© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանում, հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Նա նաև հայտնել է, որ այս պահի դրությամբ Հայաստանի 1016 քաղաքացի համարվում է անհետ կորած։ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի վերջին հարձակումն ու հետևանքները Փաշինյանն իր ելույթում էթնիկ զտումներ է գնահատել։ Ելույթից մի հատված ներկայացնում ենք ստորև․ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման հաջորդ սկզբունքը Գրանադայի հայտարարության մեջ արտահայտված է հետեւյալ կերպ (մեջբերում եմ). «Նրանք նաև երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա հիմնված տարածաշրջանային կապերի բացման կոչ են արել» (մեջբերման ավարտ)։ Այս սկզբունքը ս/թ հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ իմ մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր հայտարարության մեջ արտահայտել է հետեւյալ կերպ (մեջբերում եմ). «Մենք (այսինքն՝ ԵՄ խորհրդի նախագահը, Ադրբեջանի նախագահը եւ ես) քննարկեցինք ապագա տրանսպորտային համաձայնեցումների կարգավորումները, որոնք կհարգեն ինքնիշխանության, իրավազորության եւ փոխադարձության սկզբունքը» (մեջբերման ավարտ): Այս սկզբունքի մասին անհրաժեշտ է իմանալ հետեւյալ լրացուցիչ տեղեկատվությունը: Ադրբեջանը շարունակաբար պնդում է, թե Հայաստանը պարտավոր է սեփական տարածքով միջանցք տալ Ադրբեջանին: Միջազգային առօրյա խոսույթում ձեզ ծանոթ բառապաշարով միջանցք ասելով հասկանում են պարզապես միջպետական ճանապարհներ: Բայց մեր տարածաշրջանի պարագայում կա մի առանձնահատկություն: 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ միջանցք բառն օգտագործվում է միայն Լաչինի միջանցքի պարագայում, որը պետք է ապահովեր Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի կապը: Առանձնահատկությունն այն է, որ ըստ այդ փաստաթղթի, Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլեւ 5 կիլոմետր լայնությամբ տարածքային շերտ, որը պետք է լիներ Ադրբեջանի վերահսկողությունից դուրս, խաղաղապահների վերահսկողության ներքո: Հետեւաբար, այս կոնտեքստում, միջանցք բառն ունի արտատարածքային շերտի իմաստ: Հայաստանի Հանրապետությունը երբեք, ոչ մի տեղ, իր որեւէ տարածքի նկատմամբ իր ինքնիշխանության եւ իրավազորության որեւէ սահմանափակման չի համաձայնվել, նման խոստում չի տվել: Հետեւաբար՝ ի՞նչ է նշանակում վերը մեջբերված սկզբունքը: Նշանակում է մի պարզ բան. Հայաստանը եւ Ադրբեջանն իրենց սուվերենության, իրավազորության հիման վրա, առանց վերոհիշյալ միջանցքային խոսակցությունների միմյանց համար պետք է բացեն իրենց ճանապարհները: Այդ ճանապարհների անցագրային կետերում պետք է գործեն սահմանային եւ այլ վերաբերելի հսկողական ծառայություններ` երկրների իրավազորության, սուվերենության, օրենսդրության հիման վրա: Սա պետք է արվի փոխադարձության եւ հավասարության սկզբունքով եւ մենք պատրաստ ենք օր առաջ գնալ այդպիսի լուծումների, պատրաստ ենք վերականգնել Մեղրի երկաթուղին, որը Հայաստանի հարավով կկապի ոչ միայն Ադրբեջանը եւ Հայաստանը, այլեւ Հայաստանի հարավային շրջանները հյուսիս-արեւմտյան շրջանների հետ, Ադրբեջանի հարավ-արեւմտյան շրջանները` Նախիջեւանի ինքնավար հանրապետության հետ, հետագա շարունակությամբ Հայաստանը Թուրքիայի հետ, Ադրբեջանը Թուրքիայի հետ, Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, արեւելքը-արեւմուտքի հետ՝ Կասպից ծովից մինչեւ Միջերկրական, հյուսիսը-հարավի հետ՝ Ծոցից մինչեւ Սեւ ծով: Հայաստանում այս նախագիծն անվանում ենք Հայկական Խաչմերուկ: Բայց կարծում եմ այս նախագիծն ավելի տարածաշրջանացնելու, ռեբրենդինգի ենթարկելու, եւ այստեղ Եվրոպական խորհրդարանի բարձր ամբիոնից Խաղաղության խաչմերուկ անվանելու ժամանակն է եւ այս անունը նույնքան կարեւոր եւ ընդունելի է մեզ համար: Նույն տրամաբանությամբ մենք պատրաստ ենք ավտոճանապարհների բացմանը նույնպես: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է իր տարածքում ապահովել բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց, խողովակաշարերի, էլեկտրական գծերի անվտանգությունը, որովհետեւ խաղաղության խաչմերուկը ենթադրում է, այդ թվում՝ խողովակաշարերի եւ էլեկտրագծերի անցում: Նման լուծումները շատ կարեւոր են նաեւ Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ մեր երկիրն արդեն 30 տարի շրջափակման մեջ է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից: Ինչպես տեսնում եք, Հայաստանին տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների բացմանը խոչընդոտելու մեջ մեղադրելու որեւէ հիմք չկա եւ կան վերլուծություններ, որ պաշտոնական Բաքուն միջանցքային խոսույթը նենգափոխում է` տարածաշրջանում նոր պատերազմ հրահրելու, Հայաստանի նորանոր տարածքներ օկուպացնելու, կամ Հայաստանը շրջափակման մեջ պահելու համար: Նման բան թույլ տալ չի կարելի: Ինչպես տեսաք, վերը բերված բոլոր սկզբունքները մշակվել եւ համաձայնեցվել են ԵՄ խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ եւ մենք պատրաստ ենք այդ պայմանավորվածությունները կյանքի կոչել: Ընդ որում, տրանսպորտային կոմունիկացիաների մասով, վերը նշված սկզբունքների, ներառյալ փոխադարձության սկզբունքի պահպանմամբ մենք պատրաստ ենք գնալ ընթացակարգերի պարզեցումների, մենք պատրաստ ենք ապահովել ադրբեջանական բեռների եւ ադրբեջանցիների անցման անվտանգությունը մեր տարածքով` հույս ունենալով նաև փոխադարձության, մենք պատրաստ ենք զորքերի հայելային ետքաշման՝ 1991 թվականի սահմանների գծից, ինչը կնշանակի, որ Ադրբեջանը Հայաստանի ոչ մի տարածքում զորք չի ունենա, Հայաստանն էլ Ադրբեջանի: Մենք պատրաստ ենք փոխադարձության սկզբունքով հասցեագրել նաեւ այսպես կոչված անկլավների հարցը, ինչպես հայտարարել եմ ս/թ հոկտեմբերի 10-ին Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Եվ վերջապես, պատրաստ ենք մինչեւ տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել: Իհարկե, այն, որ Ադրբեջանը հրաժարվեց գալ Գրանադայի հանդիպմանը, որի մասին պայմանավորվածությունն, ի դեպ, ձեռք էր բերվել ս/թ հուլիսի 15-ին Բրյուսելում եւ այդ պայմանավորվածությունը նույնպես արտահայտված է հանդիպման արդյունքներով Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ, ահա այդ հանդիպմանը չգալը մեր գործերը չհեշտացրեց: Բայց մյուս կողմից, մենք այս տարվա ընթացքում, ինչպես Եվրոպական խորհրդարանի նախագահը նշեց, Բրյուսելում եռակողմ հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն ունենք եւ եթե վերը հիշատակված սկզբունքները պաշտոնապես վերահաստատվեն` մինչեւ տարեվերջ Հայաստան-Ադրբեջան խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը կդառնա խիստ իրատեսական: Մենք պատրաստ ենք նաեւ բոլոր գերիների, պահվող անձանց եւ կալանավորված անձանց՝ բոլորը բոլորի դիմաց ազատ արձակման սկզբունքին, պատրաստ ենք նաեւ սերտորեն համագործակցել անհետ կորածների ճակատագրի պարզաբանման հարցում: Հայաստանի 1016 քաղաքացի այս պահին համարվում է անհետ կորած: Պատրաստ ենք համագործակցել ականազերծման հարցում: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ դեռ 2021 թվականին Հայաստանը Լեռնային Ղարաբաղից ստացել եւ Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի՝ հայկական կողմի տրամադրության տակ առկա բոլոր քարտեզները: Մենք սա արել ենք առանց նախապայմանների, որպես բարի կամքի արտահայտություն, բայց, ցավոք, Ադրբեջանը դա ընկալեց ոչ թե որպես խաղաղությանն ուղղված քայլ, այլ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ հռետորաբանությունը սաստկացնելու առիթ: Բայց ի հեճուկս այս ամենի, մենք պետք է անսասան շարժվենք դեպի խաղաղություն»:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Եվրամիության դիտորդական առաքելությունը հոկտեմբերի 17-ին իր օպերատիվ բազան է բացել Եղեգնաձորում։ Ըստ առաքելության պաշտոնական գրառման՝ սա վերջին բազան է, որը նախատեսվում էր բացել ըստ ծրագրի։ Նոր բազան կենտրոնանալու է հիմնականում Արարատի մարզի սահմանամերձ շրջանների վրա:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Ավարտվել է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրենի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերով խարդախություն, իրեն վստահված գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի 69-ամյա բնակչուհին, 2012-2018թթ. հանդիսանալով «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրենը, ինչպես նաև «Վերածնունդ միջազգային մրցույթ փառատոն» և «Իմպրոռիթմ» մշակութային հասարակական կազմակերպությունների նախագահը, «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրիի մասնաճյուղի և «Վերածնունդ» միջազգային մրցույթ փառատոն» հասարակական կազմակերպության միջև կնքել է համագործակցության պայմանագրեր։ Ըստ դրանց՝ հիշյալ հասարակական կազմակերպությունը պարտավորվել է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրիի մասնաճյուղի հանձնարարությամբ իրականացնել պայմանագրում նշված` մշակութային միջոցառումներ կազմակերպելու աշխատանքները, իսկ «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղը պարտավորվել է վճարել այդ աշխատանքների իրականացման համար: ՊՈԱԿ-ի տնօրենն, իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու դիտավորությամբ, 2012-2018թթ. ընկած տարբեր ժամանակահատվածներում, առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 345․692․000 ՀՀ դրամ գումարն առանձնացրել է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրիի մասնաճյուղի գույքային ֆոնդից և փոխանցել վերոնշյալ հասարակական կազմակերպությունների բանկային հաշիվներին: Այնուհետև նշված գումարները կանխիկացրել է՝ այդ կերպ հափշտակելով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքը։ Բացի այդ, 2015թ. Գյումրիում անցկացվելիք Վերածնունդ երաժիշտ կատարողների ամենամյա միջազգային վեցերորդ մրցույթ-փառատոնի մասնակի ծախսերի կատարումն ապահովելու համար կնքված պայմանագրերի համաձայն՝ Գյումրու քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության կողմից «Վերածնունդ» հասարակական կազմակերպությանը նվիրաբերվել է 5.000.000-ական ՀՀ դրամ: Դրանից հետո, «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրենը նշված գումարներից յուրացնելու եղանակով հափշտակել է խոշոր չափերի` 2.681.000 ՀՀ դրամը: Այնուհետև, իր իսկ կողմից կատարված հափշտակության հանգամանքը քողարկելու նպատակով, կեղծել է տպագրական ծառայություններ մատուցելու դիմաց կազմված դրամարկղային մուտքի օրդերները, հյուրանոցային ծառայություններ մատուցելու վերաբերյալ կազմված ծառայությունների մատուցման մասին հաշիվները, հաստատել կեղծ տվյալներ պարունակող ամփոփաթերթերը և դրել շրջանառության մեջ` ներկայացնելով Գյումրու քաղաքապետարան և ՀՀ մշակույթի նախարարություն: Քննությամբ պարզվել է նաև, որ վերոնշյալ մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամների կեցության հարցը լուծելու նպատակով ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական միջազգային հիմնադրամից Վերածնունդ միջազգային մրցույթ-փառատոն հասարակական կազմակերպությանը փոխանցված 2.904.501,5 ՌԴ ռուբլի գումարից ևս, յուրացման եղանակով, նշված հասարակական կազմակերպության փոխնախագահի օժանդակությամբ, հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 23.083.761 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, ըստ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների, «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրենը, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մտադրությամբ, ԱՄՆ-ում մրցույթ-փառատոնի մասնակցելու պատրվակով, հիշյալ երկիր մեկնելու ցանկություն հայտնած 8 տասնյակից ավելի անձանցից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ): Վերածնունդ միջազգային մրցույթ-փառատոն հասարակական կազմակերպության փոխնախագահին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով և 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ԼՂ-ից բռնի տեղահանված դպրոցահասակներից մոտ 540-ն արդեն հաճախում են Շիրակի մարզի տարբեր դպրոցներ, որոնցից 300-ը` Գյումրիում։ Գյումրու թիվ 11 դպրոցն այս պահին ընդունել է 25 արցախցի աշակերտի։Երեխաները հիշում են, վերապրում, թե ինչպես հաղթահարեցին ծանր ու դժվարին ճանապարհը։
Երեխաների հետ աշխատանքներում ներառված է դպրոցի մանկավարժահոգեբանական աջակցությունների թիմը, ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ դասի տարբեր փուլերում աշակերտների հետաքրքրությունը ուսումնառության պրոցեսի նկատմամբ բարձրացնելու և ներգրավվածության բարձր մակարդակ ապահովելու համար։
Աշակերտներին դպրոցական միջավայրում ներգրավելու գործընթացում Գյումրու 7-րդ դպրոցում ևս աշխատանքներ են տարվում։ Մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրումը արդյունավետ իրականացնելու նպատակով հոգեբանական աջակցության գործընթացում ընդգրկված են նաև ծնողները։Ըստ մանկավարժների, թեև երեխաներից ժամանակ ու ջանք կպահանջվի ուսումնական պրոցեսում ներգրավվելու համար՝ հաշվի առնելով վերջին մեկ տարում Արցախում դասապրոցեսի պարբերաբար ընդհատումներն ու այն սթերսային վիճակը, որում գտնվում են երեխաները վերջին ռազմական գործողությունների հետևանքով, այժմ դրական տեղաշարժ են նկատում։Ըստ Շիրակի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի, չկան փաստաթղթային խոչընդոտներ և երեխաներն առանց դրանց առկայության էլ կարող են դպրոց հաճախել։
Ակտիվ աշխատանքներ են տարվում նաև ուսանողների աջակցության, կրթության վարձավճարների փոխհատուցման ուղղությամբ, քանի որ կարևոր է կրթության շարունակականության ապահովումը, որ ուսանողները կարողանան սովորել այն մասնագիտությունները, որոնք ուսումնասիրել են Արցախում։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
«Ձեռնարկությունների ինկոբատոր» հիմնադրամը` Գյումու տեխնոլոգիական կենտոնում, Մանթաշյանց գործարարների միության Գյումրու մասնաճյուղի, Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գրործատուների միության, Գյումրու Հայորդաց տան հետ համատեղ այսօր կազմակերպել էր աշխատանքի տոնավաճառ Շիրակի մարզում բնակեցված արցախցիների համար։ Մեկտեղ հավաքելով մարզի թափուր աշխատատեղերը` կազմակերպիչները նպատակ ունեն աջակցել Արցախից բռնի տեղահանված արցախահայերին հնարավորինս արագ աշխատանք գտնելու գործում։ Մանթաշյանց գործարարների միությունը փնտրում է հացուխներ, մաքրուհիներ, լվացքատան աշխատողներ, առաքիչ մենեջեր, ծրագրավորողներ, տնօրենի օգնականներ, գրաֆիկ դիզայներ, աշխատակիցներ տպագության ոլոտում, վաճառքի բաժնի մենեջերներ եւ այլն: Մանթաշյանց գործարարների միության Շիրակ մասնաճյուղի ղեկավար Արտակ Գեւորգյանն ասում է, որ աշխատանքի տոնավաճառն ունի երկու հիմնական նպատակ` աշխատանքի տեղավորում եւ կրթական ծրագրերի իրականացում երեխաների համար: «Որպես գործարարների միություն` փորձեցինք միավորել մեր ուժերը եւ կապ ստեղծել գործարարի եւ աշխատանք փնտրողի միջեւ, քանի որ այս պահին տեղահանված արցախցիները դեռեւս ծանոթ չեն մեր աշխատաշուկային, նաեւ գործատուն կփորձի հասկանալ, թե ինչ նոր ծառայություններ կարող է մատուցել: Մյուս նպատակը երեխաների համար կրթական ծրագրերի իրականացումն է: Այդ ծագրերով երեխաները փորձելու են ճանաչել քաղաքը»,-ասում է նա: Ջիջի ընկերության թիմին միանալու հնարավորությունները աջակցության թիմում են` աշխատողների հետ շփում, աջակցություն, բրենդի զարգացման հնարավորություն: Առաջարկում է նաեւ վարորդ-գործընկերների աշխատանք, որն անսահմանափակ է: Տեխնո-կրթական ակադեմիայի ղեկավար Կարեն Նիկողոսյանն ասում է, որ աշխատատեղերը համալրելիս նախապատվությունը տալու են ացախցիներին, սակայն աշխատանքի կարող են ընդունել նաեւ մեր մարզի գործազուրկներին։ «Չենք առանձնացնելու, հիմնական աշխատատեղերը ծրագավորման ոլորտից են»,-ասում է նա։ Տեխնո-կրթական ակադեմիայում կազմակեպվում են ծրագրավորման դասընթացներ, մասնակիցներն ավատելուց հետո կարող են աշխատանքի անցնել։ «Եթե ունենում են փորձառություն, միանգամից վերցնում ենք աշխատանքի, եթե փորձ չունեն, դասընթացի են մասնակցում, ապա ընդունում ենք աշխատանքի»,-ասում է Կ.Նիկողոսյանը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com