Քաղաքական առճակատման՝ հեղափոխական ու հակահեղափոխական երանգները

Քաղաքական առճակատման՝ հեղափոխական ու հակահեղափոխական երանգները

Հայաստանյան ներքաղաքական գործընթացները թեւակոխել են մի հանգրվանի մեջ, որը կարելի է անվանել կոշտ պայքարի շրջան:

Վերջին շրջանում տեղի ունեցած մի քանի իրադարձություններ բավական սրել են քաղաքական ճամբարների միջեւ առճակատումը: Ընդհանրական հայացքով այդ ճամբարները բնորոշվում են հեղափոխականներ ու հակահեղափոխականներ, սպիտակներ ու սեւեր անվանումներով, որոնք ինչքան էլ պայմանական լինեն, իրողությունների օբյեկտիվ տրամաբանության մեջ լավագույնս բնութագրում են այն քաղաքական միջավայրը, որում ընթանում են զարգացումները:

Խաղաղ երկնքում ամպրոպի էր նման համացանցում տարածված՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի ու Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման հրապարակումը, ուր խոսք էր գնում մարտի 1-ի գործի, Ռոբերտ Քոչարյանի ու Յուրի Խաչատուրովի կալանավորման հանգամանքների, Առաջին ատյանի դատարանում կայացվելիք վճռի մասին:

Ինքնին նման մասշտաբի պաշտոնյաների գաղտնալսման փաստը ի ցույց է դնում այն փխրուն վիճակը, որում այսօր գտնվում է հեղափոխական իշխանությունը: Գաղտնալսվել է ազգային անվտանգության համար պատասխանատու թիվ մեկ պաշտոնյան, ինչը նշանակում է, որ կարող էին գաղտնալսված լինել պետական այլ պաշտոնյաներ, ընդհուպ՝ վարչապետը, պաշտպանության ու արտաքին գործերի նախարարները: Այսինքն՝ սա խոշոր մարտահրավեր է պետականությանը. իշխանության, քաղաքական ու հասարակական շրջանակների կողմից հենց այդպես էլ գնահատվեց գաղտնալսման իրողությունը:

Հասկանալի է, որ գաղտնալսման ի հայտ գալը պետք է սրեր հեղափոխական ու հակահեղափոխական ուժերի միջեւ պայքարի ընթացքը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդարացիորեն դա համարեց դավադրություն պետության դեմ եւ բավական կոշտ հայտարարություններ արեց հակահեղափոխական ճամբարի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, քրեաօլիգարխիայի ուղղությամբ՝ չթաքցնելով, որ նրանց, օլիգարխիայի, կոռուպցիայի դեմ պայքարն հետայսու էլ ավելի հատու, հեղափոխական միջոցներով են լինելու:

ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը տեղի ունեցածը դիտարկեցին մարտի 1-ի գործի, կոռուպցիոն սխեմաների բացահայտման՝ մեծ թափ հավաքող գործընթացի համատեքստում: Այսինքն՝ գաղտնալսելով ու հրապարակելով իրենց խոսակցություն որոշ շրջանակներ փորձում են վախեցնել, ահաբեկել, խանգարել իրենց գործունեությունը, ազդել նախաքննության վրա:

Այս հայտարարության գլխավոր հասցեատերը, բնականաբար, Ռոբերտ Քոչարյանն ու նրա շրջապատն են: Պատահական չէր, որ ԱԱԾ պետն ու ՀՔԾ պետը հակահարված տվեցին՝ իրենց ձեռքի տակ եղած մի քանի խաղաքարտեր բացելով: ՀՔԾ պետը մատնանշեց մարտի 1-ի գործով մի քանի նոր դրվագների մասին, մասնավորապես այն, որ զինծառայող Տիգրան Աբաջյանը սպանվել է հատուկ ջոկատայինի գնդակից: Այդ սպանությունը պետք էր՝ մի կողմից հաստատելու Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, թե իբր ցուցարարները կրակել են ոստիկանության վրա, մյուս կողմից՝ հիմքեր ստեղծելու արտակարգ դրություն հաստատելու համար: Նա նաեւ նշեց, որ օլիգարխների հաշիվներից գումարներ են տրամադրվել զինվորներին, այսինքն՝ վերջիններիս օգտագործել են որպես վարձկաններ: Ա. Վանեցյանն էլ բացահայտեց Ռոբերտ Քոչարյանի կողմից փողերի լվացման՝ իր ձեռքի տակ եղած փաստերից մեկը:

Ռոբերտ Քոչարյանն ու իր կողմնակիցներն անմիջապես օգտագործեցին գաղտնալսման պատմությունը՝ հայտարարելով, թե խոսակցության բովանդակությունն հաստատում է, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, իշխանությունն ազդում է դատարանի վրա, առաջադրված մեղադրանքները կեղծ են եւ այլն, այսինքն՝ այն, ինչ այս ողջ ընթացքում հայտարարել են նրանք եւ դրել իրենց պաշտպանության հիմքում:

Գաղտնալսման հրապարակումից հետո առանձնապես ակտիվացան նաեւ ՀՀԿ-ականները՝ իրենց հին երգը երգելով իբր Հայաստանում իրականացվող բռնաճնշումների, ընտրովի արդարադատության, խոսքի ազատության սահմանափակման մասին, այսինքն՝ խոսում են բաներից, որոնք բնորոշ են եղել իրենց իշխանության ժամանակաշրջանին եւ որեէ կապ չունեն այսօր Հայաստանում ընթացող կոռուպցիայի ու հանցագործությունների դեմ պայքարի հետ:

Զավեշտն այն է, որ ձայն ձայնի տված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բռնապետ անվանեցին ՀՀԿ-ական որոշ ակտիվ գործիչներ, Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը: Էլ ավելի զավեշտալի է, որ ՀՀԿ-ականներն ու Ալիեւը միաժամանակ Հայաստանի հարցը բարձրացրել են եվրոպական կառույցներում: Այսինքն՝ Հայաստանի նոր իշխանության դեմ զուգահեռ պայքար են մղում ներսի հակահեղափոխականներն ու դրսի՝ հակառակորդ երկրի խանը: Բա, սա ձեզ պետք է՞ր, պարոնայք հակահեղափոխակններ:

Բացի այս ամենը, վերջին շրջանում ինտենսիվ հարցազրույցներ տվող Ռոբերտ Քոչարյանը սպառնում է պետական որոշ պաշտոնյաների՝ հայտարարելով, թե շուտով իշխանության է գալու եւ բոլորին պատժելու է։ Ռոբերտ Քոչարյանը սպառնում է նաեւ Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարելով, թե նա կփոշմանի, որ իր հետ գլուխ է դրել։ Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը սպառնում է հեղափոխությանը, Հայաստանում իրականացվող համակարգային ու ժողովրդավարական փոփոխություններին, քրեաօլիգարխիայի եւ կոռուպցիայի դեմ պայքարին, որոնք տեղի են ունենում ժողովրդի հավանությամբ ու պահանջով։

Հատկանշական է, որ ինչքան խոսում են Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀԿ-ականները, այնքան հանրությունը համախմբվում է նոր իշխանության շուրջ, իր աջակցությունն հայտնում վերջինիս, նաեւ պահանջում դիմել առավել կոշտ մեթոդների: Կոշտ միջոցների կողմնակից է նաեւ նոր ստեղծվող Սասնա Ծռեր կուսակցությունը, որն իր անվերապահ աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով իր ճանապարհային քարտեզը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը վերջնական հանգրվանի հասցնելու ու հակահեղափոխական ճամբարին հիմնովին վերացնելու համար:

Համլետ Կիրակոսյան
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com

 

Comments Are Closed!!!