Լրահոս

«Գյումրու առաջընթաց»-ն ամփոփում է երկամյա ծրագրի արդյունքները

Իր անկախ, անկողմնակալ, հասարակության հետ բաց ու թափանցիկ երկխոսության, բազմակարծության ապահովման, անաչառ ու ճշգրիտ տեղեկատվության տարածման շնորհիվ Գյումրու առաջընթաց հասարակական  կազմակերպությունը վաղուց արդեն  շահել է հասարակության վստահությունը, ձեռք բերել նոր գործընկերներ, որոնք պարբերաբար փոխշահավետ համագործակցության առաջարկներ են ներկայացնում ու կազմում ապագայի համատեղ աշխատանքի  հեռահար ծրագրեր:

ՆԵԴ-ի ֆինանսավորմամբ իրականացնելով  «Երկխոսություն հանուն առաջընթացի» ծրագիրն իր 2 խոշոր բաղադրիչներով, որն ի դեպ  եզակի էր ոչ միայն Շիրակի մարզում, այլև մյուս մարզերում,  կազմակերպությունը նոր հաջողություններ գրանցեց հանրային իրազեկման ու վերահսկման ոլորտում, բացառիկ դեր ունենալով մարզում անկախ  լրատվամիջոցի ամրապնդման, բազմակարծության ապահովման գործում: Այս հանգամանքը չափազանց բարձր են գնահատում ոլորտի մասնագետները

Ծրագրի արդյունքում  ստեղծված Երկխոսության լսարանում և Երկխոսության մեդիա կենտրոնի տաղավարներում անցկացվել են քաղաքական ու տնտեսական ամենատարբեր թեմաներին առնչվող հարցազրույցներ, քննարկումներ, մամլո ասուլիսներ` կառավարության անդամների, փոխնախարարների, տարբեր գերատեսչությունների ղեկավարների,ԱԺ պատգամավորների, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների,  Աժ արտահերթ ընտրություններին մասնակցած գրեթե բոլոր քաղաքական ուժերի, քաղաքագետների, իրավաբանների, իրավապաշտպանների, պատմաբանների, անկախ փորձագետների մասնակցությամբ, որոնք վերաբերում էին ՀՀ կառավարության, ԱԺ, ՏԻՄ որոշումներին, մարզի խնդիրներին,  հակահամաճարակային միջոցառումներին, տուրիզմի, տնտեսության զարգացման ծրագրերին, Աժ արտահերթ ընտրություններին, ընտրական  գործընթացին, ընտրական օրենսգրքի փոփոխություներին, քաղաքական ուժերի ծրագրերին։

Հաշվետու  ժամանակաշրջանն աչքի ընկավ բուռն զարգացումներով՝ պայմանավորված ոչ միայն կորոնավիրուսով, ալյև պատերազմով։ Այս և հետպատերազմյան շրջանում երկրում ստեղծված ճգնաժամի ու լուծման ուղիների, երկրում ընթացող քաղաքական գործընթացների վերաբերյալ  ևս եղան քննարկումներ և հարցազրույցներ,  պատրաստվեցին նաև ռեպորտաժներ, հարցումներ Գումրի քաղաքի բնակչության շրջանում։

Սա եզակի հնարավորություն է տալիս հասարակությանն ու պետությանը, հատկապես հեղափոխությունից հետո, ազատորեն երկխոսելու երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիրների մասին, կարծում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

2021 թվականի հունիսի 20-ին անցկացված ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ, Կազմակերպությունը անդամակցեց Անկախ դիտորդ դաշինքին, համատեղ իրականացնելու դիտորդական առաքելությունը։ Այդ նպատակով  անցկացվեցին կարճաժամկետ դիտորդների վերապատրաստման  2-օրյա դասընթացներ, որի ընթացքում դիտորդները  ծանոթացան  ընտրական հանձնաժողովների գործառույթներին, համամասնական ընտրակարգին, դիտորդների իրավունքներին, պարտականություններին ու վարքագծի կանոններին:

Նախընտրական շրջանում, փոփոխված ընտրակարգի և ընտրախախտումներից զերծ մնալու վերաբերյալ 2 սոցիալական հոլովակ պատրաստվեց, ինչը նպաստեց ընտրողների իրազեկության բարձրացմանը: Իսկ ընտրությության օրը, դիտորդներն ու Երկխոսության մեդիա կենտրոնի լրագրողները եղել են  ընտրատեղամասերում, հետևել ընտրական գործընթացներին՝ քվեարկությունից մեկնարկից  մինչև հաշվարկի ավատը, արձանագրել ընտրախախտումներ, դրանց վերաբերյալ պատրաստել ռեպորտաժներ։ Երկու ժամը մեկ պարբերականությամբ, կազմակերպությունն իրականացրել է ուղիղ հեռարձակումներ՝ ներկայացնելով ԿԸՀ-ից, Անկախ դիտորդներից և լրագրողներից ստացված տեղեկատվությունը։ Մինչ ընտրության օրն ու դրանից հետո կազմակերպություն այցելեցին Ընտրությություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԺՀՄԻԳԻ երկարաժամկետ դիտորդները՝ ծանոթանալու տեղական դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ջանքերին ու քայլերին։  Ընտրական շրջանին նախորդող և հաջորդող օրերին կազմակերպության կողմից իրականացված  բոլոր  նախաձեռնությունները ողջունեցին նաև արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչները:

Որպեսզի բարձրանա հանրային իրազեկությունը ՏԻՄ-ների ու ԱԺ գործունեության, երկրի և հատկապես Շիրակի մարզի տարբեր խնդիրների վերաբերյալ կազմակերպությունը հետևել է Գյումրու ՏԻՄ-ների և ԱԺ շիրակցի  պատգամավորների  աշխատանքին` դիտարկելով նրանց գործունեությունը, օրենսդրական քայլերը՝ նպաստելով այնպիսի մշակույթի ձևավորմանը, որտեղ քաղաքական ուժերը  գիտակցում են իրենց պատասխանատվությունը և հաշվետու են իրենց ընտրողներին։ արդյունքում թողարկվել են  ՏԻՄ-ների և ԱԺ պատգամավորների գործունեության մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ, ամփոփիչ զեկույցներ:

Ինչ վերաբերում է լրագրողներին: Հայաստանում  առողջ քաղհասարակություն ձեւավորելու, բազմակարծություն ապահովելու, երկրում տեղի ունեցող գործընթացներում քաղհասարակության մասնակցության եւ դերի բարձրացման նպատակով մեդիա կենտրոնում անցկացվեցին  լրագրության տեսական և գործնական պարապմունքներ, որոնք  հնարավորություն տվեցին երիտասարդներին ունենալ խորը գիտելիքներ լրագրության բնագավառում, տիրաապետել հարցազրույցի տեխնիկային, հաղորդավարական խոսքին, տարբեր ոլորտների լուսաբանումներին, իրենց իրավունքներին, օրենսդրությանը։ բացի այդ, այստեղ ուսուցանվել են հավաստի որակյալ տեղեկատվություն ստանալու, լրատվական կայքերից գրագետ օգտվելու և մեդիագրագիտության այլ հարցեր։

Կազմակերպությունն ակտիվորեն շարունակելու է իր ներդրումն ունենալ ժողովրդավարության կայացման, հանրային իրազեկման եվ բաց երկխոսության կայացման գործում։ Մինչ օրս իրականացրած ծրագրերը լինելու են շարունակական, կավելանան նաև նոր բաղադրիչներ։

Երկխոսության մեդիա  կենտրոնը կշարունակի միավորել քաղաքացիական հասարակության և լրատվական դաշտի ներուժը և կապահովի նրանց մասնակցությունը  քաղաքական, հասարակական, սոցիալական կարեւորագույն խնդիրների  բացահայտման և լուծման գործընթացում

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

 

 

 

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին անհապաղ դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ և ԵԱՀԿ

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու հետևանքով ստեղծված անվտանգային խնդիրները, միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունն ամիսներ շարունակ խախտելու հանգամանքը, պարբերական կերպով զինված բախումներ հրահրելու ադրբեջանական քաղաքականությունը՝ նորից  կոչ ենք անում ՀՀ իշխանություններին օգտվել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ընձեռնված հնարավորություններից և անհապաղ դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմամբ պայմանավորված միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի առաջացման հիմքով։

Միաժամանակ, կոչ ենք անում ՀՀ իշխանություններին դիմել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ)՝ Հայաստան ուղարկելու չզինված, քաղաքացիական հատուկ մոնիթորինգային առաքելություն՝ սահմանամերձ գոտիներում տիրող իրավիճակի երկարաժամկետ անաչառ և օբյեկտիվ մշտադիտարկում իրականացնելու նպատակով, ինչը կապահովի բնակիչների անվտանգությունը և կնպաստի Հայաստանի անվտանգային խնդիրների լուծմանն ուղղված Կառավարության ջանքերին։

2020 թ․ նոյեմբերի 9-ի՝ հրադադարի մասին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունից ի վեր ադրբեջանական ագրեսիան ՀՀ հետ սահմանի երկայնքով չի դադարում։ Այսպես․ ադրբեջանական զինված ուժերն ապօրինի կերպով ներխուժել և տեղակայվել են ՀՀ ինքնիշխան տարածքում, պարբերաբար կրակում են Հայաստանի Հանրապետության մի շարք գյուղերի և բնակավայրերի ուղղությամբ, խաթարում բնակիչների անդորրը և առօրյան, իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքի և առողջության համար, վնաս պատճառում նրանց գույքին, փորձեր են իրականացնում քաղաքացիական բնակչությանն ապօրինի կերպով ազատությունից զրկելու, սպառնում հրազենով, զբաղվում են անասնագողությամբ, իրականացնում մի շարք այլ ապօրինի գործողություններ։

Վերջին օրերին, օգտվելով արդեն ամիսներ շարունակ չդադարող ագրեսիայի արդյունքում իրավական և քաղաքական հետևանքների, ինչպես նաև պատշաճ միջազգային արձագանքի բացակայությունից, ադրբեջանական սադրանքները նոր թափ են առել, ինչի հետևանքով կան նոր զոհեր և վիրավորներ։ Հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, միջազգային իրավական նորմերի բացահայտ ոտնահարմամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդած տեղեկությունների համաձայն ադրբեջանական զինված ուժերը կրակել են  նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ: Կրակոցներն ինտենսիվ են եղել, արձակվել են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից: Ադրբեջանական հարձակման արդյունքում սկսված մարտի հետևանքով զոհվել են ՀՀ Զինված ուժերի 3 զինծառայողներ, ևս 5-ը վիրավորվել են:

Այսպիսով, հաշվի առնելով վերոնշյալ անվտանգության մարտահրավերները, համարում ենք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, ինչպես նաև հատուկ մոնիթորինգային առաքելություն ուղարկելու համար ԵԱՀԿ դիմումը անհետաձգելի և խիստ անհրաժեշտ քայլեր են, որոնց հապաղումը լրջորեն վնասում է Հայաստանի Հանրապետության շահերին՝ հանգեցնելով անդառնալի կորուստների։

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Հանրային լրագրության ակումբ

Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ ՀԿ

Աղբյուր՝ https://hcav.am/joint-29-07-2021/#comment-6512

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Մարտական գործողություններ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում. կողմերը կորուստներ ունեն

Գիշերը և այսօր առավոտյան մարտական գործողություններ են ծավալվել հայ-ադրբեջանական սահմանի Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում, հայկական կողմից զոհվել է երեք, վիրավորվել՝ երկու զինծառայող, ադրբեջանական կողմն առայժմ հաղորդել է իր երկու վիրավորի մասին: Գիշերը ժամը 3:40-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: «Ծավալվել են տեղային մարտեր, որոնք, ժամը 7-ի դրությամբ, շարունակվում են։ Նախնական տեղեկություններով, մարտական գործողությունների արդյունքում երկու կողմից էլ կան կորուստներ։ Տվյալները ճշտվում են», – ասված էր սկզբնական հաղորդագրությունում: «Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա», – հայտարարում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը: Ավելի ուշ նախարարությունը հետևյալ հաղորդագրությունը տարածեց. – «Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն»: «Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը։ Ժամը 7։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են», – ասված է հաղորդագրությունում: Մեկ ժամ անց էլ Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 8։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են, մարտական գործողությունները շարունակվում են: Եվս մեկ ժամ անց Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդեց, որ ժամը 9:20-ի դրությամբ, ադրբեջանցիները ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր՝ տալով կորուստներ: Փոխհրաձգությունը շարունակվում է: Հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի արտգործնախարարությունը՝ շեշտելով, որ իր տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը: «Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ադրբեջանական կողմի ռազմական գործողությունները։ Իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա», – ասված է հայտարարությունում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումներն են կեսգիշերից քիչ անց գնդակոծել ադրբեջանական ուժերի դիրքերը «Քելբաջարի շրջանում», վիրավորվել է ադրբեջանցի երկու զինծառայող: Ըստ պաշտոնական Բաքվի՝ ադրբեջանական ուժերը «համարժեք միջոցներ» են կիրառում: Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակն էլ, իր հերթին, Թվիթերում գրել է, թե «երկու պետությունների պետական սահմանի երկայնքով լարվածության էսկալացիայի համար ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի վրա»:

Աղբյուր՝ https://mil.am/hy/news/9702

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«COVID-19-ի դեմ պայքարն ու դրա արդյունավետությունը»

📌Հայաստանում կրկին ավելացել է նոր կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը։ Ինչպիսի՞ն է այս առումով իրավիճակը Շիրակի մարզում։ Ապրիլ ամսից մեկնարկած պատվաստումային գործընթացներին ինչպիսի՞ ակտիվությամբ են արձագանքում բնակիչները։ Պատվաստանյութերից ո՞րին են ավելի շատ նախապատվություն տալիս մարդիկ։ Արդյո՞ք առաջիկայում նախատեսվում է պարտադիր պատվաստման գործիքակազմեր կիրառել, քանի որ պատվաստվողների թվով Հայաստանը տարածաշրջանում ամենացածր ցուցանիշն ունի։
——————————————-
ℹԲանախոսներ՝
➡ Լեյլի Ասլանյան – ՇՄ առողջապահության եվ սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող
➡ Կարինե Տոնոյան – Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ-վարակաբան
➡ Արկադի Անդրիասյան – Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի տնօրեն
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Շիրակում պաշտոնեական կեղծիքների և 41 միլիոն դրամ հափշտակելու դեպք է բացահայտվել, հարուցվել է քրգործ

Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում և Գյումրու համայնքապետարանի «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում պաշտոնեական կեղծիքներ կատարելու և առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 41 միլիոն 800 հազար դրամ հափշտակելու դեպք է բացահայտվել, հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։ Ըստ հաղորդագրության՝ «Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց»-ի տնօրենը, նախնական համաձայնության գալով դպրոցի հաշվապահի հետ, յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ՝ 2012-2019 թվականների ընթացքում ընդհանուր թվով 9 անձի հրամանագրել են տարբեր հաստիքներում և նրանց աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում կազմել, հաստատել և վավերացրել են աշխատաժամանակի հաշվարկի՝ բովանդակությամբ կեղծ տեղեկագրեր, աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, ապա դրանք շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել են վճարման, որի արդյունքում աշխատավարձ վճարելու նպատակով Շիրակի մարզպետարանի գույքային ֆոնդից նշված անձանց անվամբ անհիմն կարգով ելքագրվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 23 միլիոն 800 հազար դրամ գումար, որն, ինչպես ԱԱԾ-ն է նշում, ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով յուրացման եղանակով հափշտակվել է հանցավոր խմբի անդամների կողմից։ ԱԱԽ-ն նշում է, որ մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրու համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը 2001-2019 թվականների ընթացքում զբաղեցնող անձինք, նախնական համաձայնության գալով նույն կազմակերպության հաշվապահի հետ, յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տարբեր հաստիքներում որպես աշխատակիցներ վերը նշված տարիներին հրամանագրել են ընդհանուր թվով 10 անձի, որից հետո, վերջիններիս աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, կազմել, հաստատել և վավերացրել են աշխատաժամանակի հաշվարկի՝ բովանդակությամբ կեղծ տեղեկագրեր, աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, ապա այդ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել են վճարման, որի արդյունքում աշխատավարձ վճարելու նպատակով Գյումրու համայնքապետարանի գույքային ֆոնդից հիշյալ աշխատակիցների անվամբ անհիմն կարգով ելքագրվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 18 միլիոն դրամ գումար, որն, ըստ Ծառայության, ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով յուրացման եղանակով հափշտակվել է հանցավոր խմբի անդամների կողմից: Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործեր Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի [Պաշտոնեական կեղծիք]1-ին մասով և Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի [Յուրացնել կամ վատնել] 3-րդ մասի 1-ին կետով։ Ձեռնարկվում են միջոցառումներ նշված կազմակերպություններում կոռուպցիոն մեխանիզմն ամբողջությամբ բացահայտելու, պետությանն ու համայնքին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:

Աղբյուր՝ 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Կառավարությունը կօժնդակի Սյունիքի մարզում կառուցապատում իրականացնող ընկերություններին

Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման մասին որոշման մեջ փոփոխություն է կատարել: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը նշել է, որ փոփոխություններով թույլ են տալիս, որ այս ծրագրից օգտվեն Սյունիքի մարզում կառուցապատում իրականացնող ընկերությունները: «Նախկինում կառուցապատման ոլորտը չի մտել այս ծրագրի մեջ, բայց հիմա մենք ուզում ենք խրախուսել այն կառուցապատողներին, որոնք Սյունիքի մարզում կառուցապատում են իրականացնում: Մենք փոխում ենք ծրագրի տրամաբանությունն այնպես, որ դրա շահառու դառնան այն ընկերությունները, որոնք դեռ չեն վերականգնվել կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական դժվարություններից: Դրա համար այս հատվածի համար որպես նպատակ սահմանել ենք հարկային ու վարկային ներկա և ապագա պարտավորությունների կատարումը: Դրանով ուզում ենք ընկերություններին մոտավորապես 6 ամսվա թթվածին տալ, որ նրանք կենտրոնանան վերականգնվելու պրոցեսի վրա ու ծանրաբեռնված չլինեն վարկային ու հարկային ժամկետանց և ընթացիկ պարտավորություններով»,- ասել է նախարարի պաշտոնակատարը: Նրա խոսքով՝ կարևոր պայման կա. այդ ընկերությունները 90-օրյա ժամկետում պետք է դառնան բաժնետիրական ընկերություններ ու սկսեն ներդնել կորպորատիվ կառավարման սկզբունքները: Նաև ավելացվել է ֆինանսավորման ընդհանուր չափը, որը 250 մլն դրամից բարձրացրել է 1 մլրդ դրամի:Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս ծրագրով վարկերի տոկոսների սուբսիդավորում է իրականացվում:Քերոբյանը հավելել է, որ առաջին մեկ տարվա համար վարկը զրո տոկոսով է լինելու, հետո արդեն պետք է դառնա կոմերցիոն վարկ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Ավազակային հարձակում՝ Գյումրիում, կան վիրավորներ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ հուլիսի 21-ին՝ ժամը 04:45-ին, Գյումրի քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 04:35-ի սահմաններում, իր բնակության վայրում հնչել են կրակոցներ: Ըստ կոմիտեի՝ նախնական տվյալներով՝ հուլիսի 21-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը՝ դիմակավորված, հրազենով զինված, Գյումրի քաղաքի Պարոնյան փողոցի տներից մեկի ննջասենյակի պատուհանը տեխնիկական միջոցի գործադրմամբ բացելով, ապօրինի մուտք է գործել տուն, արթնացրել ննջասենյակում այդ պահին քնած ամուսիններին, հրազենի սպառնալիքով նրանցից պահանջել գումար և ոսկեղեն, ապա հափշտակելով տանտիրոջ կողմից ներկայացված գումարը՝ հրազենով կրակել է վերջինիս ստորին վերջույթին ու դիմել փախուստի, իսկ տանտերը, մարմնական վնասվածքով, տեղափոխվել է բժշկական կենտրոն: Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի [Ավազակություն]3-րդ մասի 3-րդ կետով, ամուսինները ճանաչվել են տուժող և ցուցմունք տվել դեպքի հանգամանքների շուրջ: Նախաքննությունը շարունակվում է:

Աղբյուր՝ https://www.investigative.am/news/view/avazakutyun-gyumrium-mush-taxamasum.html

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Գյումրիում սպասվում են նոր խոշոր ներդրումներ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ` Գյումրիում սպասվում են նոր խոշոր ներդրումներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար ի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ Գյումրին բարեկարգելուն և մշակութային մայրաքաղաքի զբոսաշրջային ներուժը հզորացնելուն միտված աշխատանքները շարունակական բնույթ են կրում։ Նախատեսվում են այնպիսի աշխատանքներ, որոնք իրենց ծավալով աննախադեպ են։ Մասնավորապես` կիրականացվեն Խանջյան, Չայկովսկու, Աճեմյան, Հանեսօղլան, Ջիվանի, Տերյան և Նալբանդյան փողոցների, ինչպես նաև Հաղթանակի պողոտայի վերականգնում, Գյումրու քաղաքային Բարեկամություն զբոսայգու վերակառուցման նախապատրաստման աշխատանքներ, Սբ․ Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու և հարող Աբովյան փողոցի` աջ և ձախ հատվածների վերականգնում։ Այս բոլոր աշխատանքների արժեքը միասին՝ նախնական գնահատմամբ կկազմի շուրջ 4 միլիարդ 300 միլիոն դրամ։ Գյումրիում «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում արդեն իրականացվել են Շիրազի, Վարպետաց, Ջիվանու, Ղորղանյան և Աբովյան փողոցների վերանորոգման աշխատանքները։ Կից լուսանկարում կարմիրով նշված են այն ճանապարհները, որոնք կնորոգվեն, կապույտով՝ արդեն նորոգվածները:

Աղբյուր՝ https://www.facebook.com/papikyan.suren/posts/1603298316545697

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Հատապտղաբուծությունը ՇՄ-ում, որպես նոր զարգացող ճյուղ»

📌Այսօր աշխարհում մեծ թափով զարգանում է հատապտուղների մշակումը, ինչն ունի մեծ պահանջարկ և բարձր եկամտաբերություն։ Մինչդեռ, Շիրակի մարզում այն թույլ զարգացած ուղղություն է համարվում։
ℹ Ինչպե՞ս մարզում զարգացնել հատապտուղների մշակումը, այն դեպքում, երբ հատապտղաբուծությունը քիչ ներդրումներ է պահանջում։
«Ազնիվ աշխատանք՝ առատ ազնվամորի» ծրագիրը ֆինանսավորվել է «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «ԱՐԱՄԱԶԴ ՍՄԱՐԹ» միջոլորտային համագործակցության դրամաշնորհի և Սարապատի համայնքապետարանի միջոցներով։
Այն իրականացվել է «Սարապատ» համայնքային զարգացման ՀԿ-ի և Սարապատի համայնքապետարանի կողմից։

Ուղիղ հեռարձակում`

ℹԲանախոսներ՝
➡ Զառա Աղանյան – «Հայկական Կարիտաս» ԲՀԿ «ԱՐԱՄԱԶԴ ՍՄԱՐԹ» ծրագրի ղեկավար
➡ Անդրանիկ Երվանդյան – «Սարապատ» ՀԿ «Ազնիվ աշխատանք՝ առատ ազնվամորի» ծրագրի ղեկավար
➡ Համլետ Ավետիսյան – Սարապատի համայնքապետարանի ներկայացուցիչ
➡ Գևորգ Պետրոսյան – «Ազնիվ աշխատանք՝ առատ ազնվամորի» ծրագրի փորձագետ
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

«Ազնիվ աշխատանք՝ առատ ազնվամորի»

Փորձի փոխանակում, գիտելիքների հարստացում: «Ազնիվ աշխատանք` առատ ազնվամորի»  ծրագրի փորձագետը Սարապատ համայնքի բնակիչներին է ներկայացնում Հայկավանում իրականացված և արդեն հաջողված ծրագրի մանրամասները և վստահեցնում, որ  ազնիվ ու հետևողական աշխատանքի դեպքում,  դրական արդյունքը երբեք սպասեցնել չի տա:

Սարապատում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ եվ բուսաբուծությամբ , մշակում են հացահատիկային եվ բանջարաբոստանային  կուլտուրաներ, կերային խոտաբույսեր: Ընդհանրապես, Աշոցքի տարածաշրջանում թույլ է զարգացած պտղաբուծությունը, որը համեմատաբար քիչ ներդրումներ պահանջող, բայց  բավականին եկամտաբեր ուղղություն է համարվում:

#Berries #Development

Հայկական կարիտասի ֆինանսավորմամբ և Սարապատ ՀԿ ու Սարապատ համայնքապետարանի կոնսորցիումից կողմից իրականացվող  «Ազնիվ աշխատանք` առատ ազնվամորի» ծրագիրը նպատակ ունի  Սարապատ համայնքում հատապտղային մշակաբույսերի ներդրմամբ  խթանել համայնքի սոցիալ- տնտեսական պայմանների բարելավմանն ու զարգացմանը:

Տիկին Արմենուհին չի թաքցնում, որ իր հողամասում, մինչ այս էլ հատապտուղներ մշակել է, բայց թե ինչու էր միշտ բերքատվությունը ցածր ստացվում, չգիտեր, հիմա արդեն նոր գիտելիքներ ունի, ու կսկսի այլ կերպ մշակել դրանք :

Հայկավանում արդեն փորձ ունեն ոչ միայն  հատապտղային մշակաբույսերի մշակման այլ նաեվ բարձրարժեք մշակաբույսերի աճեցման: Այստեղ վստահ են, որ հաջող ընթացքի դեպքում, հարևան համայնքերը ևս կկարողանան տեղական շուկա ներմուծել էկոլոգիապես մաքուր և սննդարար մշակաբույսեր:

Ծրագրի ավարտին, Սարապատ խոշորացված համայնքի  առնվազն 200 տնտեսոււյուն կունենա կայուն սեզոնային աշխատանք ու եկամուտ: Բացի այդ, յուրաքանչյուր շահառու արդեն երրորդ տարում 5-ական տնկի կտրամադրի Սարապատ ՀԿ-ին, որն էլ իր հերթին կտրամադրի համայնքի այլ բնակիչներին: Այս փորձն, իհարկե, օգտակար կլինի մյուս համայնքներում եվս հետագայում կիրառելու համար:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru