Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է տեղական լրատվամիջոցների մոտ 1200, իսկ օտարերկրյա լրատվամիջոցների՝ մոտ 80 ներկայացուցիչ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսում ասել է ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: «ԱԺ արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար ԿԸՀ-ում գրանցվել է 70 տեղական լրատվամիջոցի 1200 ներկայացուցիչ, իսկ օտարերկրյա 30 ԶԼՄ-ների մոտ 80 ներկայացուցիչ: ԿԸՀ-ն որևէ լրատվամիջոցի հայտ չի մերժել»,- ասել է Հարությունյանը: 2017թ.-ի ապրիլի 2-ի ընտրությունները լուսաբանելու համար գրանցվել էր տեղական 89 ԶԼՄ-ների 1200-ից ավել ներկայացուցիչ:
ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն են իրականացնում տեղական հասարակական կազմակերպությունների 17813, իսկ միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների՝ 505 դիտորդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսում ասել է ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետ Տաթև Գևորգյանը: «Այս ընտրություններում ԿԸՀ-ում հավատարմագրվել են 22 տեղական հասարակական կազմակերպության թվով 17813 դիտորդ, իսկ միջազգային, օտարերկրյա 8 կազմակերպություններից՝ 505 դիտորդներ: Այցելուի կարգավիճակով ընտրությունների ընթացքը դիտարկում են 77 այցելու»,- ասել է Գևորգյանը: Դիտորդների լիազորությունները դադարում են ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփումից հետո 8-րդ օրը, եթե դրանք դատական կարգով չեն բողոքարկվում: Դիտորդներն իրենց դիտարկումները կարող են ներկայացնել ԿԸՀ՝ զեկույցների միջոցով, որոնք էլ կտեղադրվեն ԿԸՀ կայքում: