Գյումրու ավագանին 11 որոշում կայացրեց Ավագանու արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվել էր 11 հարց, բոլորն էլ ընդունվեցին: Զոհված, հաշմանդամություն ունեցող զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքներին, որպես նվիրատվություն, հատկացվեց 500 հազար դրամ՝ այդ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիստը 2018 թվականի հուլիսի 8-27-ը Հանքավանի «Արագած» եւ «Հեքիաթային կիրճ» ճամբարներում կազմակերպելու նպատակով: Գյումրու ավագանին նաեւ կողմ քվեարկեց մարզիկներին ու մարզիչներին դրամական պարգեւներ եւ հավելավճարներ հատկացնելուն: Գյումրու Գործարանային փողոց N 2/6 հասցեի հողամասը 99 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվեց «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությանը՝ արհեստագործական կենտրոնի վերածելու նպատակով: «Ստ.Ալիխանյանի անվ.տիկնիկային թատրոն»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Արմենուհի Մանուկյանը: Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող Մհեր Մկրտչյան փողոց N 47/6 հասցեի 0,12879 հեկտար մակերեսով հողամասը 99 տարի ժամկետով անհատույց օգտագործման տրամադրվեց «Օյունջյան» բարեգործական հիմնադրամին՝ համերգասրահ կառուցելու նպատակով: Հիմնադրամը ներկայում նույն հասցեում գտնվող Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի համար նոր կառույց է գտնելու, որից հետո միայն նշված հասցեում ընթանալու են նոր համերգասրահի կառուցման աշխատանքները: