Լրահոս

Կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող և համայնքապատկան հողատարածքների կադաստրային քարտեզներում իրական կոորդինատներին չհամապատասխանող տվյալներ մուտքագրելու, հողամասերի քարտեզների ուղղման միջոցով դրանց տեղադիրքերը փոխելու և հետագայում հողամասերի նշանակությունը որպես «ընդերքօգտագործման» փոխելու համար հիմքեր ստեղծելու, ինչպես նաև համայնքապատկան հողակտորներում արդեն իսկ կատարված ապօրինի հանքարդյունաբերությունը օրինականացնելու նպատակով, այլ անձի օժանդակությամբ 2025 թվականին ընկերության բաժնետերերից մեկին առաջարկել է իրեն խոշոր չափերով՝ 500.000-ից 700.000 ՀՀ դրամի կաշառք տալ:

Բացի այդ, նույն պաշտոնատար անձը Գեղարքունիքի մարզի բնակչին պատկանող և առանց շինարարական թույլտվության կառուցված անշարժ գույքի կադաստրային փատաթղթերը ձևակերպելու, ինչպես նաև դրա վերաբերյալ բացասական եզրակացություն չներկայացնելու դիմաց 2025 թվականին առաջարկել է իրեն տալ խոշոր չափերով՝ 600.000-700.000 ՀՀ դրամ կաշառք:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ հիշյալ պաշտոնատար անձը Գեղարքունիքի մարզի մեկ այլ բնակչի պատկանող հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու նպատակով, 2025 թվականին, իրեն օժանդակող անձի միջոցով 100 ԱՄՆ դոլար կաշառք տալու առաջարկ է ներկայացրել հողամասի սեփականատիրոջը:

ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (2 դրվագ) և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Մեղադրանքներ են ներկայացվել նաև Կադաստրի կոմիտեի աշխատակցին կաշառք տված, նրա հանցավոր գործողություններին օժանդակած, ինչպես նաև կաշառքի միջնորդություն կատարած ևս 5 անձանց: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Միանգամից 2-րդ դասարան ընդունված երեխաների իրավունքների ապահովման հարցում առկա են խնդիրներ․ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը 2025–2026 թթ. ուսումնական տարում հանրակրթության մեջ իրենց տարիքային խմբին համապատասխան միանգամից 2-րդ դասարան ընդունված երեխաների իրավունքների ապահովման հարցի առնչությամբ կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում:

Մարդու իրավունքների պաշտպանին նշված խումբ երեխաների իրավունքների ենթադրյալ խախտումների առնչությամբ հասցեագրվել են բազմաթիվ դիմում-բողոքներ:

Պաշտպան Անահիտ Մանասյանն իր որոշմամբ արձանագրել է խնդիրներ միանգամից երկրորդ դասարան ընդգրկված երեխաների իրավունքների ապահովման, մասնավորապես, երեխայի կրթության, հանգստի և ժամանցի իրավունքի և երեխայի լավագույն շահի պահանջի երաշխավորման հետ կապված: Խնդիրներ են արձանագրվել նաև երեխաների հետ աշխատող մասնագետների հմտությունների, կարողությունների և երեխաների հետ աշխատանքի ընթացքում կիրառվող մեթոդաբանության դիտանկյունից:

Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ արձանագրվել է, որ երեխաներից շատերը չեն հաճախել նախադպրոցական ուսումնական հաստատություն։

Պաշտպանի աշխատակազմում իրականացված մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետության մարզերի մի շարք բնակավայրերում ընդհանրապես բացակայում են նախադպրոցական ուսումնական հաստատությունները կամ դրանց քանակը բավարար չէ: Այս բնագավառում առկա են մի շարք խնդիրներ ևս, որոնց Պաշտպանը պարբերաբար անդրադառնում է։

Հարկ է նկատի ունենալ, որ միջազգային չափանիշների համաձայն՝ նախադպրոցական կրթության երաշխավորումը պետության պարտավորությունն է: Նախադպրոցական կրթության ընթացքում ձևավորվող հիմնական հմտությունները՝ մասնավորապես, սոցիալական, հաղորդակցման, ուսումնական գործընթացի կազմակերպման և տարիքին համապատասխան ճանաչողական հմտությունները, ապահովում են երեխայի պատրաստվածությունը դպրոցական կյանքին: Ուստի, նախադպրոցական կրթության բացակայության կամ այդ ոլորտում առկա խնդիրների պայմաններում, ինչը Պաշտպանի գնահատմամբ անընդունելի է, նշվածը պետք է երաշխավորվի առնվազն տարրական կրթության միջոցով:

Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ արձանագրվել է, որ հանրակրթության մեջ միանգամից 2-րդ դասարան ընդգրկված երեխաների մոտ առկա են առաջին և երկրորդ դասարանների կրթական ծրագրերով նախատեսված ուսումնական նյութի յուրացման հետ կապված դժվարություններ: Մասնավորապես, քանի որ միանգամից 2-րդ դասարանում սովորող երեխաները չեն հաճախել 1-ին դասարան, 1-ին դասարանի կրթական նյութի ուսումնասիրությունն իրականացվում է 2-րդ դասարանի կրթական նյութին զուգահեռ, և այն լիարժեք կերպով յուրացնելու համար երեխաներն այցելում եմ երկարօրյա խմբեր, հաճախում եմ լրացուցիչ դասընթացների, ինչի արդյունքում հաճախ զրկվում են իրենց տարիքին և զարգացմանը համապատասխան խաղի, հանգստի և լիարժեք ժամանցի հնարավորությունից:

Պաշտպանի որոշմամբ արձանագրվել է նաև, որ որոշ երեխաների մոտ ի հայտ են եկել հոգեբանական խնդիրներ, նրանցից շատերը հաճախ պնդել են, որ իրենց մոտ ոչինչ չի ստացվում, իրենք չեն կարողանում կատարել իրենց տրված հանձնարարությունները:

Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումների և բողոքների, թեժ գծի հեռախոսահամարին ստացված զանգերի, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատություններ իրականացված այցերի արդյունքների ուսումնասիրությունները նույնպես ցույց են տվել, որ հանրակրթության մեջ միանգամից 2-րդ դասարան ընդգրկված երեխաների մոտ առկա են վախի, անհանգստության, սեփական ուժերի նկատմամբ անվստահության զգացումներ, լացի, հուզական լարվածության դրսևորումներ, որոնք արտահայտվում են ուսումնական նյութի յուրացման և առաջադրանքների կատարման գործընթացում: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել նաև, որ աշակերտների մոտ առկա են համադասարանցիների հետ շփման խնդիրներ, երեխաներն իրենց զգում են մյուսներից առանձնացված, քանի որ նրանցից շատերն իրենց համադասարանցիների պես չեն կարողանում գրել և հաշվել, իսկ իրենց համար նախատեսված ուսումնական լրացուցիչ նյութի ուսումնասիրությունն իրականացվում է խիստ սեղմ ժամկետում, և երեխաները միշտ չէ, որ հասցնում են այն յուրացնել:

Վերոգրյալի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանն իր որոշման մեջ նշել է, որ պետությունը միջազգային չափորոշիչներին համապատասխան չի երաշխավորել միանգամից իրենց տարիքային խմբին համապատասխան 2-րդ դասարան ընդունված երեխաների հոգեբանական, սոցիալական, ճանաչողական և այլ դժվարություններից զերծ լինելու իրավունքը, կրթական ճանապարհի սկզբի ներդաշնակությունը երեխայի իրական կարողությունների ու հոգեբանական պատրաստվածության հետ, ըստ այդմ՝ խախտվել են երեխայի հանգստի և ժամանցի, իր տարիքին համապատասխան խաղերին մասնակցելու իրավունքը և երեխայի լավագույն շահի ապահովման պահանջը:

Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն առաջարկել է միջոցներ ձեռնարկել Պաշտպանի որոշմամբ արձանագրված դիրքորոշումների հաշվառմամբ՝ օրենսդրական դաշտի կատարելագործման և գործնականում հանրակրթության մեջ ընդգրկվելու գործընթացում երեխաների համար հոգեբանական, սոցիալական, ճանաչողական և այլ դժվարություններից զերծ կրթական միջավայրի ապահովման, նախադպրոցական կրթության, հանգստի և ժամանցի իրավունքների, ինչպես նաև երեխաների հետ աշխատող մասնագետների պատշաճ պատրաստվածության երաշխավորման ուղղությամբ:

Պաշտպանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն առաջարկել է նաև անհատական մոտեցում ցուցաբերել հանրակրթության մեջ տարիքային խմբին համապատասխան միանգամից երկրորդ դասարան ընդգրկված յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի կազմակերպման գործընթացը երեխայի լավագույն շահին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Պաշտպանը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ կրթությունը պետք է լինի երեխայակենտրոն և նպատակ ունենա ոչ միայն փոխանցելու գիտելիքներ, այլ նաև երեխայի կյանքի համար անհրաժեշտ հմտություններ, ուժեղացնելու նրա կարողությունները, զարգացնելու արժանապատվության զգացումն ու ինքնավստահությունը:

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ոլորտի բարեփոխման ուղղված արդեն իսկ իրականացվող աշխատանքները և Նախարարության հետ ձևավորված, այդ թվում՝ նշված խնդիրների լուծմանն ուղղված կառուցողական համագործակցությունը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Կառավարությունը հաստատել է Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հաստատել է Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել ,Իրական Հայաստանիե տնտեսական նոր պարադիգմի գաղափարական հիմքերը՝ ամրագրելով պետության դերը որպես մարդակենտրոն, բայց միաժամանակ անվտանգությանը, դիմակայունությանը և ինստիտուցիոնալ ամրապնդմանը ծառայող համակարգի։ Իրավական ակտի ընդունմամբ առաջարկվում է վերացնել տնտեսական և ինստիտուցիոնալ քաղաքականության հատվածայնությունը, ամրագրել երկարաժամկետ տեսլական և հստակ սկզբունքներ, սահմանել ծրագրերի և ենթածրագրերի միասնական կառուցվածքային համակարգ՝ դրանով ապահովելով պետական քաղաքականության տեսլականային, համակարգային և կանխատեսելի բնույթը։ Արդյունքում ակնկալվում է, որ տնտեսական քաղաքականությունը ձեռք կբերի տեսլականային և համակարգային բնույթ, կբարձրանա քաղաքականությունների կանխատեսելիությունը և ներդրումային միջավայրի նկատմամբ վստահությունը, կձևավորվի ծրագրերի և ենթածրագրերի միասնական համակարգ, կամրապնդվի հանրային կառավարման արդյունավետությունը և հաշվետվողականությունը, կբարձրանա Հայաստանի տնտեսական դիմակայությունը և անվտանգային կայունությունը։

Վարչապետը ներկայացրել է դոկտրինը և նշել՝ այն զարգացման ուղենիշն է, որի նպատակն է վերանայել և ամրապնդել երկրի տնտեսական կառուցվածքը ու պետական ինստիտուտները: ,Սա ուղենիշ է և հայտարարություն՝ մեր մտադրությունների մասին: Այս համատեքստում լավ կլինի, որ Կառավարության կողմից ընդունվող ռազմավարությունները և ռազմավարական նշանակության փաստաթղթերը ճիշտ տեղում դնենք մեր կառավարման համակարգում։ Ռազմավարություններն առաջին հերթին մտադրությունների բարձրաձայնում են և անելիքների պատկերացումների համախմբված դրսևորումե,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Երկրի ղեկավարի խոսքով՝ դոկտրինն այն մասին է, թե ՀՀ-ն հիմա որտեղ է, ուր է ուզում շարժվել և ըստ այդմ՝ ՀՀ-ը նոր տնտեսական պարադիգմ է որդեգրում: Երկրի ղեկավարը ներկայացրել է, թե ինչով է պայմանավորված վերանայման և նոր տնտեսական պարադիգմ որդեգրելու անհրաժեշտությունը: Ըստ վարչապետի՝ առաջին պատճառն այն է, որ 2018-ից ի վեր՝ հեղափոխությունից հետո, Հայաստանի տնտեսությունն աճել է ավելի քան 50 տոկոսով. 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն ավելի քան կրկնապատկվել է 2018-ի հեղափոխությունից հետո: Եվ եթե 2017-ին 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում 3882 դոլար էր, 2025-ի խիստ նախնական տվյալների համաձայն՝ մոտ 9400 դոլար է, աճը՝ 2,4 անգամ:

Հանգամանքներից մեկն էլ այն է, որ նախորդ տարի ԿԲ-ն շուկայից հավաքել է ավելի քան 2 մլրդ դոլար: ,Սա նշանակում է, որ Հայաստանի շուկայում 2 մլրդ դոլարի լրացուցիչ միջոցներ են ի հայտ եկել, և որ դեպի ՀՀ որոշակի ֆինանսական և տնտեսական ներհոսք կա: Այս ամեն ինչը նշանակում է, որ մենք հիմա ունենք բոլորովին ուրիշ տնտեսություն և բոլորովին ուրիշ երկիր, քան ունեինք 2018 թվականին: Սա կարևոր է արձանագրել: Բայց ես ուզում եմ ասել, որ մենք պետք է հստակ գծագրենք, թե այս ամեն ինչում որտեղ է Կառավարության դերը և որտեղ է այլ գործող անձանց դերըե,-ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Կառավարության դերն այն է, որ 2018 թվականից վերացրել է տնտեսական գործունեության բոլոր հնարավոր սահմանափակումները. վերացվել են մենաշնորհները, արգելքներն ու արգելակները: ,Ահա սա է հիմնական պատճառը, որ 2018 թվականից ի վեր, ի հեճուկս բոլոր քաղաքական, տարածաշրջանային, աշխարհաքաղաքական վայրիվերումներին, ՀՀ-ն ոչ միայն պահպանել է մակրոտնտեսական կայունությունը, այլև ապահովել է 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ավելի քան 2,4 անգամ աճ, 50 տոկոս տնտեսական աճ: Եվ այս ամեն ինչը ՔՈՎԻԴ-ի և, բնականաբար, Հայաստանի ռեցեսիայի պայմաններումե,-ասել է վարչապետը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ արձանագրված արդյունքի համար առաջին հերթին պետք է գնահատել Հայաստանում աշխատող և արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող մարդկանց. ,Որովհետև սա չի կարող լինել և չէ Կառավարության ձեռքբերումը: Սա Կառավարության և քաղաքացիների համագործակցության ձեռքբերումն է: Այսինքն՝ մենք մարդկանց ասել ենք՝ չկա տնտեսական գործունեության որևէ սահմանափակում, և այդ բանաձևը տվել է իր կոնկրետ արդյունքները, որոնք արտահայտվել են առաջին հերթին տնտեսության, նաև քաղաքականության մեջ: Ըստ էության, մենք այս ամենով արձանագրում ենք, որ ՀՀ-ում ոչ միայն քաղաքական համակարգն է ժողովրդավար, այլև տնտեսական համակարգն է ժողովրդավար: Սա գործնականում նշանակում է, որ Կառավարությունը չի միջամտել այնտեղ, որտեղ չպետք է միջամտեր, և մյուս կողմից՝ Կառավարությունը միջամտել է այնտեղ, որտեղ պետք է միջամտերե:

Վարչապետը նշել է՝ պետք է արձանագրել, որ տնտեսական այս ցուցանիշները լրացուցիչ կերպով տնտեսական դիտանկյունից հիմնավորում են ՀՀ-ի ժողովրդավարական երկիր լինելը: ,Իմ արձանագրումն այն է, որ այս բոլոր գործընթացների հիմքում ընկած է այն և միևնույն ժամանակ այս բոլորի արդյունքն այն է, որ մարդն օբյեկտից վեր է ածվել սուբյեկտի: Այսինքն՝ ՀՀ-ում ամեն ինչ որոշում է մարդը՝ քաղաքացինե,-ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով. ,Այստեղ նրբությունն այն է, որ անհատի, մարդու ամենամեծ անելիքը՝ հենց քաղաքական իշխանություն, Կառավարություն ձևավորելն է: Այսինքն՝ այսպես, թե այնպես Կառավարության ձևավորման պատասխանատվությունը մարդու վրա էե:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե քաղաքացին վճռական դեր ունի Կառավարություն ձևավորելու, ըստ էության, երկրի զարգացման ուղղությունները որոշելու գործում, քաղաքացին պետք է և ակնհայտորեն ունի վճռական և առանցքային դեր իր անձնական կարիքները, իր անձնական բարեկեցությունն ապահովելու գործում, որը պետք է տեղի ունենա աշխատանքի միջոցով: Այդ համատեքստում վարչապետը մեկ անգամ ևս ընդգծել է կրթության կարևորությունը և դոկտրինից հատվածներ մեջբերել. ,Հայաստանի նոր տնտեսական պարադիգմի առաջին և առանցքային հիմքը կրթությունն է։ Առանց հասանելի, արդիական և մրցունակ կրթական համակարգի և կրթությունը՝ որպես ցկյանս ապրելակերպ որդեգրելու, բարեփոխումների արդյունավետությունը տուժում է։ Կրթված, իր իրավունքներն ու պարտականությունները գիտակցող քաղաքացիները պետության ազատության և ժողովրդավարական կենսունակության ամենահուսալի հենարանն են։ Կրթությունն այլևս պարզապես մեկ ճյուղային քաղաքականություն չէ, այլ դոկտրինի առանցքը, որը կանխորոշում է տնտեսական զարգացման ծավալն ու բովանդակությունը, պետական կառավարման արդյունավետությունն ու ճկունությունը, ազգային ինքնության ամրությունը և պետականության հարատևության օրակարգի հաջողությունը: Եվ հաջորդ մեջբերումը՝ դոկտրինի նպատակը Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացման նոր տրամաբանության հաստատումն է՝ տնտեսությունը դիրքավորելով որպես ինքնիշխանության, անվտանգության և երկարաժամկետ կայունության հիմք, որի առանցքում կանգնած է կրթված, այսպիսով՝ ազատ, կարող և ստեղծարար քաղաքացինե:

Վարչապետը նշել է, որ առաջին անգամ Հայաստանը նպատակաուղղված ձևավորում է տնտեսություն՝ ելնելով տարածաշրջանային կայուն խաղաղության պայմաններից. ,Այսինքն՝ Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը նաև պայմանավորված է տարածաշրջանային և արտաքին քաղաքական այն նոր միջավայրով, որը ձևավորվում է ՀՀ-ի շուրջը: Խաղաղության բանաձևը խաղաղության պայմաններում. տնտեսությունը նույնպես պետք է որոշակիորեն վերափոխվի, դիրքավորվի, ինչը հենց այս օրերին մեր աչքի առաջ տեղի է ունենում: Իհարկե, հաստատված խաղաղությունը և խաղաղության ինստիտուցիոնալացումը մեր առաջնահերթությունների շարքում է, որն անխուսափելիորեն իր արտահայտությունը պետք է ունենա նաև տնտեսության մեջե:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հաջորդ նրբությունն այն է, որ պետությունն իր վրա է վերցնում ակտիվ և պատասխանատու դերակատարում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներում՝ էներգետիկ, տրասնպորտային, ջրային, թվային անվտանգային համակարգերում՝ միաժամանակ ապահովելով պետական սեփականության թափանցիկ և տնտեսապես հիմնավորված մասնավորեցումն այն ոլորտներում, որտեղ դա նպաստում է մրցակցությանը և արդյունավետությանը: ,Այսինքն՝ մենք այս դոկտրինով ավելի մեծ պատասխանատվություն ենք վերապահում պետությանը, Կառավարությանը ստրատեգիական նշանակության կամ կրիտիկական կառավարման գործումե,– ասել է վարչապետը:

Դոկտրինն անդրադառնում է նաև կրթության ոլորտի, արհեստական բանականության զարգացմանը, թվայնացման գործիքների կիրառմանը, գյուղատնտեսության, էներգետիկայի զարգացմանը, վերաբերյալ վերաբերմունքի փոփոխությանը, նաև ինտենսիվ գյուղատնտեսության, էներգետիկայի զարգացմանը և այլ ուղղությունների:

,Այս բոլոր մոտեցումների հիմքում ընկած է 1 առանցքային գաղափար. պետությունը դիտարկվում է որպես շարունակական ինստիտուտ, որտեղ կառավարությունները փոփոխական են, իսկ տնտեսական քաղաքականության տրամաբանությունը՝ կայուն և կանխատեսելի: Այս ամենի հիմքում դրված է պետության հարատևության գաղափարը, և այն գաղափարը, որ պետության զարգացումը հենց պետական շահն է: Մենք պետք է շատ հստակ ձևակերպենք և տեսնենք թե ինչ է պետական շահը: Պետական շահը տնտեսական զարգացումն է, որովհետև առանց դրա պարզապես հնարավոր չէ սպասարկել որևէ օրակարգե,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com 

Կառավարությունը հաստատել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագիրը

Գործադիրը հաստատել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագիրը՝ ոլորտի առջև ծառացած խնդիրներին համալիր լուծում տալու, մեկնարկած բարեփոխումները, այդ թվում՝ օրենսդրական, համակարգելու նպատակով։ Բացի այդ՝ ռազմավարական ծրագրի առկայությունը հնարավորություն է տալիս համակարգել և լուծում տալ մի շարք այնպիսի խնդիրների, որոնք անմիջականորեն կապված են զբոսաշրջիկների, նրանց փորձառությունների, մատուցվող ծառայությունների հետ, սակայն նմանատիպ խնդիրների լուծումը կախված չէ զբոսաշրջության բնագավառի պետական լիազոր մարմնից։ Նմանատիպ խնդիրներից են դեպի զբոսաշրջավայրեր տանող ճանապարհների բարելավումը, մաքրության ապահովումը, զբոսաշրջիկների կարիքների բավարարմանն ուղղված ենթակառուցվածքների ապահովումը (այդ թվում՝ սանհանգույցների) և այլն։ Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել զբոսաշրջության զարգացման տեսլականը, հիմնական գերակայությունները, նպատակները, որոնք հիմք կհանդիսանան հետագա ռազմավարական ծրագրերի և համապատասխան միջոցառումների մշակման համար։ Առաջարկվում է նաև գործողությունների ծրագիր, որը կսահմանի, թե ինչպես կարելի է Հայաստանի զբոսաշրջային ներուժը վերածել ներքին և միջազգայնորեն գրավիչ և մրցունակ զբոսաշրջության արդյունաբերության։ Ռազմավարական ծրագրի ընդունմամբ հնարավոր կլինի ունենալ ուղենիշային փաստաթուղթ առաջիկա 5 տարիներին զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության մշակման և իրականացման համար՝ ի նպաստ զբոսաշրջության կայուն զարգացմանը, ներդրումների ներգրավմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, ծառայությունների որակի բարելավմանը, ինստիտուցիոնալ բարեփոխումներին, Հայաստանի՝ որպես ապահով և բարենպաստ զբոսաշրջային երկրի նկարագրի ամրապնդմանը, Հայաստանի ճանաչելիության և հասանելիության բարձրացմանը և այլն։ Ռազմավարական ծրագրի պատշաճ իրականացման պարագայում 2030 թ. կունենանք 3 միլիոն ներգնա զբոսաշրջային այցելություններ, 3,8 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք զբոսաշրջիկների ծախս և 4,5 միլիոն ներքին զբոսաշրջային այցելություններ։Կստեղծվի լրացուցիչ 20 հազար աշխատատեղ:

Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, անհրաժեշտ է, որ ՀՀ-ն դիրքավորվի որպես զբոսաշրջային խաչմերուկ՝ գրավիչ, որակյալ, անվտանգ, խաղաղ, մրցունակ, գողտրիկ զբոսաշրջային ուղղություն: Ծրագրով նախատեսված զարգացման 3 հիմնական ուղղություններն են՝ մշակութային, գաստրո՝ խոհանոց, գինի և հայկական բրենդի, ինչպես նաև արկածային՝ ներառյալ ձմեռային զբոսաշրջությունը: Նախատեսվում է զարգացնելու նաև ագրոզբոսաշրջությունը, MICE զբոսաշրջությունը, կրոնական, բժշկական և առողջարանային զբոսաշրջությունը:

Նախարարը նշել է, որ ռազմավարական ծրագիրը սահմանել է 4 հիմնական նպատակ: Առաջինը՝ տնտեսական ուղղությունն է, որը ենթադրում է օգտագործել զբոսաշրջության տնտեսական ներուժն ամբողջությամբ՝ զբոսաշրջության բնագավառում բարեփոխումների միջոցով նպաստելով տնտեսական առաջընթացին: Երկրորդը՝ միջազգային գրավչության բարձրացումն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի իմիջը՝ որպես գրավիչ զբոսաշրջային երկրի՝ շեշտը դնելով հյուրընկալության, անվտանգության վրա: Երրորդը որակի ապահովումն է, որը ենթադրում է նաև տարբերվող, բացառիկ փորձառությունների տրամադրում: Չորրորդը սոցիալական ուղղությունն է, որի շրջանակում կարիք կա կենտրոնանալու աշխատուժի թվի մեծացման վրա, ծառայությունների բարձր մակարդակի տրամադրման, ինչպես նաև զբոսաշրջային կրթությունը խթանելու:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հարցին՝ Գևորգ Պապոյանը ներկայացրել է զբոսաշրջության ոլորտում արձանագրված ցուցանիշները: Նախարարը տեղեկացրել է, որ այս տարի Հայաստան է այցելել 2 մլն 263 հազար 642 զբոսաշրջիկ, ինչը 2,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, և 19,4 տոկոսով ավելի է 2019 թվականի ցուցանիշից: «Դեկտեմբերին ունեցել ենք 139 հազար 933 զբոսաշրջիկ, որը մեր դեկտեմբերների պատմության լավագույն ցուցանիշն է: Այսինքն՝ չի եղել որևէ դեկտեմբեր, որ այսքան բարձր ցուցանիշ ենք ունեցել»,- ասել է Գևորգ Պապոյանը՝ հավելելով, որ 12 ամիսներից 7-ը զբոսաշրջիկների թվի առումով երբևէ լավագույնն է եղել Հայաստանի պատմության մեջ:

Պատմական լավագույն տարին, ըստ Գևորգ Պապոյանի, եղել է 2023 թվականը, երբ ունեցել ենք 50 հազարով ավելի զբոսաշրջիկ, քան այս տարի:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տարվա ընթացքում եղան զարգացումներ, որոնք զբոսաշրջության թվերի վրա ունեցան էական ազդեցություն: Վարչապետը թվարկել է այն գործոնները, որոնք ազդել են վրա զբոսաշրջային ցուցանիշի աճի վրա: Դրանք են, մասնավորապես՝ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, ավիացիոն ոլորտի զարգացումը, որը Հայաստանն ավելի գրավիչ է դարձնում թե տեղական, թե օտարերկրյա ընկերությունների համար, խաղաղության գործընթացը, ձեռք ենք բերել հանրային մեծ բարձրորակ միջոցառումներ կազմակերպելու կարողություն: «Ռազմավարական այս ծրագիրը նույնպես ուղենշային մի փաստաթուղթ է, որով մենք պետք է առաջնորդվենք: Եվ, իհարկե, այս փաստաթուղթը փոխկապակցված է մնացած մեր ուղղությունների հետ»,-ասել է երկրի ղեկավարը:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com 

ՊՆ պաշտոնյան շուրջ 160 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ջերմատեսիլ սարքերի հափշտակություն է կատարել․ ՀԿԿ

ՊՆ պաշտոնյան շուրջ 160 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ջերմատեսիլ սարքերի հափշտակություն է կատարել։ Մասնավորապես 37 միավոր տարբեր մոդելների ջերմատեսիլ նշանոցներ, շուրջ տասն անգամ ցածր գնով՝ 50-450 հազար ՀՀ դրամով վաճառել է Երևան քաղաքի բնակչին: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան։

«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՊՆ երկու տարբեր զորամասերում համապատասխան ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած անձը, օտագործելով իր ծառայողական լիազորությունները, 2024 թվականի ընթացքում կատարել է ընդհանուր շուրջ 160 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ջերմատեսիլ սարքերի հափշտակություն:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՊՆ վերը նշված պաշտոնատար անձը հափշտակել է փաստացի իր տիրապետմանը հանձնված և զորամասերի պահեստներում պահվող առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 160 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ 37 միավոր տարբեր մոդելների ջերմատեսիլ նշանոցներ, որոնցից յուրաքանչյուրն իր արժեքից շուրջ տասն անգամ ցածր գնով՝ 50-450 հազար ՀՀ դրամով վաճառել է Երևան քաղաքի բնակչին:

Բացի այդ, պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը կազմել է ջերմատեսիլ սարքը հանձնած լինելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներառող պաշտոնական փաստաթղթեր:

Առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՊՆ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելու և իրացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 295-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է ներկայացվել նաև ջերմատեսիլ սարքերի գնորդին:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Հաշվի առնելով, որ վերը նշված ջերմատեսիլ սարքերը հափշտակվել են Պաշտպանության նախարարությունից, դրանք հայտնաբերելու և նախարարությանը վերադարձնելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք կասկածելի հանգամանքներում ջերմատեսիլ նշանոցներ ձեռք բերած լինելու կամ այդ մասին որևէ տեղեկություն ունենալու դեպքում դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»,- ասված է հաղորդագրությունում։

 

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com 

Հայաստանում ԱՄՆ Դեսպանատունն այժմ կիրառում է վիզայի հանդիպումների նշանակման նոր համակարգ

ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել. Հայաստանում ԱՄՆ Դեսպանատունն այժմ կիրառում է վիզայի հանդիպումների նշանակման նոր համակարգ։

Ոչ ներգաղթային և ներգաղթային վիզաների հարցազրույցների ամրագրումը պետք է կատարվի բացառապես այս նոր համակարգի միջոցով։ Այն այժմ ամբողջությամբ գործում է հետևյալ հղումով՝ USTravelDocs.com։

Եթե արդեն ունեք նշանակված հանդիպում, ապա խնդրում ենք ներկայանալ ձեր հարցազրույցին ըստ նշանակման։ Որևէ փոփոխություն անհրաժեշտություն չկա։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com 

Խուլիգանության դեպքի մասնակիցներից մեկը բենզին է լցրել մյուսի վրա

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2025 թվականի մայիսի 9-ին մի խումբ անձինք մեկնել են Ա.Մ.-ի բնակության հասցե, նրա հասցեին հնչեցրել հայհոյանքներ, իսկ վերջինս բենզին է լցրել նրանցից մեկի վրա և կրակայրիչով այրել։

Ա․Մ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և գրավը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Խուլիգանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com 

 

Հանրապետության որոշ ճանապարհներին մերկասառույց է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ հունվարի 7-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Արթիկի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

«Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրությունում։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com 

Տուրիստական մի շարք ընկերությունների հակամրցակցային գործողությունների հետևանքով 130 զբոսաշրջիկ չի կարողացել վերադառնալ Հայաստան․ Դատախազություն

Հայաստանում տուրիստական գործունեություն ծավալող 7 ընկերությունների ղեկավարներ մտադրվել են հակամրցակցային գործունեության միջոցով շուկայից դուրս մղել տուրիստական գործունեությամբ զբաղվող մեկ այլ ընկերության ու հրաժարվել են վերոնշյալ տուրիստական ընկերությանն ավիատոմսեր վաճառելուց: Տվյալ ընկերությունը հնարավորություն չի ունեցել պատշաճ իրականացնել տուրիստական գործունեություն և 130 հայ զբոսաշրջիկներին Եգիպտոսի Հուրգադա քաղաք տեղափոխելուց հետո չի կարողացել կազմակերպել նրանց վերադարձը Հայաստան: ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 53 միլիոն դրամ՝ ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար։ «Դատախազը 2025 թվականի դեկտեմբերի 26-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնել հակամրցակցային գործունեության համար մեղադրվող տուրիստական 7 ընկերությունների տնօրենների վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում տուրիստական գործունեություն ծավալող 7 ընկերությունների ղեկավարներ մտադրվել են հակամրցակցային գործունեության միջոցով շուկայից դուրս մղել տուրիստական գործունեությամբ զբաղվող մեկ այլ ընկերության: Մասնավորապես՝ տուրիստական գործունեություն ծավալող 7 ընկերությունների ղեկավարներ, հակամրցակցային համաձայնություն ձեռք բերելու արդյունքում, հրաժարվել են վերոնշյալ տուրիստական ընկերությանն ավիատոմսեր վաճառելուց և այդ ընկերության հետ աշխատող գործընկերների հետ համագործակցելուց: Նկարագրված հակամրցակցային գործողությունների հետևանքով՝ տվյալ ընկերությունը, գտնվելով մրցակցության սահմանափակման մեջ, հնարավորություն չի ունեցել պատշաճ իրականացնել տուրիստական գործունեություն. 130 հայ զբոսաշրջիկներին Եգիպտոսի Հուրգադա քաղաք տեղափոխելուց հետո չի կարողացել կազմակերպել նրանց վերադարձը Հայաստանի Հանրապետություն:

Խնդրի լուծման նպատակով՝ Կառավարության 2019 թվականի հուլիսի 26-ի 933-Ն որոշմամբ՝ Եգիպտոսում գտնվող շուրջ 130 քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխման ծառայությունների իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է 47 միլիոն 198 հազար դրամ, իսկ 2019 թվականի օգոստոսի 1-ի 983-Ն որոշմամբ՝ նույն նպատակի համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացվել է 5 միլիոն 838 հազար դրամ:

Դատախազը 2025 թվականի դեկտեմբերի 16-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել տուրիստական 7 ընկերությունների տնօրենների նկատմամբ, իսկ 2025 թվականի դեկտեմբերի 26-ին՝ քրեական վարույթի նյութերը հանձնել է իրավասու դատարան:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան: Դատարանի՝ 2025 թվականի դեկտեմբերի 25-ի վճռով՝ հօգուտ ՀՀ պետական բյուջեի կբռնագանձվի 53 միլիոն դրամ՝ որպես պարտավորության գումար»,- ասված է հաղորդագրությունում։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Գանձաքար-Իծաքար ավտոճանապարհները:

Նորավան-Լծեն-Տաթև, Թթուջուր-Նավուր  ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար:

Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com