Վերջին տարիների Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակը որեւէ հիմք չէր տալիս մտածելու, որ երկրում հնարավոր է տեղի ունենա իշխանափոխություն: Իշխող ՀՀԿ-ն ամեն ինչ արել էր առնվազն մի քանի տարի իշխանության ղեկին մնալու համար, նաեւ սահմանադրական փոփոխությամբ ապահովելով իր առաջնորդ Սերժ Սարգսյանի վարչապետությունը:
Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումների հանդեպ հասարակական անտարբերությունը, ընդդիմադիր ուժերի համակերպվածությունը քաղաքական իրավիճակի ստատուս քվոյին էլ ավելի նպաստավոր պայմաններ էին ստեղծել իշխանության վերարտադրության համար:
Ահա այս կացության մեջ, երբ քաղաքացիական ակտիվիստների մի խումբ նախաձեռնեց «Մերժիր Սերժին» շարժումը, իսկ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սկսեց «Իմ քայլը» ակցիան, քաղաքական ու հասարակական շրջանակները դրանք համարեցին սովորական, տարիների ընթացքում շատ անգամներ տեսած փոքրածավալ ակցիաներ, որոնք մի քանի օր շարունակվելով՝ շատ արագ կավարտվեն եւ որեւէ արդյունքի չեն հասնի:
Սակայն օր օրի մեծացող շարժումը ապրիլի կեսերին, երբ մոտենում էր Ազգային ժողովում վարչապետի ընտրության օրը, այնպիսի մեծ ընդգրկում ունեցավ, որը շատերի համար անսպասելի էր: Թերեւս անսպասելի էր նաեւ նախաձեռնողներից շատերի համար, չնայած մշակվել էր կոնկրետ ծրագիր ու գործողությունների ճանապարհային քարտեզ, որը մինչեւ Գյումրու Վարդանանց հրապարակից մեկնարկած առաջին քայլը ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանը: Այդ առաջին քայլը կատարվեց մի քանի հոգով, Երեւան հասավ հազարներով, այնուհետեւ շարունակվեց տասնյակ հազարներով:
Ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրվեց փշալարերով ու ոստիկաններով շրջափակված խորհրդարանում: Երբ Համաժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն սկսելու մասին, դրան հաջորդող օրերին Երեւանում ու հանրապետության մյուս քաղաքներում փողոցներ դուրս եկած ժողովրդի, հիմնականում երիտասարդների ու ուսանողների բազմամարդությունը ցույց տվեց, որ հանրապետությունում ստեղծված է հեղափոխական վիճակ:
Իշխանությունը, ոստիկանությունը անակնկալի եկան ու անպատրաստ էին ժողովրդի հեղափոխական պոռթկմանը, առավել եւս անպատրաստ էր պայքարի ցանցային այն եղանակներին, որոնք օգտագործում էին ցուցարարները. փողոցների փակում, պետական գերատեսչությունների շրջապատում, մայրաքաղաքի ամբողջ կենտրոնում իրականացվող երթեր, նստացույցեր, դասադուլեր ու գործադուլեր, ավտոերթեր, մարզերից եկող ցուցարարների մեծ խմբեր, Հանրապետության հրապարակում անցկացվող աննախադեպ ծավալի հանրահավաքներ:
Իշխանությունն հասկացավ, որ իր ավանդական, ուժային-ոստիկանական մեթոդներով ի վիճակի չէ ճնշել ժողովրդի հեղափոխական պոռթկումը, եւ Սերժ Սարգսյանն հնչեցրեց «Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, ես սխալվեցի» ճակատագրական խոսքը եւ հեռացավ: Առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը փորձեց իրենով անել Սերժ Սարգսյանին հեռացրած հեղափոխության արդյունքը, սակայն երկու-երեք օր դիմադրելուց հետո վայր դրեց զենքերը: ԱԺ ՀՀԿ-ական մեծամասնությունը քաղաքական տարբեր ավանտյուրաների դիմեց իշխանությունը չհանձնելու համար, սակայն ժողովրդական ճնշումը հասավ այնպիսի բարձր աստիճանի, որ Հանրապետականը ստիպված էր ընդունել իր քաղաքական պարտությունը եւ հանձնել գործադիր իշխանությունը:
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը ցույց տվեց ՀՀԿ-ական իշխանության՝ տարիներ շարունակ հանրությանը մատուցվող ողջ կեղծիքը: Մարդիկ ոտքի էին ելել այդ կեղծիքի, անարդարությունների, անօրինականությունների, քաղաքական ու տնտեսական մենաշնորհների, անօրինական կերպով իշխանություն գրավելու, մարդկանց հույսից ու հավատից զրկելու, արտագաղթի, աղքատության դեմ: Փողոցներ դուրս եկած հարյուր հազարավոր մարդիկ փաստեցին, որ ՀՀԿ-ն զուրկ է լեգիտիմությունից, որ նրանց բոլոր թվերը նկարված են ու փուչիկ: Մեկ ամսվա ընթացքում պայթեց այդ փուչիկը:
Հայոց հեղափոխությունը մաքուր հայկական էր, չուներ աշխարհաքաղաքական որեւէ հետք ու միջամտություն: Այն բացառապես ներքին իրավիճակով ու տարիներով ժողովրդի մեջ կուտակված դժգոհությամբ պայմանավորված հեղափոխություն էր:
Հայոց հեղափոխությունն աննախադեպ էր իր խաղաղ բնույթով, ցուցարարների՝ վեր բարձրացված ձեռքերով. չեղավ ոչ մի զոհ, չթափվեց անգամ մի կաթիլ արյուն, գրեթե չեղան բռնության մեծածավալ դեպքեր ու ծանր բախումներ: Համաշխարհային հանրությունը, միջազգային ուժերը հիացած ու զարմացած էին հայոց հեղափոխության թավիշի փայլից:
Հայաստանում հեղափոխությունը կայացել է, սակայն չի ավարտվել: Օրենսդիր ու դատական իշխանությունը դեռ մնում է հին ռեժիմի ձեռքին, որը թույլ չի տալիս կատարել համակարգային, ժողովրդավարական այն փոփոխությունները, որոնք բխում են հեղափոխության տրամաբանությունից , մտնում են Համաժողովրդական շարժման պահանջների մեջ:
Հայաստանում այժմ ընթացող քաղաքական գործընթացները միտված են հեղափոխությունը տրամաբանական ավարտին հասցնելու նպատակներին:
Հ. Կիրակոսյան
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com