ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ
Նոր ուսումնական տարին նոր կանոններով: Այս տարվա սեպտեմբերն ուսումնական բոլոր հաստատություններում կմեկնարկի անսովոր պայմաններում:
Դպրոցի մուտքի մոտ կջերմաչափվեն թե աշակերտները և թե մանկավարժները, նոր կորոնավիրուսի ներթափանցման բոլոր հնարավոր տարբերակները բացառելու համար:
Դասասենյակներում աշակերտների միջև հեռավորությունը պարտադիր կազմելու է 1,5 – 2 մետր, այսպիսին է դպրոցների համար սահմանված ուղեցույցի պահանջը: Գյումրիում արդեն որոշ կրթօջախներ հենց այդպես էլ կահավորել են դասասենյակները:
Գյումրիում աշակերտների թվով ամենամեծը համարվող թիվ 7 հիմնական դպրոցում դասերը միջանցքներում կազմակերպելու խնդիր չեն տեսնում, այստեղ արվում է հնարավորը աշակերտին դասարանում անվտանգ պահելու և առողջությունը չվնասելու ուղղությամբ:
Ըստ նախարարության կողմից սահմանված ուղեցույցի դպրոցներում դասի ժամին դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար, այլ է թե ինչպես է կարգավորվելու խնդիրը դիմակի բացակայության կամ այն վնասվելու դեպքում:
Թե օրական քանի դիմակ է դպրոցը տրամադրելու աշակերտին կամ ուսուցչին դեռ հստակ չէ, ամեն ինչ պարզ կդառնա գործնական կիրառությունից հետո: Առայժմ դպրոցներում ֆինանսական խնդիրներն են փորձում կարգավորել: Դիմակի, ախտահանիչ նյութերի և այլ պարագաների համար ծախսը յուրաքանչյուր դպրոց ինքն է հոգալու սեփական տնտեսումների հաշվին:
Նոր ուսումնական տարին ոչ թե հեռակա, այլ առկա ուսուցմամբ սկսելու գաղափարն իհարկե ողջունում են թե մանկավարժները, թե ծնողները, բայց այս պարագայում նաեվ չեն բացառում այլ խնդիրների առաջացման ռիսկերը:
Ըստ նախնական տվյալների Շիրակի մարզում այս տարի դպրոց կհաճախի մոտ 3000 առաջին դասարանցի, որոնց կյանքում հիշարժան այդ օրը բացառիկ կլինի բոլոր առումներով:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Մ. Դերբինյան