Այսօր Գյումրու ավագանու այսօրվա նիստին մասնակցեց 26 ավագանու անդամ։ Օրակարգ էր ընդգրկվել 23 հարց, ընդունվեց 22 որոշում։
Ավագանու որոշմամբ հուլիսի վերջին Գյումրու Աբովյան եւ Չերազ փողոցների խաչմերուկում տեղադրվելու է հայ հայտնի մարզիկ, Կ.Պոլսի եւ Հայաստանի Հանրապետության սկաուտական շարժման հիմնադիրներից Վահան Չերազի արձանը։ Նախաձեռնությունը ՀՅԴ կուսակցությանն է, տեղադրվելու է վերջիններիս ֆինանսական աջակցությամբ։
Գյումրու ավագանին որոշեց նաեւ դրամական աջակցություն ցուցաբերել համայնքապատկան որոշ կառույցների եւ սոցիալապես անապահով ընտանիքների։
ԳԱԼԱ խմբակցության առաջարկությամբ եւ նախաձեռնությամբ օրակարգ էր ընդգրկվել 2006 թվականի օգոստոսի 30-ի ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին, 2002 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին, 2006 թվականի օգոստոսի 30-ի գեներալ-լեյտենանտ Գորիկ Հակոբյանին, 2016 թվականի օգոստոսի 12-ի «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Սարգսյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշումներն ուժը կորցրած ճանաչելու նախագծեր: ԳԱԼԱ-ն ավագանու անդամներին առաջարկել էր զրկել նշված անձանց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումից:
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումից զրկվեց ավագանու 18 անդամի կողմ քվեարկությամբ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` 17 եւ Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը` 16 ավագանու անդամի կողմ քվեարկության արդյունքում:
Իսկ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումից հետմահու չզրկվեց, ԳԱԼԱ-ի այս նախագծին կողմ քվեարկեց ներկա 26 ավագանու անդամից 7-ը:
Բացառությամբ Լ.Սարգսյանի, մյուս երեք անձանց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը շնորհվել էր Գյումրու նախկին ՏԻՄ-ի ղեկավարման ընթացքում, երբ քաղաքապետ էր Վարդան Ղուկասյանը:
Ավագանին միաձյան որոշեց Գյումրի համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի առաջին նիստի գումարման օր սահմանել 2018 թվականի սեպտեմբերի 11-ը։