, հա՞, սույն օրենքի 4-րդ կետը շարադրել, ուրեմն՝ սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից եւ գործում է մինչեւ 2017թ. դեկտեմբերի 1-ը։
Դուք չեք ընդունել այդ առաջարկը՝ պատճառաբանելով, որ արտաբյուջետային հաշվին այդ գումարները կարող է փոխանցվել 2017թ. վերջ կամ 2018թ. սկիզբ, հա՞, իսկ մենք բյուջեի քննարկումները սկսելու ենք նոյեմբեր ամսից։ Ի՞նչը կխանգարեր, եթե մենք նոր բյուջեի մեջ պլանավորեինք մոտավորապես այդ գումարը, որովհետեւ բյուջեն քննարկման ժամանակ էլի պլանավորված գումարների քննարկում է, այսինքն՝ ոչ կոնկրետ գումարների, այլ պլանավորում ենք մենք այդ գումարները։ Ի՞նչը կխանգարեր, որ, ասենք, եթե նույնիսկ 2018-ը փոխանցվեր այդ գումարներն արտաբյուջետային հաշվին, մենք կարողանայինք մտցնել ըտեղ,-ասել է Վ.Գրիգորյանը:
Հուլիսի 7-ին հարց է ուղղել Շիրակի մարզից ընտրված, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցլակյանը` «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016 թվականի գործունեության մասին» հաղորդման մասին:
-…Այս վերջերս դուք բոլորդ տեղյակ եք դեպքերին, որ ադրբեջանցի մի երեխա զոհվեց։ Բոլորիս համար ցավ է երեխայի մահն ընդհանրապես, բայց հետաքրքիրն ի՞նչ է։ Մեր բոլոր սայթերում այդ պատկերն է անընդհատ երեւում, որը ես համարում եմ, չգիտեմ՝ սխա՞լ, թե՞ ինչ։ Գիտե՞ք, մի անգամ ցույց տվեցին, տեսանք, հասկացանք, անընդհատ մեր սայթերում պտտվում է այդ երեխայի նկարը։ Ի՞նչն է նպատակը, ես չեմ հասկանում։ Սրան հետեւել կարելի է, սրան կարելի է ինչ–որ բան անել, որ չլինի։ Գիտե՞ք, եղել է բան, երբ մեր երեխաներից զոհվում էին, այս վերջերս ֆիլմ են հանել, երեկ ֆիլմ էին ցույց տալիս, իհարկե, մի քիչ ուշացումով են այս բաներն արվում, դա պիտի մի քիչ ավելի շուտ արվեր, բայց կոնկրետ այս պարագայում ես գտնում եմ, որ կա պահ, որ պետք է ձեռքը բռնել ու ասել մի՛ արա դա, պետք չի՛ դա անել։ Սա էր ասելիքս, ես ուրիշ բան չունեմ,-ասել է Ֆ.Ցոլակյանը:
Հասարակական մեծ հնչեղության արժանացավ ԱԺ-ի` հուլիսի 10-ի նիստի ընթացքում Վ.Գրիգորյանի բարձրացրած հարցը: Պատգամավորը հարց ուղղեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին:
–Պրն Մուկուչյան, գիտե՞ք ինչ էր շրջանառվում գյումրեցիների կողմից Գյումրու ավագանու ընտրություններից հետո, որ, «պրն Մուկուչյան, մենք ձեզ ի՞նչ վատություն էինք արել, որ դուք մեր 66% ձայներն անտեսեցիք, եւ 34% ձայն ունեցող Բալասանյան Սամվելին կարգեցիք Գյումրիի քաղաքապետ»։ Արդյոք չեք գտնու՞մ, որ այդ օրենքն ունի լուրջ թերություններ, եւ որպես կիրառական մասի պատասխանատու, որովհետեւ դուք եք կիրառության մեջ դնում այդ օրենքը։ Ձեր կողմից կլինեն առաջարկություններ, այդ օրենքում փոփոխություններ կատարելու, որովհետեւ մենք խոսում ենք Սահմանադրությունից, որ ժողովուրդն է ձեւավորում իշխանությունը, փաստորեն, այսօր 66% ձայն ունեցող կուսակցությունները գործնականում չեն կարող իրենց աշխատանքն իրականացնել ոչ օրենսդիրում՝ որպես ավագանիներ, ոչ գործադիրում։
Նույն օրը Վ.Գրիգորյանը Տ.Մուկուչյանից հետաքրքվեց նաեւ ԱԺ ընտրությունների օրը տեխնիկական սարքավորումների տեղադրման հարցերով:
–Հարգելի պրն Մուկուչյան, ձեր հաղորդման մեջ դուք նշեցիք տեխնիկական սարքավորումների մասին, որ օգնել են, ավելի ճիշտ հաշվառում կատարելու, բացառել են կրկնակի քվեարկությունների հնարավորությունը։ Ես ուզում եմ իմանալ, թե տեխնիկական սարքավորումներն իրենց նպատակին ծառայե՞լ են, որովհետեւ այդ տեխնիկական սարքավորումներով ամբողջ հանրապետության տարածքում պետք է լիներ ցանց, որպեսզի բացառեին կրկնակի քվեարկությունը նույն մարդու կողմից։ Այդ ցանցը ոչ միայն ամբողջ հանրապետությունում չստեղծվեց, այլ չստեղծվեց նաեւ այն բնակավայրերում, որտեղ մեկից ավելի տեղամասեր կային։ Օրինակ՝ Գյումրիում այդ սարքերը գործում էին միայն տեղամասում։ Շատ տեղամասերում անսարքության պատճառով քվեարկողները մի քանի անգամ մոտենում էին այդ սարքին՝ քվեարկելու համար։ Իմ կարծիքով հանձնաժողովի անդամները, վստահված անձինք կարող էին տեղամասում ապահովել կրկնակի քվեարկության բացառելու հնարավորությունը։ Այդ օրը Գյումրիում այլ բնակավայրերից մարդիկ կային, նույնիսկ լրագրողները հարցնում էին, թե ի՞նչն է պատճառը, որ Սյունիքից եկել են, Գյումրիում են քվեարկում … ,-ասել է Վ.Գրիգորյանը:
Անի Մկրտչյան
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:
Նիստերի սղագրության աղբյուրը` parliament.am