Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը, որոնք միտված են ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի պարզեցմանն ու կատարելագործմանը։
Ներդրվելու է ֆիզիկական անձանց եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) նախալրացման և ավտոմատ ներկայացման նոր մեխանիզմ։ Փոփոխությունների համաձայն.
Հարկային մարմինը, իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա, նախալրացնելու է ֆիզիկական անձանց եկամտային հարկի տարեկան հայտարարագրերը։
Եթե ֆիզիկական անձը սահմանված ժամկետում փոփոխություններ չկատարի, հայտարարագիրը կհամարվի ներկայացված՝ առանց լրացուցիչ գործողությունների։ Միաժամանակ, ֆիզիկական անձը կարող է փոփոխել նախալրացված հայտարարագիրը և այն էլեկտրոնային ստորագրությամբ ներկայացնել հարկային մարմին։
Սոցիալական ծախսը ենթակա կլինի փոխհատուցման միայն այն դեպքում, եթե ֆիզիկական անձը հարկային մարմին ներկայացնի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը։
Հայտարարագրման ենթակա չեն լինելու ընտանիքի անդամներից ստացվող՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտները։ Ընդ որում, տվյալ դրույթի մասով ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները, քույրերը, եղբայրները, զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները), պապերը, տատերը և թոռները:
Օրենքով եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) չներկայացնելու համար սահմանված վարչական պատասխանատվությունը հանվում է։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարոևր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ․Ն․-ն 2024-2025 թվականների ընթացքում իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, ապահովել դրանց առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումն ու նախապես տեղադրումը թաքստոցներում, ինչը լուսանկարահանվել և հանցակիցների կողմից կառավարվող «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված առցանց խանութ-հարթակի միջոցով փոխանցվել է թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց:
Առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 6.5 կգ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել և առգրավվել է Հ․Ն․-ի փաստացի բնակության վայրում կատարված խուզարկությամբ:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Հ․Ն․-ն թմրամիջոցների իրացումից ստացված առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը և իրական բնույթը թաքցնելու նպատակով օգտագործել է բանկային հաշիվներ և էլեկտրոնային դրամապանակ, որոնց մուտքագրված 14 մլն 272 հզր 985 ՀՀ դրամի ֆինանսական միջոցները տնօրինվել են նրա կողմից՝ այդ կերպ կատարելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:
Հ․Ն․–ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Հ.Ն.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ»-ում գործարկվել է նոր «Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ»։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:
Նոր համակարգը հնարավորություն է տալիս գործատուներին ստեղծել և էլեկտրոնային եղանակով ստորագրել աշխատանքային պայմանագրեր, աշխատանքի ընդունման ու պայմանագրի լուծման հրամաններ և համաձայնագրեր։ Համակարգում բոլոր փաստաթղթերը կարող են ձևավորվել երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։
Միաժամանակ, աշխատողները համակարգ կարող են մուտք գործել «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»-ի միջոցով՝ իրենց հետ կնքված փաստաթղթերը դիտելու և ստորագրելու համար։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Ինչպես արդեն հայտնել ենք, Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու և արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում քննիչների կողմից իրականացված քննչական գործողություններին խոչընդոտելու նպատակով Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ՝ այդ թվում նաև մուտքերի մոտ ու վարչական շենքում, հավաքվել են մի խումբ անձինք, ովքեր տարաբնույթ գործողությունների իրականացմամբ միջամտել են գործի քննությանն ու հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ են կատարել:
Մասնավորապես՝ վերջիններս կոչեր են հնչեցրել արգելափակել համայնքապետարանի վարչական շենքի մուտքերը, որպեսզի հնարավոր չլինի տեղափոխել ձերբակալված ու համայնքապետարանի վարչական շենքում գտնվող անձանց, վնասել են Ոստիկանության ծառայողական փոխադրամիջոցի անվադողերը, համայնքապետարանի վարչական շենքի գույքը, այդ ընթացքում Ոստիկանության ծառայողների կողմից օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն են գործադրել վերջիններիս նկատմամբ, նրանց ուղղությամբ նետել են կրակայրիչներ և շշեր, վերջիններիս հասցեին հնչեցրել վիրավորական արտահայտություններ։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալվել է 37 անձ:
19 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը) և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը), 10 անձի նկատմամբ՝ 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) և 46-327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելուն դրդելը):
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվել է: Հոկտեմբերի 20-ից Հակակոռուպցիոն դատարանը քննում էր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդությունը, լսումներն ավարտվել են գրեթե լուսադեմին։ Հակակոռուպցիոն կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ Գյումրի համայնքի ղեկավարի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում հոկտեմբերի 20-ին Գյումրու քաղաքապետարանում իրականացվել էին քննչական գործողություններ: Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Դիմակավորված ուժայինները, հատուկ գործողություն իրականացնելով, Գյումրիի քաղաքապետարանի հետնամուտքից դուրս էին հանել, ձերբակալել ու տարել քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Նրան տեղափոխել էին Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։
Ոստիկանական գործողությունների ժամանակ բախումներ են եղել Ղուկասյանի աջակիցների ու ոստիկանների միջև: Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Գյումրու քաղաքապետարանի մոտից ձերբակալվել և Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ է տեղափոխվել 23 անձ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Հաշվի առնելով Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու, ինչպես նաև նույն պաշտոնատար անձանց կողմից խմբի կազմում, նախնական համաձայնությամբ իրենց լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով հանրային մեծ հնչեղությունն ու լրատվամիջոցների կողմից վարույթն իրականացնող մարմնին հասցեագրված բազմաթիվ հարցումները ՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ ձերբակալված ութ անձանցից հինգի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնցից համայնքի ղեկավարի նկատմամբ ընտրվել է կալանք, կաշառք տվողներից մեկի նկատմամբ՝ տնային կալանք, իսկ մյուսների մասով քննությունը շարունակվում է։ Պաշտոնատար անձանց մասով կայացվել են նաև պաշտոնավարումը կասեցնելու մասին որոշումներ։
Ինչ վերաբերում է մամուլում հայտնված այն պնդումներին, թե Գյումրի համայնքի ղեկավարի մասնակցությամբ հրապարակված ձայնագրությունները կեղծ են և չեն առնչվում նրա անձին, ապա Հակակոռուպցիոն կոմիտեն հարկ է համարում պարզաբանել, որ Գյումրի համայնքի ղեկավարն իր ցուցմունքում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է տվյալ բովանդակությամբ զրույց ունենալու հանգամանքը, ավելին՝ տվյալներ չի հայտնել ձայնագրություններում իր ձայնը կեղծված կամ փոխված լինելու մասին՝ խոսակցության վերաբերյալ ներկայացնելով իր սեփական պարզաբանումներն ու մեկնաբանությունները։
Բացի այդ, քրեական վարույթի շրջանակներում հարցաքննված մի շարք անձինք տվել են խոստովանական ցուցմունքներ՝ հաստատելով օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հավաստիությունը։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների կողմից իրականացվել են քննչական գործողություններ, որոնց կատարմանն աջակցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները։
Կատարվող քննչական գործողություններին խոչընդոտելու նպատակով Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ՝ այդ թվում նաև վարչական շենքի մուտքերի մոտ և վարչական շենքում, հավաքվել են մի խումբ անձինք, ովքեր տարաբնույթ գործողությունների իրականացմամբ միջամտել են գործի քննությանը, հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ են կատարել, ինչը զուգորդվել է բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, որի ընթացքում Ոստիկանության ծառայողների կողմից օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն են գործադրել նաև վերջիններիս նկատմամբ։
2025 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի (զանգվածային անկարգություններին մասնակցելը), 452-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին մասի (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) հատկանիշներով:
Քրեական վարույթով նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Քննչական կոմիտեն նախազգուշացնում է, որ տարբեր անձանց կողմից իրավապահ մարմինների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և միջամտելը, ՀՀ օրենսդրության համաձայն, կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության, որպիսի պայմաններում հորդորում ենք ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագծի ցանկացած դրսեւորումներից։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ԿԲ անունից ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ, այդ թվում՝ Tickets@tkt.am էլեկտրոնային փոստից՝ կցված PDF ձևաչափով ֆայլով։
Տեղեկացնում ենք, որ նշված նամակները վիրուսային են և կեղծ:
Խնդրում և հորդորում ենք՝
Կենտրոնական բանկը որևէ առնչություն չունի տվյալ նամակների հետ և երբևէ չի տարածում տեղեկատվություն կամ փաստաթղթեր նման եղանակով և նամն էլեկտրոնային հասցեներից
Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն և հետևել կիբերանվտանգության հիմնական կանոններին։
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, մասնավորապես, պարզվել է, որ Գյումրի համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը, տեղեկանալով այն մասին, որ քաղաքացու կողմից Գյումրի համայնքի Գարեգին Նժդեհ փողոցի 1/9 հասցեում կառուցվել է շուրջ 1500 մ2 մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, եկել են նախնական համաձայնության՝ քաղաքացու հետ մտնել «կոռուպցիոն» գործարքի մեջ՝ խոստանալով կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել, ավելին՝ կազմել շինությունն իբրև քանդված և նոր կառուցված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, օրինականացնել այն՝ դրա դիմաց պահանջելով խոշոր չափերով՝ չորս միլիոն ՀՀ դրամ գումարի կաշառք։
Ի կատարումն իրենց հանցավոր մտադրության՝ գլխավոր ճարտարապետը, համայնքի ղեկավարի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, նրա գիտությամբ, տարբեր անգամներ հանդիպումներ է ունեցել ինքնակամ շինությունը կառուցած քաղաքացու հետ՝ քննարկումներ ունենալով քաղաքային պաշտոնյաների կողմից շինությունն օրինականացնելու գործընթացի մանրամասների, ինչպես նաև պահանջված կաշառքի առարկա գումարը փուլային՝ «գործողություն–գումար–գործողություն–գումար» սխեմայով մաս–մաս փոխանցելու հանգամանքների շուրջ՝ այդ կերպ ներկայացնելով կաշառք ստանալու վերջնական պահանջ և ստանալով այն տալու խոստում։
Բացի այդ, քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ հանցավոր խմբի անդամները, ձգտելով ապահովել իրենց կոռուպցիոն գործողությունների գաղտնիությունը և շարունակականությունը, նպատակաուղղված թիրախավորել են Գյումրի համայնքի ավագանու՝ իրենց ոչ ցանկալի անդամներին՝ նրանց վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ հավաքելու և շանտաժի միջոցով վերահսկելի դարձնելու հաշվարկով։
Վերոգրյալից բացի, քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ համայնքի ղեկավարը, օգտվելով ի պաշտոնե իրեն տրված հնարավորությունից, գործնականում նախաձեռնել է փաստացի իր կողմից օգտագործվող և համայնքի հաշվեկշռում գտնվող հողամասն արհեստական հիմքերի ստեղծմամբ իր ներգրավված անձի անվամբ սեփականաշնորհելու և իր մերձավոր ազգականին պատկանող ինքնակամ կառուցված շինությունն օրինականացնելու նպատակով պաշտոնեական փաստաթղթեր կեղծելու գործընթաց։
Ավելին, վարույթով փաստական տվյալներ են ստացվել նաև գլխավոր ճարտարապետի կողմից ևս 6 դեպքով ապօրինի գործողություններ կատարելու դիմաց մի շարք քաղաքացիներից տարբեր չափերով կաշառք–գումարներ ստանալու մասին։
Քրեական վարույթով շարունակվում են իրականացվել լայնածավալ օպերատիվ–հետախուզական և ապացուցողական գործողություններ՝ ամբողջությամբ բացահայտելու կոռուպցիոն սխեմայի կառուցվածքն ու գործող մեխանիզմները, ինչպես նաև հանցավոր ցանցում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com