Այսօր Գյումրու ավագանոի հերթական նիստ էր, օրակարգում ընդգրկված էր 27 հարց, բոլոր հարցերն էլ ընդունվեցին, ավագանու նիստը տեւեց 2 ժամից ավելի։
Գյումրու համայնքապատկան Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահին հատկացվեց 1 միլիոն 350 հազար դրամ շենքի առաջին հարկում ջեռուցման համակարգ անցկացնելու նպատակով։
Ավագանին հաստատեց նաեւ համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի եւ վճարների 2019 թվականի դրույքաչափերը։
2019 թվականից 4 բաժինների փոխարեն Գյումրու համայնքապետարանում, ըստ ավագանու որոշման, գործելու է 2 նոր բաժին՝ Համայնքի անշարժ գույքի կառավարման եւ Գովազդի, առեւտրի եւ սպասարկման ոլորտի համակարգման բաժինները։ Միավորման արդյունքում Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմում ներկայիս գործող 17 բաժնի փոխարեն կգործի 15-ը։
Նախատեսվում է կրճատել 4 համայնքային ծառայողի եւ երկու տեխնիկական սպասարկման անձնակազմի հաստիք։ Արդյունքում տարեկան տնտեսվելու է 9 միլիոն 829 հազար 200 դրամ:
Ավագանու նույն նիստում հաստատեց նաեւ Գյումրու կոմունալ ծառայություն համայնքային բյուջետային հիմնարկի համար մեկ հատուկ տեխնիկայի գնման հարցը, նախատեսվում է այն գնել երկրորդական շուկայից՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու:
Այդ նպատակով նախատեսվում է հատկացնել 7 միլիոն 700 հազար դրամ։ Գնված տեխնիկան ձեւակերպվելու է համայնքի հաշվեկշռում:
Մինչեւ տարեվերջ կհրավիրվի ավագանու արտահերթ նիստ, որտեղ ավագանու հաստատմանն է ներկայացվելու համայնքի 2019 թվականի բյուջեն։
2019-ին ավագանու հերթական նիստը կայանալու է փետրվարին։