Հայաստանում կան մի քանի թեմաներ, որոնք ժողովրդի ընկալման մեջ զգայուն լինելով ու հանգուցային նշանակություն ունենալով հանդերձ, կամ ուղղորդիչ դեր են խաղում հասարակական-քաղաքական կյանքում, կամ շահարկման մեծ լիցք պարունակում ներքաղաքական գործընթացներում օգտագործելու համար։
Առաջին շարքին են պատկանում Հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ը, իրադարձություններ, որոնք ինքնին ողբերգական լինելով, նաեւ պետականությանն ուղված հարված էին ու քաղաքական ուղղություն փոխեցին երկրում։ Հոկտեմբերի 27-ի մասով այս պահին այդ գործի թարմացման կամ վերաբացման մասին խոսք չկա։ Իսկ Մարտի 1-ի առումով էական գործընթացներ են տեղի ունենում։
Հեղափոխությունից հետո նորովի բացված մարտի 1-ի գործի նախաքննությունը, սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով, ավարտվել է, գործն ուղարկվել է կողմերին՝ ծանոթանալու համար, որից հետո կսկսվի դատավարական փուլը։ Ամենայն հավանականությամբ, դա կլինի երկու ամիս անց։
Այդ գործով մեղադրանք է առաջադրվել տվյալ ժամանակաշրջանում նախագահի պաշտոն զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Սեյրան Օհանյանին, նրա տեղակալ Յուրի Խաչատուրովին, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանին։ Սահմանադրական կարգի տապալման մեղադրանք ներկայացված է նաեւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, որը, սակայն, բացակայում է Հայաստանից ու թաքնվում է նախաքննությունից։
Սահմանադրական կարգի տապալաման համար մեղադրվողները իրենց դեմ հարուցված գործն ու մեղադրանքը համարում են շինծու, քաղաքական հետապնդում, վրեժխնդրություն։ Այս իմաստով հատկապես ակտիվ են Ռոբերտ Քոչարյանն ու Սեյրան Օհանյանը։
Կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմն ու կողմնակիցները իրենց պաշտպանության մարտավարության հիմքում դրել են այն փաստարկները, որոնցով 2008-ի մարտի 1-ից հետո հարուցվեցին քրեական գործեր, դատապարտվեցին հանրահավաքներին մասնակցած հարյուրավոր մարդիկ։ Ժամանակի ընթացքում շատ է խոսվել այդ գործերի շինծու լինելու, իրականությունը կեղծ լույսի ներքո ներկայացնելու, ապացույցները կեղծելու, փաստերը խեղաթյուրելու ու կոծկելու մասին։
Այժմ արդեն մարդու իրավունքների եվրոպական դատարանն է դատական եզրակացություններ անում իրավական ու դատավարական խեղաթյուրումների եւ ապօրինությունների մասին, որոնք գործել են Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ մարտի 1-ի գործը քննող նախաքննական մարմինը, դատախազությունն ու դատարանները։
Մարտի 1-ի վերաբացված գործով զբաղվող նախաքննական մարմինը սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի հիմքում դրել է 2008 թվականի փետրվարի 23-ին պաշտպանության նախարարի ընդունած 0038 հրամանը, որն ապացույց է այն բանի, որ բանակն օգտագործվել է ներքաղաքական գործընթացներում, ինչը հակասահմանադրական գործողություն է։ Բանակի օգտագործման մասին կան նաեւ բամաթիվ վկայություններ, տեսանյութեր, լուսանկարներ։ Բացի դա, այդ ամենը տեղի է ունեցել հազարավոր մարդկանց աչքի առաջ, հանրապետության մայրաքաղաքի կենտրոնում։ Մի խոսքով, ինչքան էլ Ռոբերտ Քոչարյանն ու մյուս մեղադրյալները փորձեն արդարացումներ գտնել իրենց հրամաններում ու գործողություններում, օրինական համարեն դրանք, աշխատեն ամեն կերպ քաղաքական գունավորում տալ իրենց մեղադրանքին, ինչքան էլ Քոչարյանն հայտարարի, թե ինքը տեղյակ չի եղել 0038 հրամանից ու մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության ոչ իրավաչափ ու անօրինական գործողություններից, չեն կարողանա հերքել անհերքելին։ Այլ խնդիր է, որ նախաքննական մարմինը մասնագիտական առումով կարողանա դատարանում որակյալ կերպով ներկայացնել ապացուցողական բազան ու մեղադրանքի իրավական հիմնավորումները։
Մարտի 1-ի գործին զուգահեռ ներկայում ընթացող ներքաղաքական գործընթացների վրա ազդող լուրջ գործոն է արցախյան հակամարտության խնդիրը։ Արցախի հարցը մշտապես է շահարկման առարկա եղել ներքաղաքական կյանքում՝ քաղաքական բոլոր բեւեռների կողմից։ Այսօր այդ շահարկումն հասել է իր գագաթնակետին։ Այն շահարկում են քոչարյանականները, ՀՀԿ-ակաները, դաշնակցականները, վերջիններիս քարոզչական մեքենան, ուրիշ այլեւայլ խմբեր։
Խոսում են չեղած ինչ-որ սցենարների մասին, Նիկոլ Փաշինյանի իշխանությանը մեղադրում որոշակի պայմանավորվածությունների, դավաճանության, հող հանձնելու մեջ։ Խոսում են առանց կոնկրետության ու փաստերի, երեւակայական ինչ-որ գծագրումներ են անում իրենց մտքում, տարբեր իրողություններ ու հայտարարություններ ֆանտաստիկ ժանրի կանոններով կպցնում իրար, չգիտես որտեղից մոգոնում «խաղաղություն տարածքների դիմաց» թեզը, դա վերագրում իշխանությանը ու հակաքարոզչության լայն ասպարեզով փորձում հանրությանը տրամադրել իշխանության դեմ։
Սա այն դեպքում, երբ նոր իշխանությունը դեռ լիարժեք չի էլ ներկայացրել արցախյան հարցում իր ամբողջական հայեցակարգն ու ծրագիրը, դեռեւս Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես չի հանդիպել Իլհամ Ալիեւի հետ ու, ընդհանարապես, դեռ չի մասնակցել պաշտոնական բանակցությունների։
Առայժմ Նիկոլ Փաշինյանը հստակորեն հայտարարել է երկու բանի մասին. 1. Արցախի ղեկավարությունը պետք է պաշտոնապես մասնակցի բանակցություններին, ավելի ճիշտ՝ վերադառնա բանակցային սեղանի մոտ, որից ժամանակին զրկվել էր Ռոբերտ Քոչարյանի ձեռամբ եւ 2. անգամ քննարկման ենթակա չէ չգիտես որտեղից ու ում կողմից ասպարեզ նետված «խաղաղություն տարածքների դիմաց» գոյություն չունեցող սցենարը։
Հ. Կիրակոսյան
©progressgyumri.am Armenian News/Analyses:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru