Գյումրու բյուջեն 5 մլրդ-ի հասցնելու տարբերակ

Գյումրու բյուջեն 5 մլրդ-ի հասցնելու տարբերակ

Ավագանին հաջորդ տարի ուղերձ կհղի ԱԺ-ին եւ ՀՀ կառավարությանը

Այսօր համայնքների բյուջեները ձեւավորվում են հիմնականում սեփական եկամուտներից`տեղական տուրքերից, հարկերից, տույժերից, վարձավճարներից եւ պետական աջակցությունից` դոտացիայից:

Գյումրու համայնքային բյուջեն վերջին տարիներին տատանվում է 3 միլիարդ 100 միլիոնի եւ 3 միլիադ 200 միլիոն ՀՀ դրամի սահմաններում, որից պետական դոտացիան կազմում է շուրջ 2 միլիարդ: Վերջին 1-2 տարիներին դոտացիան մի քանի միլիոնով պակասել է:  Հանրապետության երկրորդ քաղաքի սեփական եկամուտները կազմում են շուրջ մեկ միլիարդ ու մի քանի հարյուր միլիոն, որը համայնքի բյուջեի մոտ 1/3-րդ մասն է կազմում:23414641_1499864106765539_930896501_n

Վերջին 3 տարում քաղաքապետարանը, նաեւ շահագրգիռ կառույցներ, տնտեսագետներ բարձաձայնում են, որ, կառավարությունը, Աժ-ը, հաշվի առնելով Գյումրու սոցիալ տնտեսական վատթար վիճակը, պետք է ավելացնի պետական աջակցության ծավալը: Մասնավորապես պետական բյուջե գնացող Գյումրու եկամտահարկի մի մասն անհրաժեշտ է փոխանցել Գյումրու բյուջե` միաժամանակ չպակասեցնել պետական դոտացիայի ծավալը:

Այս թեմայով Գյումրու քաղաքապետարանում մի քանի տարի առաջ եղան քննարկումներ: Գյումրուն արտոնություններ տալու խնդրանքով` ԱԺ-ի որոշ պատգամավորների հանձնվեցին առաջարկությունների փաթեթներ, սակայն արդյունքում որեւէ դրական փոփոխություն չեղավ:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն արդեն որոշակի հաշվարկներ է կատարել եւ եզրահանգել, որ եկամտահարկի մի մասը Գյումրու բյուջե փոխանցելու դեպքում համայնքի տարեկան բյուջեն 3 մլրդ-ի փոխարեն կկազմի 5 մլրդ:

Ավագանու նոյեմբերի 6-ի նիստի ընթացքում ‹‹Հայկական վերածնունդ›› խմբակցության ավագանու անդամ Հասմիկ Եղիազարյանը հետաքրքրվեց, թե եկամտահարկը չի՞ վերադարձվում արդյոք քաղաքային բյուջե:P1510581

Գյումրու քաղաքապետը պատասխանեց. ‹‹Միայն դոտացիայի տեսքով: Եկամտահարկը առանձին չի մտնում բյուջե: Իրենք դոտացիան են տալիս››:

Խմբակցության անդամն հարցրեց, թե հնարավոր չէ ավագանին ուղերձով ներկայանա, դիմի ԱԺ-ի պատգամավորներին քաղաքի եկամտահարկից որոշակի մասհանում փոխանցվի Գյումրու բյուջե:P1970152

‹‹Չեմ կարող ասել, թե մեր դիմելուց հետո օրենքում փոփոխություն կլինի, որովհետեւ դա մեկ համայնքի հետ կապված չէ: Եթե ընտրությունն անցկացնում ենք Երեւանի օրենքով եւ մենք ընդամենը համահարթեցումով ենք օգտվում մեր պետական բյուջեից, այստեղ ոնց որ խզում կա, կա անհամապատասխանություն: Գյումրուն եւ Վանաձորին պետք է տան նույն կարգավիճակը, ինչպես Երեւանին: Եթե կառավարությունը ցանկություն ունենա երկու քաղաքի հետ կապված այս հարցին լուծում կտա, բայց չեմ կարծում, որ շատ արագ կլինի` մինչեւ ապրիլ: Ապրիլից հետո նոր կարող ենք մտածել եւ առաջարկություններ անել քաղաքն ունի շահութահարկ, եկամտահարկ››,-պատասխանեց Ս.Բալասանյանը:

Մեր հավաստի տեղեկություններով` 2018 թվականի ապրիլից հետո Գյումրու ավագանին` տեղական բյուջեն ավելացնելու այս տարբերակի վերաբերյալ գրավոր ուղերձ է հղելու ԱԺ-ին ու ՀՀ կառավարությանը:

Անի Մկրտչյան

©progressgyumri.am  Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring

 

Comments Are Closed!!!