Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 37 ահազանգ: Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրատեղամասի մատչելիության և կահավորման հետ կապված խնդիրներին, հաշվառման վայրից տարբերվող վայրում ընտրելու հնարավորությանը, տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող, այդ թվում՝ ստացիոնար բուժման մեջ գտնվող, ինչպես նաև քվեարկության օրը ընտրողների ցուցակում չընդգրկված անձանց ընտրական իրավունքի իրացմանը և մի շարք այլ խնդիրներին: Թեժ գծին ստացված զանգերին զուգահեռ՝ Պաշտպանի աշխատակազմում նաև ուսումնասիրվել են այսօր լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ գտած ավելի քան 500 հրապարակում: