Փետրվարի 15-ից գործարկվել է 112 միասնական հեռախոսահամարը, որը մեկտեղում է Ոստիկանություն և Փրկարար ծառայություն ուղղված զանգերը՝ ապահովելով միաժամանակյա արձագանք։
Ինչպես տեղեկացնում են ՆԳ նախարարությունից, այսուհետ քաղաքացիները 112 հեռախոսահամարին զանգահարելով՝ հնարավորություն կունենան մեկ զանգով կապ հաստատել ՆԳՆ ենթակա ծառայությունների հետ, ինչի շնորհիվ օգնության տրամադրումն ավելի արագ և արդյունավետ կլինի:
Վարչապետի որոշմամբ հաստատվել է «112 օպերատիվ կառավարման կենտրոն» գրասենյակի կանոնադրությունը․ այն հասանելի է հետևյալ հղմամբ` https://e-gov.am/decrees/item/28544/
112՝ մեկ զանգ, արագ արձագանք
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Փետրվարի 16-ին ժամը 15։26-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Թալին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։
Նախնական տվյալներով այրվում են պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա։ Իրականացվում է հրդեհաշիջում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։00-ին։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Ազգային ժողովն այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որն օրենսդիրին ներկայացրեց շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։
Նախագծով առաջարկվում է 2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես-վաճառքներում, ինչպես նաև բացօթյա և շրջիկ առևտրի կետերում արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի վաճառքը կամ առկայությունը։
Բացառություն կսահմանվի կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրված աղբի պարկերի, ինչպես նաև կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով տարաների համար։ Արգելքի խախտման համար սահմանվում է պատասխանատվություն․ առաջին խախտման դեպքում՝ նախազգուշացում, իսկ երկրորդ և հաջորդող դեպքերում՝ տուգանք՝ 100–150 հազար դրամի չափով։
Նախագծով նախատեսվում է, որ իրավախախտումների վերահսկողությունը կիրականացվի տեղական ինքնակառավարման մարմինների և Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից՝ համատեղ ձևաչափով, ինչպես նաև դիտարկման եղանակով։ Նախարարի տեղակալը կարևորեց, որ մեկանգամյա պլաստիկի սպառման սահմանափակումը ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքական և տնտեսական կարևոր քայլ է, որով COP17-ի նախաշեմին Հայաստանը կներկայանա որպես պատասխանատու և կայուն զարգացման սկզբունքներին հավատարիմ պետություն։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը փետրվարի 11-ին գումարեց հերթական նիստը, տեղեկացնում են հանձնաժողովից։
Օրակարգում ընդգրկված է եղել 5 հարց՝
Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթ հայտարարելու վերաբերյալ:
«ԹԻՎԻՆԵՏ» ՍՊԸ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան վերաձևակերպելու հայտի վերաբերյալ։
«ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊԸ կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցումների վերաբերյալ:
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հանրային տեսալսողական և հանրային լսողական հեռարձակողի վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը սահմանելու մասին» հարցի վերաբերյալ։
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը հաստատելու մասին» հարցի վերաբերյալ։
«Հանձնաժողովը, հաստատելով նիստի օրակարգը, որոշեց հայտարարել լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթ։
Մրցույթի մասին մանրամասն տեղեկատվությունը հրապարկված է ՀՀ հրապարակային ծանուցումների «www.azdarar.am» և ՀՌՀ-ի «www.tvradio.am» պաշտոնական ինտերնետային կայքերում:
Այնուհետև Հանձնաժողովը բավարարեց «ԹԻՎԻՆԵՏ» ՍՊԸ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան վերաձևակերպելու հայտը, ինչպես նաև հաստատեց «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊԸ-ի ներկայացրած տեսալսողական ծրագրերի ծանուցումները:
Հաջորդիվ Հանձնաժողովը որոշեց սահմանել ՀՀ Ազգային ժողովի 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը.
հանրային տեսալսողական հեռարձակողի`
ա․ «Առաջին ալիք» տեսալսողական ծրագրի համար 45.000 (քառասունհինգ հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ),
բ․ «Առաջինի լրատվական ալիք» տեսալսողական ծրագրի համար 18.000 (տասնութ հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)։
հանրային լսողական հեռարձակողի համար 1.800 (մեկ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)։
Վերջին հարցով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաստատեց «ՀՀ Ազգային ժողովի 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը»։
Սույն որոշումներն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Գործադիրը հավանություն է տրվել ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունման արդյունքում ոլորտային օրենքները կհամապատասխանեն «Կրթության մասին» օրենքի նոր պահանջներին, կապահովվի նախադպրոցական կրթության հասանելիության ընդլայնման հնարավորությունը:
Նախագծով առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան, որով բոլոր այն բնակավայրերում, որտեղ հաստատություն ընդգրկվելու համար մեծ թվով հերթագրվածներ կան, հնարավորությունը կընդլայնվի 4 տարեկանից սկսած: Իսկ բնակավայրում միակ հաստատությունը լինելու դեպքում՝ տարատարիք խմբերի ձևավորման հնարավորություն ընձեռել՝ հաշվի առնելով, որ այդ բնակավայրերում նախադպրոցական տարիքի երեխաների սակավ թվով պայմանավորված՝ մանկապարտեզների կառուցումը ծախսարդյունավետ չէ:
Կարգավորումը հնարավորություն կտա ընդլայնելու նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունը և ապահովելու 5-6 տարեկան երեխաների պարտադիր նախադպրոցական կրթության իրականացումը՝ ըստ Կառավարության ռազմավարական նպատակների։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՀՀ տեղեկատվական անվտանգությունը պատշաճ ապահովելու, քաղաքացիներին հասնող բացասական տեղեկատվությունը նվազեցնելու, ինչպես նաեւ տեսալսողական մեդիայի ոլորտում առկա իրավական կարգավորումները կամ բացերը լրացնելու եւ հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով Կառավարությունն առաջարկում է սահմանել նոր կարգավորումներ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Մասնավորապես, երբ խոսում ենք տեսալսողական մեդիա հաղորդումների եւ տարատեսակ ծրագրերի մասին, մենք պետք է ընդգծենք, որ հանրային մուլտիպլեքսում առկա են մի քանի շերտեր: Դրանք այն 26 հեռուստաալիքներն են, որոնք ամբողջ հանրապետությունում ունեն 100 տոկոսանոց սփռում եւ անվճար են մեր քաղաքացիների համար»,- ընդգծել է զեկուցողը:
Ըստ նախարարի՝ օրենքում նախատեսվող նոր փոփոխություններով առաջարկվում է հանրային մուլտիպլեքսի համար գործող կարգավորումները տարածել նաեւ ցանցային օպերատորների տիրույթում հեռարձակվող հեռուստահաղորդումների եւ հեռուստածրագրերի վրա:
Մեկ այլ փոփոխությամբ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հնարավորություն կունենա սանկցիա կիրառել ցանցային օպերատորների նկատմամբ այն պարագայում, եթե արձանագրվեն առերեւույթ խախտումներ ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտելու տեսանկյունից: «Վարույթ հարուցվելու պարագայում ցանցային օպերատորը պետք է տվյալ հաղորդումն այլեւս չհեռարձակի մինչեւ այն պահը, երբ կայացված կլինի վերջնական որոշումը: Դա չիրականացնելու պարագայում պատասխանատվության ենթակա սուբյեկտ կհամարվի ցանցային օպերատորը»,- մանրամասնել է Մխիթար Հայրապետյանը:
Նախագծով նաեւ սահմանվել են ցանցային օպերատորին տրված լիցենզիայի կասեցման եւ դադարեցման հիմքերն ու դրանց կիրառման մեխանիզմները:
Նախարարի տեղեկացմամբ առաջարկվող բոլոր կարգավորումները վերցված են դեռեւս 2010 թվականից Եվրոպական միության համապատասխան տեսալսողական մեդիա ոլորտը կարգավորող դիրեկտիվներից:
Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են առաջարկվող փոփոխություններին ու որոշ ձեւակերպումներին:
Հարակից զեկուցող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանի խոսքով նախագծով ՀՌՀ-ի վրա հավելյալ մշտադիտարկում իրականացնելու պարտավորություն է դրվում: Պատգամավորը բարձրաձայնել է գլխադասային հանձնաժողովի տված դրական եզրակացությունը եւ կոչ արել կողմ քվեարկել նախաձեռնությանը:
Ելույթներում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներն իրենց դիտարկումներն ու մտահոգություններն են հայտնել առաջարկվող փոփոխությունների առնչությամբ:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ հակափաստարկներ է ներկայացրել ընդդիմադիր գործընկերների հնչեցրած տեսակետների վերաբերյալ: Պատգամավորի խոսքով օրենքով հնարավորություն կտրվի Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին՝ պաշտպանելու Հայաստանի Հանրապետությունն օտարերկրյա միջամտությունից:
Առաջին ընթերցմամբ ներկայացված նախաձեռնությունը քննարկվել է փետրվարի 11-ի ԱԺ նիստում:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
86 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ ձայներով 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ Ազգային ժողովն ընդունել է պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը:
Ըստ դրա՝ 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կկարողանան վճարել ու ազատվել քրեական պատասխանատվությունից։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի փոփոխություններով՝ 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները հնարավորություն կունենան վերադառնալու հայրենիք, գումար վճարելու ու կատարելու ՀՀ-ի առջև ունեցած իրենց պարտքը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Գյումրու ավագանու հերթական նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ներին դրամական հատկացումներին, կոմունալ բաժնին նոր գույք տրամադրելուն, աղբահանությանն ու փողոցների բարեկարգման ծրագրերին, ինչպես նաև համայնքի գույքը քաղաքի հաշվեկշիռ վերադարձնելուն։
Օրակարգում առանձին կետով քննարկվել է պետական և համայնքային շահերի պաշտպանության նպատակով դատարաններ հայցեր ներկայացնելու և այդ գործընթացում փաստաբանական ծառայությունից օգտվելու նախագիծը։ Այդ հարցով Գյումրու քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատար Հրաչ Վարդանյանն առաջարկել է Հայաստանի Հանրապետության իրավասու դատարաններ ներկայացնել պետական–համայնքային պաշտպանության հայցեր՝ Գյումրի քաղաքին նախկինում պատկանած մի շարք անշարժ գույքերը համայնքին վերադարձնելու պահանջով։ Առաջարկվել է նաև համայնքի շահերի պաշտպանության համար օգտվել փաստաբանական ծառայությունից՝ սահմանելով մինչև 5 միլիոն ՀՀ դրամ առավելագույն գումար։ Սակայն, Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները դեմ են արտահայտվել փաստաբանական ծառայության համար 5 միլիոն դրամ հատկացնելու առաջարկին՝ փոխարենը առաջարկելով գործընթացն իրականացնել դատախազության միջոցով։
Խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը նշել է, որ եթե դատախազության ուսումնասիրության արդյունքում հանցակազմ բացահայտվի, պետությունն ինքն է շահագրգռված լինելու համայնքային գույքը վերադարձնել համայնքին։
Մինչդեռ «Մեր քաղաքը» դաշինքի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել, որ հարցի նման զարգացումը կարող է վնասել քաղաքի գործարար համբավին։ Քննարկումների արդյունքում հարցը հանվել է օրակարգից, քանի որ անորոշություն են արձանագրել նաև մյուս խմբակցությունները։ Նիստի ավարտին ավագանին քննարկել է նաև թափառող շների կացարանի կառուցման հարցը։ Քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել այն կառուցել համայնքի միջոցներով, և առաջիկայում նախատեսվում է մրցույթի հայտարարում։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ԱՄՆ փոխնախագահին դիմավորել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը:
Էդիտա Գզոյանը Ջեյ Դի Վենսին և նրա տիկնոջը ուղեկցել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով կառուցման պատմությունը:
Ջեյ Դի Վենսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Էդիտա Գզոյանը պատմել է նաև Հուշապատի մասին, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հենրի Մորգենթաուի և Կլարա Բարտոնի հայանպաստ գործունեության մասին պատմելով՝ նա շեշտել է, որ նրանց կատարած աշխատանքի շնորհիվ ամերիկյան հասարակությունը քաջածանոթ էր Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող հայերի կոտորածներին, և որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նաև հարգանքի տուրք էր այդ մարդկանց հիշատակին:
Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Այցի ավարտին ԱՄՆ փոխնախագահը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում, նշելով՝ «Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին ձգտեն խաղաղության և փոխըմբռնման ապագայի»:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը Ջեյ Դի Վենսին է փոխանցել Հայոց ցեղասպանության և Արցախի հիմնախնդրի մասին գրքեր:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
YouTube ընկերությունը պաշտոնապես հայտարարել է հայկական շուկայում իր ներգրավվածության ընդլայնման, ինչպես նաև 2026թ գարնանից YouTube գործընկերային ծրագրի (YouTube Partner Program-YPP) մեկնարկի մասին, ինչի արդյունքում Հայաստանում գործող բովանդակություն ստեղծողներն այսուհետ հնարավորություն կունենան լիարժեք օգտվելու հարթակի դրամայնացման գործիքակազմից։
Այս զարգացումը ռազմավարական նշանակություն ունեցող քայլ է Հայաստանի թվային տնտեսության զարգացման և տեղական կոնտենտ արտադրողների համայնքի հզորացման, ինչպես նաև հայկական բովանդակության, մշակույթի և նորարարության գլոբալ տեսանելիության խթանման ուղղությամբ։
Ծրագրի մեկնարկը կնպաստի հայկական մշակույթի, նորարարության և մեդիա բովանդակության միջազգային ներկայացվածության բարձրացմանը։
YouTube-ի դրամայնացումը միայն բովանդակության ստեղծում չէ, այն թվային ձեռներեցության նոր հարթակ է, որը հայ ստեղծագործողներին հնարավորություն կտա իրենց տաղանդը վերածել կայուն բիզնեսի՝ ստեղծելով եկամուտներ և նոր աշխատատեղեր: Դրամայնացման գործիքների հասանելիությունը կնպաստի վստահելի և որակյալ բովանդակության աճին՝ ամրապնդելով հասարակական դիմակայունությունը ապատեղեկատվության դեմ՝ բազմազան և պրոֆեսիոնալ ձայների միջոցով:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակելու է համագործակցել համաշխարհային խոշոր գործընկերների հետ, որի արդյունքում հայ ստեղծագործողներն ու տեխնոլոգիական ընկերությունները լիարժեքորեն ինտեգրված կլինեն համաշխարհային թվային էկոհամակարգում։
Նախարարությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ խորացնելու սերտ համագործակցությունը YouTube-ի, համաշխարհային տեխնոլոգիական հսկաների և ամերիկյան գործընկերների հետ՝ ի նպաստ Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացի։
YouTube-ի պաշտոնական հայտարարությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://blog.youtube/new…/youtube-partner-program-armenia/։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com