Հաղթողն հայտնի է. ովքե՞ր կլինեն անցողիկ տեղերում

Հաղթողն հայտնի է. ովքե՞ր կլինեն անցողիկ տեղերում

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության նպատակ-պահանջներից մեկն էլ է իրականություն դառնում. հանրապետությունում դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որը, թերեւս, կամփոփի հեղափոխական ժամանակաշրջանը եւ հնարավորություն կստեղծի լիարժեքորեն գնալ արմատական-համակարգային փոփոխությունների։

Սակայն ընտրությունները կկայանան հեղափոխության պահանջների ոչ լիակատար ապահովմամբ, քանի որ չհաջողվեց իրականացնել ընտրական օրենսգրքի բարեփոխումներ, էլ չասած Կուսակցությունների մասին օրենքի ընդունման մասին։

Սա կարող է մի փոքր ստվերել ընտրական գործընթացը, սակայն ոչ այնքան, որ դա համարվի ոչ լեգիտիմ։ Ստվերը կարող է վերաբերել ընտրությունների քաղաքական-գաղափարական որակին, քանի որ պահպանված վարկանիշային ընտրակարգը հնարավորություն չի տալիս լիարժեքորեն ու արդյունավետորեն իրականացնել գաղափարական-ծրագրային մրցակցություն, այլ, ինչպես միշտ, այդ պայքարում առաջնային է դարձնում անձնային հեղինակության, ազդեցությունների ու թաղային կապերի գործոնը, ինչքան էլ նախկինում աչքի ընկած տարատեսակ փողատերերը, հեղինակությունները չմասնակցեն ընտրություններին։

Ընտրական նոր օրենսգրքի տապալման պատասխանատվությունը քաղաքական տարբեր շրջանակներ դնում են կամ ՀՀԿ-ի, կամ իշխանության վրա։ Առաջինին նրա համար, որ միայն այդ ընտրակարգով ՀՀԿ-ն կարող է հույս ունենալ անցնել խորհրդարան, իշխանությանն էլ մեղադրում են, որ անհրաժեշտ ջանք չներդրեց նոր Ընտրական օրենսգիրքն ընդունել տալու համար։

Ինչն էլ լինի տապալման դրդապատճառը, ունենք այն, ինչ ունենք. ունենք ապաքաղաքական տարրեր պարունակող ընտրակարգ, որոշ ընտրատարածքներում հայկական ավանդական ընտրությունների հնարավոր պատկեր, ապագա խորհրդարանում քաղաքական լայն ներկապնակի ու բազմազանության բացակայություն։

Քաղաքական մի շարք ուժեր հրաժարվեցին մասնակցել առաջիկա ընտրություններին՝ հիմքում ունենալով հենց հին ընտրակարգի պահպանումն ու դրա ապաքաղաքական բնույթը, որը փոքր ռեսուրսներ ունեցող, առավել եւս՝ նորաստեղծ կուսակցությունների համար դժվարացնում է մասնակցությունն ու մրցակցությունը, նվազեցնում անհրաժեշտ արդյունքներ արձանագրելու հնարավորությունները։

Փոխարենը՝ մասնակցության հայտ ներկայացրեց ՀՀԿ-ն, որը մինչեւ վերջերս զգուշանում ու տատանվում էր առաջադրման հարցում, քանի որ լավ հասկանում է նոր իրավիճակում իր հնարավորությունները եւ քարոզարշավի ժամանակ տարբեր կողմերից իր դեմ ուղղվելիք հարվածները։

Ճիշտ է՝ ՀՀԿ-ի ցուցակից բացակայում են տարիներ շարունակ այս կուսակցության համար շատ ձայներ բերած մեծամասնական կամ ռեյտինգային թեկնածուները, սակայն նախորդ իշխող ուժը հույս ունի հատկապես մարզերում օգտագործել պահպանած ռեսուրսները եւ իր համար անհրաժեշտ արդյունք ապահովել։ Չնայած, շատերի համոզմամբ, հակահեղափոխական դիրքերից հանդես եկող ՀՀԿ-ն որեւէ շանս չունի խորհրդարան անցնել, սակայն ՀՀԿ-ականների ախորժակը շատ մեծ է։ Նրանք հայտարարում են ոչ միայն ԱԺ անցնելու, այլեւ երկրորդ ուժը դառնալու մասին։ Ընդ որում, ասում են, թե իրենք են միակ ընդդիմադիր ուժը։

Բացի ՀՀԿ-ից, ընտրություններին կմասնակցեն եւս 8 կուսակցություն ու 2 դաշինք. «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ, «Լուսավոր Հայաստան», ՀՀԿ, «Ազգային առաջընթաց», «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ», «Սասնա ծռեր», «Օրինաց երկիր», «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները եւ «Իմ քայլը» ու «Մենք» դաշինքները:

Ընտրությունների արդյունքների տեսակետից բոլորը ընդունում են մեկ փաստ. հաղթող քաղաքական ուժի ու ապագա վարչապետի հարցը ի սկզբանե՝ հեղափոխության տրամաբանությամբ, լուծված է. դա «Իմ քայլը» դաշինքն է ու նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, եւ իրենք պայքարում են կամ երկրորդ տեղի, կամ ընդհանրապես խորհրդարան անցնելու համար։

Երկրորդ ուժ լինելու մասին հայտարարում են միանգամից 5 ուժեր. բացի ՀՀԿ-ից, նաեւ ԲՀԿ-ն, «Սասնա ծռերը», «Լուսավոր Հայաստանը», «Մենք» դաշինքը, որը կազմված է Արամ Զ.Սարգսյանի «Հանրապետություն» ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններից։ Դրանցից յուրաքանչյուրը բերում է իր հիմնավորումներն ու կռվանները, թե ինչու հենց ինքը պետք է լինի երկրորդ եւ հիմնական ընդդիմադիր ուժը։ Հասկանալի է, որ նմանատիպ հայտարարություններն ընդամենը նախընտրական տեխնոլոգիաներ են։

Ընտրություններին առաջադրված ու մասնակցող քաղաքական ուժերի բնութագրերին, քաղաքական դիրքորոշումներին, դաշտում գրաված տեղին, հնարավորություններին, քարոզարշավային պատկերին, ապագա խորհրդարանի հնարավոր դասավորությանը կանդրադառնանք հաջորդ հրապարակման մեջ։

Հ. Կիրակոսյան

©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com

 

Comments Are Closed!!!