Հունիսի 12-ին անցկացվեց Գյումրի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հինգերորդ նիստը: Օրակարգում 22 հարցեր էին, որոնց գերակշիռ մասը դրամական աջակցության վերաբերյալ էին: Ավագանին քաղաքի բյուջեից տարբեր կազմակերպությունների եւ անհատների ընդհանուր հատկացրեց 74 մլն 367 հազար դրամ: «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը, Հայագիտական արդի հիմնահարցեր» 10-րդ միջազգային գիտաժողովի միջոցառման կազմակերպման եւ անցկացման համար Ավագանու անդամներին առաջարկվել էր համայնքի բյուջեից 1 մլն 217 հազար 500 դրամ: Նշված գումարը 4 ձեռնպահ եւ 19 կողմ հարաբերակցությամբ ավագանին Գյումրիում սեպտեմբերի 25-27-ն անցկացվող գիտաժողովի համար հատկացրեց ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնին: Ավագանին, 26 միլիոն ՀՀ դրամ որպես սուբսիդիա հատկացրեց նաև 16 համատիրություններին՝ բազմաբնակարան շենքերում վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով։ Նիստի ավարտին Գյումրու քաղաքապետն անդրադարձավ քաղաքում ընթացող փողոցաշինական աշխատանքներին, ժամկետներին, ճանապարհների որակին, կենտրոնական հրապարակի վերականգնմանը։