«Քայլ արա՝ մերժիր Սերժին» շարժումը

«Քայլ արա՝ մերժիր Սերժին» շարժումը

Ապրիլի 12-ից մայրաքաղաքում, այնուհետ հանրապետության տարբեր քաղաքներում մեկնարկեց «Քայլ արա՝ մերժիր Սերժին» շարժումը․ զանգվածային միջոցառումներն ուղղված էին հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։

Ցուցարարների նպատակն էր շրջապատել Ազգային ժողովի շենքը եւ թույլ չտալ Սերժ Սարգսյանին ընտրվել վարչապետ։ Սակայն մինչ ընտրության օրը Ազգային ժողովի շենքը փշալարերով եւ ոստիկանության ուժերով շրջափակվեց․ ցուցարարների համար տեխնիկապես անհնար դարձավ ԱԺ շենքի շրջափակումը։

Ապրիլի 17-ին փշալարերի մի կողմում ցուցարարների բողոքն էր, մյուսում վարչապետի ընտրությունը։ 77 կողմ 17 դեմ համամասնությամբ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը։

Ծառուկյան խմբակցության մի մասը դեմ արտահայտվեց, մյուսները բացակա էին, 3 պատգամավոր չմասնակցեց քվեարկությանը, Ելք դաշինքը կազմող Լուսավոր Հայաստան եւ Հանրապետություն կուսակցությունների պատգամավորները եւս դեմ քվեարկեցին, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները բացակա էին։

ՀՀ-ում մեկնարկեցին քայլերթեր, ավտոերթեր, աշակերտները եւ ուսանողները դուրս եկան դասադուլի։ Ոսումնական հաստատությունները սկսեցին փակել շենքերի դռները, ապա սպառնալ դասադուլ հայտարարած աշակերտներին ու ուսանողներին։

Կրթության եւ գիտության նախարարությունը հորդորեց քաղաքական ուժերին, հասարակական նախաձեռնություններին եւ անհատներին` զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից:

Ոստիկանությունը սկսեց բերման ենթրակել ցուցարարներին։

«Հայկական ժամանակ օրաթերթն հրապարակել է․

«Քայլ արա՝ մերժիր Սերժին» շարժումն իր մեջ չունի կոնկրետ սոցիալական բաղադրիչ:

Շարժման մյուս առանձնահատկությունն այն է, որ դրա կազմակերպիչները քաղաքական լայն կոնսոլիդացիայի պայմաններում չէ, որ գործում են: Այսինքն, այս հզոր շարժումը չի սկսվել մի քանի քաղաքական ուժերի միավորման եւ համատեղ գործողության շնորհիվ: Նախկինում շատ թե քիչ հզոր գործընթացներին նախորդել է քաղաքական ուժերի կոնսոլիդացիա: Հակառակը: Շարժման մեկնարկի նախօրեին հիմնական կազմակերպիչ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մենակ մնաց: ԵԼՔ դաշինքի մյուս երկու ուժերը՝ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները ոչ միայն չմիացան ՔՊ-ին, այլեւ նույնիսկ կամա, թե ակամա՝ բարդություններ ստեղծեցին պայքարի դուրս եկած իրենց գործընկեր կուսակցության համար:

Մյուս առանձնահատկությունը շարժման աշխարհագրությունն է: Դժվար է հիշել մի շարժում, որը իր՝ արդեն կայուն «մասնաճյուղերն» ունենա հանրապետության մյուս քաղաքներում, մասնավորապես Գյումրիում եւ Վանաձորում: Այս քաղաքներում արդեն երրորդ օրն է՝ տեղի են ունենում անհնազանդության տպավորիչ գործողություններ, որոնք զարմացնում են հատկապես տեղաբնակներին, որոնց համար քաղաքական օրակարգով փողոց դուրս գալը ֆանտաստիկայի ոլորտից էր»:

Երկրում սկիզբ առած քաղաքացիական անհնազանդությունը, զանգվածային միջոցառումներին իրենց աջակցությունն են հայտնել միջազգային կազմակերպություններ, սփյուռքահայեր։

©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring: Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com

 

Comments Are Closed!!!