Լրահոս

ԱԺ-ում քննարկվել է Երիտասարդական խորհրդարանի մշակած՝ կրթության ֆինանսավորմանն առնչվող նախագիծը

«Երիտասարդական խորհրդարան» ծրագրի մասնակիցներն օրենսդրական առաջարկ են մշակել, որը վերաբերում է կրթության ֆինանսավորմանը: Առաջարկն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացվել է պատգամավորների քննարկմանը:

Երիտասարդական խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Աննա Հարությունյանի խոսքով՝ Հայաստանի զարգացման գերակա ուղղություններից է բարձրորակ կրթության հասանելիությունը բոլոր քաղաքացիների համար, սակայն պետական բուհերի բազմաթիվ ուսանողներ ֆինանսական միջոցների սղության պատճառով զրկվում են բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից: Խնդրի լուծման նպատակով առաջարկվում է ներդնել բարձրագույն կրթության ֆինանսավորման նորարարական հետվճարային համակարգ: Ստեղծվելիք պետական հատուկ ֆոնդը կֆինանսավորի ուսանողների կրթությունը՝ վճարելով ուսումնական վարձավճարը և ապահովելով երկարաժամկետ հետվճարային մեխանիզմը: Առաջարկով ֆոնդը կգործի ԿԳՄՍ նախարարության, Կենտրոնական բանկի և Ֆինանսների նախարարության ղեկավարման, ինչպես նաև կոմերցիոն բանկերի վերահսկողության ներքո:

«Համակարգի առանցքային առավելությունն այն է, որ ուսանողները կկարողանան ստանալ բարձրագույն կրթություն՝ առանց ուսման վարձն անմիջապես վճարելու: Փոխարենը նրանք կսկսեն մարել ամբողջական գումարը՝ ըստ նախապես նշանակված ժամկետի և ամսական վճարի չափի: Տևողությունը և ամսական վճարի չափը պայմանավորված կլինեն ընտանիքի վճարունակությամբ»,- պարզաբանել է զեկուցողը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը մանրամասնել է, որ ստեղծվելիք ֆոնդը սոցիալապես անապահով ուսանողներին գրեթե 0-ական տոկոսով կտրամադրի արտոնյալ ուսանողական վարկեր: Ենթադրաբար ֆոնդը կֆինանսավորվի պետական բյուջեից:

Հարցուպատասխանի ընթացքում պատգամավորները, Կենտրոնական բանկի, Ֆինանսների նախարարության և ՊԵԿ ներկայացուցիչները ողջունել են երիտասարդների նախաձեռնողականությունը և փորձել հասկանալ վարկավորման տրամադրման առաջարկվող մեխանիզմներն ու պայմանները, աջակցության այլ ծրագրերի հետ համեմատականները, բանկային համակարգի խնդիրները, հետվճարային ծրագրի առանձնահատկությունները և նախաձեռնությանը վերաբերող այլ դրույթները:

Բաբկեն Թունյանն առաջարկել է հետաձգել նախաձեռնության քննարկումը մինչև երկու ամիս ժամկետով, այդ ընթացքում լրամշակել շահագրգիռ բոլոր կողմերի հետ:

«Երիտասարդական խորհրդարանն» իրականացվում է ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագրի հետ համատեղ: Վերջինս ֆինանսավորվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության, Շվեդիայի կառավարության և ՀՀ Ազգային ժողովի կողմից:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com  

 

Համոզված եմ, որ Ձեր նախագահության օրոք ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն է՛լ ավելի կամրապնդվեն. Փաշինյանը՝ Թրամփին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ ընտրվելու առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոն Թրամփ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ ընտրվելու առիթով։

Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձը, գիտելիքները և կարողությունները լավագույն կերպով կծառայեն ԱՄՆ ժողովրդի բարեկեցության ապահովմանը, ԱՄՆ շահերի առաջմղմանը և ԱՄՆ համաշխարհային դերակատարության ամրապնդմանը:

Անցած տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները, որոնք խարսխված են մեր երկրների պատմական բարեկամության, ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա, գրանցել են աննախադեպ առաջընթաց: Անշուշտ, այդ գործընթացում դեր ունի նաև ամերիկահայ համայնքը։

Բարձր եմ գնահատում մեր երկրների միջև առկա արդյունավետ համագործակցությունը Հարավային Կովկասում ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղության և կայունության հաստատման, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարի, անվտանգային սպառնալիքների կանխարգելման գործում:

Մեր բազմաշերտ օրակարգում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության զարգացումը, ինչպես նաև առկա զգալի ներուժի լիարժեք օգտագործումը: Այս կապակցությամբ ուրախ եմ արձանագրել այն համատեղ ջանքերը, որոնք ուղղված են խթանելու Հայաստանի տնտեսական և էներգետիկ դիմակայունությունը: Համոզված եմ, որ Ձեր նախագահության օրոք ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն, և կշարունակենք արձանագրել նորանոր ձեռքբերումներ՝ իրագործելով ռազմավարական գործընկերության մակարդակին հասնելու մեր տեսլականը:

Մեծարգո պարոն նախագահ,

Լիահույս եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում նոր հնարավորություններ կընձեռվեն, հատկապես՝ Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղության հաստատման, տարածաշրջանային տնտեսական և հաղորդակցային ուղիների ապաշրջափակման պարագայում, որի վերաբերյալ ՀՀ Կառավարության առաջարկներն ամբողջացած են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում:

Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով՝ մաղթելով քաջառողջություն, հաջողություն և նորանոր ձեռքբերումներ՝ ի նպաստ Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդի բարօրության և առաջընթացի»:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

ԵՄ-ն Հայաստանին 270 մլն եվրո կտրամադրի. քննարկվել են եվրոպական կառույցների հետ իրականացվող ծրագրերը

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ նոյեմբերի 5-ի համատեղ նիստում քննարկվել են Հայաստանի՝ եվրոպական կառույցների հետ իրականացվող ծրագրերը, գալիք տարվա բյուջեի նախագծով նախատեսված հատկացումները:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 2025 թվականի բյուջեի նախագծով Եվրամիության հետ նախատեսված է իրականացնել 2 դրամաշնորհային ծրագիր՝ 13,8 մլն եվրո գումարով. առաջինը «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը» (երկրորդ փուլ), որի գումարը կազմում է 4,5 մլն եվրո եւ «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» 9,3 մլն եվրո գումարով: Ներկայում քննարկումներ են ընթանում ԵՄ-ի հետ եւ հնարավոր է 2025 թվականին ստանալ նաեւ 25 մլն եվրո բյուջետային աջակցություն:

Նախարարը տեղեկացրել է, որ եվրոպական կառույցների հետ իրականացվում են մի շարք վարկային ծրագրեր, որոնք Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության բյուջեում նախատեսված են 18,5 մլրդ դրամի չափով: Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է պարզաբանումներ «Հյուսիս-հարավ» ճանապարհային հատվածին վերաբերող ծրագրի իրականացման, մի շարք կառույցներից, բանկերից ու ծրագրերից նախատեսվող հատկացումների վերաբերյալ:

«Վերջին տարիներին կտրուկ մեծացել է միջազգային համագործակցության ընդհանուր պորտֆելը, եւ աշխատանքներ պետք է իրականացվեն կարողությունների, ներուժի զարգացման ուղղությամբ»,- նշել է նախարարը:

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է, որ 2024 թվականը ԵՄ-Հայաստան գործընկերության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից աննախադեպ տարի էր: Նրա խոսքով արդեն սկսվել են բանակցությունները ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ, շարունակվում է առաջնային՝ անվտանգության ոլորտում ԵՄ-ի հետ համագործակցությունը: 2025 թվականի ընթացքում ծրագրվում է անցկացնել Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված որոշ կանոնադրական մարմինների, Հայաստան-ԵՄ գործընկերության, Առեւտրի հարցերով գործընկերության, Խորհրդարանական գործընկերության կոմիտեների նիստեր:

Անդրադառնալով 2025 թվականին իրականացվելիք մի շարք ծրագրերի՝ զեկուցողը տեղեկացրել է, որ «Դիմակայունություն եւ աճ» ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանին տրամադրել 270 մլն եվրո գումար: Համագործակցությունը շարունակվելու է նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակում: Պարույր Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտական ոլորտում մասնագետների վերապատրաստմանը, ԵՄ անդամ երկրներում տնտեսական կցորդների գործունեության ակտիվացմանը:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 900 մլն դրամ է վերադարձվել պետությանը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով իրականացվող քրեական վարույթի շրջանակներում տվյալներ են ստացվել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպությունը ԱԱՀ-ի դեբետային մնացորդներ առաջացնելու, այնուհետև դրանք պետությունից հետ ստանալու նպատակով իր հետ փաստացի փոխկապակցված մեկ այլ կազմակերպությունից ստացել է ապրանքների մատակարարման հարկային հաշիվներ՝ առաջացնելով շուրջ 900.000.000 ՀՀ դրամի ԱԱՀ դեբետային գումար և միջոցներ է ձեռնարկել՝ դեբետային գումարները հետ ստանալու ուղղությամբ:

Իրականացված նախաքննության ընթացքում պատասխանատու անձանց կողմից ներկայացվել են ճշտված հաշվարկներ, իսկ վերոնշյալ դեբետային գումարներն ուղղվել են այդ ճշտումների արդյունքում առաջացած հարկային պարտավորությունների մարմանը:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

«Հայ-ֆրանսիական հարաբերությունները 44-օրյա պատերազմից հետո»

«Հայ-ֆրանսիական հարաբերությունները 44-օրյա պատերազմից հետո»
ℹ44-օրյա պատերազմից հետո ինչ փուլում է հայ-ֆրանսիական հարաբերությունները և այդ հարաբերությունների խորացման գործում ինչ դերակատարում ունի Գյումրիում գործող «Ֆրանսիական լույս» ասոցացիան:
—————————————
Ուղիղ հեռարձակում 🔴 

—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Լյուկ Կարվունասի
Ֆրանսիանի Ալֆորտվիլ քաղաքի քաղաքապետ
➡ Ջուլիեն Բուդին
Ֆրանսիանի Ալֆորտվիլ քաղաքի փոխքաղաքապետ
➡ Լևոն Խաչատրյան
«Ֆրանսիական լույս» ասոցացիայի նախագահ
🔗Համակարգող՝ Հրաչ Սահակյան

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Սրբուհի Գալյանն ազատվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից

ՀՀ գլխավոր դատախազը հրաման է ստորագրել Սրբուհի Գալյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:

«Հիմք ընդունելով Ս. Գալյանի դիմումը և ղեկավարվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 30-րդ հոդվածի 3-րդ մասով և 62-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

հրամայում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սրբուհի Հովհաննեսի Գալյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ ս.թ. նոյեմբերի 4-ից»,- ասված է հրամանում:

Հիշեցնենք, որ ՔՊ վարչությունը որոշել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Պատմական Գյումրին բոլորովին նոր տեսք է ունենալու. Պապոյան

Պատմական Գյումրին բոլորովին նոր տեսք է ունենալու. հուսով եմ՝ ապրիլ-մայիս ամիսներին շահագործման կհանձնենք Գյումրիի շատրվանային համակարգը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Մենք Գյումրիում արդեն ավարտին ենք հասցնում, և, հուսով եմ, ապրիլ-մայիս ամիսներին շահագործման կհանձնենք Գյումրիի շատրվանային համակարգը՝ վերանորոգված հրապարակով։

Պետք է ասեմ, որ Երևանի երգող շատրվանները շատ ավելի ոչ շահեկան վիճակում են լինելու, քան այն, ինչ նախատեսվում է Գյումրիում։ Լինելու են երգող շատրվաններ, կրակներ և այլն, ֆանտաստիկ գեղեցիկ արդյունք է լինելու։ Պատմական Գյումրին բոլորովին նոր տեսք է ունենալու այս ծրագրի արդյունքում, մենք այսպիսի ենթակառուցվածքների վրա էլ ենք շեշտը դնելու։ Մեր բոլոր քաղաքները պետք է լինեն գրավիչ, զարգացող, զբոսաշրջիկների համար հետաքրքիր»,- այսօր ԱԺ-ում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com  

Երևանից Գյումրի Հյուսիս-հարավ ճանապարհը 2025-ին ամբողջությամբ պատրաստ կլինի. Սանոսյան

Հուրախություն բոլորիս՝ Հյուսիս-հարավի լավը հիմա ինչն է, որ 2023 թվականը եղավ հիմնական ակտիվ ժամանակահատվածը, երբ մի քանի տարածքում շինարարություն սկսվեց, դրանից առաջ կար, բայց հիմնականում մեկ հատվածում էր շինարարությունը, այսինքն՝ մենք մի քանի հատվածներում սկսեցինք, այդ թվում՝ առաջին անգամ հարավում սկսեցինք պրոցեսը՝ Քաջարան-Ագարակի հետ կապված: 2025 թվականին էլ կան մեծ պլաններ՝ թե՛ եղածները շարունակելու ու մի մասը ավարտելու, թե՛ նոր հատվածներ ներգրավելու: Այդ մասին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Մասնավորապես՝ մեզ համար կարևոր են Քաջարանի թունելը, Սիսիան-Քաջարան հատվածը, իսկ եղածներից 2025 թվականին մենք կավարտենք Գյումրի գնացող հատվածը, և կարող ենք վերջապես փաստել, որ Երևանից Գյումրի Հյուսիս-հարավ ճանապարհը 2025 թվականին ամբողջությամբ պատրաստ կլինի»,- ասաց նա:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Գյումրու ԲԿ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում հոկտեմբերին ծնվել է 100 երեխա

Հոկտեմբերին Գյումրու բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծնվել է 100 երեխա

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com  

«Ամեն բարեփոխման արդյունքում ուսուցիչների գործն ավելի է դժվարանում» Սերոբ Խաչատրյան

YouTube`🔴 

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com