Նորություններ

«Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին»

#Armenia #Azerbaijan #Border

📌Ադրբեջանական զինուժը Սյունիքում և Գեղարքունիքում խախտել է Հայաստանի Հանրապետության սահմանը և արդեն մի քանի օր ապօրինի գտնվում է մեր երկրի տարածքում: Ըստ պաշտոնական տեղեկատվության,մայիսի 12-ից սկսած առնվազն երեք ուղղություններով թշնամին ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար: Ստեղծված իրադրությունը, այս պահի դրությամբ, փոփոխություն չի կրել։ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով ՝ «Առանց նախապայմանների ելման դիրքեր չվերադառնալու դեպքում ՀՀ-ն իրավունք է վերապահում խնդիրը լուծել ուժային տարբերակով»:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Եվրոպական խորհրդարանը այսօր 607 կողմ ձայներով ընդունել է բանաձև

Եվրոպական խորհրդարանը🇪🇺 այսօր 607 կողմ ձայներով ընդունել է բանաձև, որը պահանջում է
անհապաղ և առանց նախապայմանների ազատել հակամարտության ընթացքում և դրանից հետո Ադրբեջանում ձերբակալված բոլոր հայ զինվորականներին և խաղաղ բնակիչներին:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Հայտարարություն

2021 թվականի մայիսի 20-ին ՀՀ կառավարության նիստին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եռակողմ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև, և ձեռք են բերվել նախնական համաձայնություններ մի շարք լուծումների վերաբերյալ, որոնք, ըստ Փաշինյանի, «100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին»:
2020 թվականի արցախյան պատերազմից և, մասնավորապես, նոյեմբերի 9-ից ի վեր Նիկոլ Փաշինյանը և նրա կողմից ղեկավարվող «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունը չեն վայելում հանրային այն վստահությունը, որը ձեռք էին բերել 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Այն, որ ընտրություններից ընդամենը 2.5 տարի հետո երկիրը անցնում է քաղաքական ցնցումների միջով և հարկադրված է նախաձեռնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դրա վկայությունն է:
Հետպատերազմյան շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների և անվտանգային խնդիրների լուծման վերաբերյալ ՀՀ կառավարության և պետական այլ մարմինների կողմից հանրությանը չի տրամադրվել ճշգրիտ տեղեկատվություն՝ հանգեցնելով ապատեղեկատվության և կեղծ լուրերի տարածմանը, ինչն առավել խոցելի է դարձրել հանրությանը և արդարացիորեն խորացրել անվստահությունը պետական հաստատությունների և իշխող քաղաքական ուժի նկատմամբ:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որևէ լեգիտիմություն չունի արտահերթ ընտրություններից մեկ ամիս առաջ, առանց քաղաքական խորհրդակցությունների, բանակցել արտաքին ուժերի հետ։ Ժամանակավոր կառավարության և արդեն իսկ կազմալուծված Ազգային ժողովի պայմաններում, Փաշինյանը չի կարող ընդունել Հայաստանի Հանրապետության համար ճակատագրական որոշումներ և միանձնյա գնահատել դրանց համապատասխանությունը Հայաստանի շահերին` դրանք անվանելով «հայտարարություն» և դրանով հանդերձ խուսափելով միջազգային պայմանագրերին միանալու համար սահմանված պատշաճ իրավական գործընթացից:
Ընդ որում, հարկ ենք համարում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Ն.Փաշինյանին հիշեցնել, որ ըստ ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի՝ ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեի միջոցով: Եթե տարածքային զիջումները կամ որևէ այլ պայմանավորվածություններն իրականացվում են հարկադրաբար, ապա նաև տեղեկացնում ենք, որ ՀՀ կողմից վավերացված Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 51-52-րդ հոդվածների համաձայն պետության ներկայացուցչին հարկադրելու և ուժի կամ այն կիրառելու սպառնալիքի միջոցով պետությանը հարկադրելու եղանակով ձեռքբերված պայմանավորվածությունները համարվում են առոչինչ:
Ելնելով վերոնշյալից, մենք՝ ներքոստորագրյալներս պահանջում ենք, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱՆՀԱՊԱՂ՝
Հանրությանը հասանելի դարձնել բանակցվող փաստաթղթի ամբողջական նախագիծը.
Ներկայացնել, թե`
ինչպիսի արդյունքների է հանգել Ադրբեջանի զինված ստորաբաժանումների Հայաստան ներխուժման խնդիրը ՀԱՊԿ-ի առջև հարցը բարձրացնելուց հետո, և ինչ քայլեր են ձեռնարկվում վերջինիս կողմից.
ինչ քայլեր են արվել առհասարակ արցախյան պատերազմից հետո ծագած, այդ թվում՝ գերեվարված անձանց արձակման հարցերը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ներկայացնելու առումով.
ինչ քայլեր են մինչ օրս արվել քաղաքական ու ռազմական գործընկերների դիվերսիֆիկացումն ապահովելու ուղղությամբ և ինչ ընթացք է տրվել Հայաստանի շահերին սատարող մի քանի երկրների կողմից հնչեցված քաղաքական ու ռազմական աջակցության առաջարկներին.
Ինչ քայլեր են արվում երաշխավորելու համար առաջին հերթին սահմանամերձ շրջանների բնակիչների անվտանգությունն ու իրավունքները, ինչպես նաև ՀՀ և նրա քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:
Հայաստանի Հանրապետությունում արտաքին քաղաքականության գաղտնի գործընթացները բազմիցս են մարտահրավերներ ստեղծել մեր պետության համար: Այս արատավոր պրակտիկային պետք է վերջ տրվի, և հետայսու որևէ կառավարություն և քաղաքական ուժ չպետք է շրջանցի ժողովրդին և ընդունի պետության համար ճակատագրական և անդառնալի որոշումներ՝ նեղ անձնական կամ խմբակային շահերից ելնելով:
Ինչ վերաբերում է սահմանազատմանն ու սահմանանշմանը, այն կարող է իրավական համարվել միմիայն ՄԱԿ-ի և ԵԱՀԿ ներկայացուցիչների ներգրավմամբ՝ միջազգային իրավունքի նորմերով ամրագրված իրավական գործընթացների շրջանակներում։
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
“Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն” ՀԿ
“Երեւանի մամուլի ակումբ ՀԿ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն ՀԿ
Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ
Հանրային լրագրության ակումբ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ
Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ
Մարդու իրավունքների տուն Երևան ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ ՀԿ

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այո՛, ես այդ թուղթը ստորագրելու եմ. Փաշինյանը՝ երեկ աղմուկ բարձրացրած փաստաթղթի մասին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Ադրբեջանը Հայաստանում ունի շատ սպասելի դաշնակիցներ: «Չեմ խուսափի այդ բառից՝ Ադրբեջանը Հայաստանի քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ», – ասել է նա: Փաշինյանի խոսքով՝ այդ մարդիկ Ադրբեջանին աջակցում են, որ այն դիվանագիտական աշխատանքը, որն արվում է, դրանք իրագործելուց խուսափելու հնարավորություն ունենա: «Հերթական անգամ հյուսվում է ՀՀ կառավարության կողմից գծագրվող դավադրությունն ընդդեմ Հայաստանի», – ասել է նա: Փաշինյանը խոսել է նաև համացանցում շրջանառվող փաստաթղթղից՝ նշելով, թե այդ թղթի 99 տոկոսը ծածկված է: «Դա ներկայացվում է որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ, պատկերացնո՞ւմ եք. Այս գործողությունները այլ կերպ, քան Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալական ցանցի գործունեություն, ես, կներեք, չեմ կարող որակել: Պետք է վերլուծել, թե այդ թղթերը որտեղից են նրանք ստանում, ես ինչքան վերլուծում եմ, միակ աղբյուրը, որտեղից կարող են ստանալ, Ադրբեջանն է, որովհետև եռակողմ խոսակցություն է գնում Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան, ինչքան վերլուծում եմ, որ այդ թղթերը նրանք ստանում են Ադրբեջանից: Եվ ես ասում եմ, որ այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական ամաձայնություններ, այդ լուծումները հարյուր տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին ու, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ», – հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Նա ասել է, թե այդ թուղթը չի հրապարակի, քանի որ կոռեկտ չի համարում, բանակցություններ են գնում:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ուղեկցությամբ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ տեղակալների ու պատասխանատուների հետ այցելել է մարզի մի շարք բժշկական կենտրոններ։

Մարզպետն ու նախարարի պաշտոնակատարը Արթիկի և Ախուրյանի ԲԿ-ներում շրջայց են կատարել, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, այնուհետև եղել են Գյումրու Բեռլին և Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկաներում։ Թիվ 2 պոլիկլինիկայում մարզպետին ու նախարարին են ներկայացվել շենքային վատ պայմանները։
Լրագրողների հարցին ի պատասխան՝ նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ կարևորում է մարզային առողջապահական համակարգի համաչափ զարգացումը և քայլ առ քայլ խնդիրներին լուծում կտրվեն։
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն էլ ընդգծել է, որ խնդրի կարգավորումը գտնվում է մարզային իշխանությունների ուշադրության տակ․ «Այսօր մենք տիկին նախարարի հետ եղել ենք մի շարք բժշկական հաստատություններում և ուրախությամբ պետք է նշեմ, որ համակարծիք ենք և ուժերի ներածին չափով ամեն ինչ արվելու է խնդիրների փուլային լուծման համար, դրա վառ օրինակը օրերս այս պոլիկլինիկային նախարարության կողմից տրված թվային ռենտգեն նորագույն սարքավորումն էր, ինչ վերաբերում է թիվ 2 պոլիկլինիկայի շենքային պայմաններին, ապա նախարարի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ կիրականացվի մասնագիտական ուսումնասիրություն և վերլուծություն, որպեսզի հասկանանք առավել նպատակահարմար է պոլիկլինիկայի շենքի նորոգումը, նոր շենքի կառուցումը կամ մեկ այլ տարբերակ»։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Շիրակի օդանավակայանի վազքուղին կվերակառուցվի․ այն կհամապատասխանեցվի նաև ռազմական օդանավերի թռիչքներին

Գյումրու համայնքապետարանում կայացել է Գյումրու «Շիրակ» օդանավակայանի վազքուղու վերակառուցման աշխատանքների, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության վերաբերյալ հանրային բաց լսումը: Այս մասին հայտարարել է Գյումրու համյանքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Բադալյանը: «Շիրակ» օդանավակայանի վազքուղու վերակառուցման ծրագիրը ներկայացրել է «Շիրակ» օդանավակայանի տեխնիկական ծառայության սպասարկման ղեկավար Հենրիկ Սարգսյանը: Նրա խոսքով՝ վերակառուցումը նախատեսված է իրականացնել 2021թ., կատարվելու է վազքուղու ամբողջ երկարությամբ ասֆալտ-բետոնե ծածկույթի վերակառուցում: «Հանվելու է 5սմ հաստությամբ ծածկույթը, տեղադրվելու է 9 սմ հաստությամբ նոր ծածկույթ, կոնստրուկտիվ փոփոխություններ տեղի չեն ունենա, կկատարվեն հողային աշխատանքներ, ամրացվելու են վազքուղու անվտանգության եզրագոտիները և կառուցվելու է դրենաժային համակարգ: Նոր ծածկույթը համապատասխանելու է նաև ռազմական թռիչքների համար նախատեսված պահանջներին»,- նշել է Սարգսյանը: Հիշեցնենք՝ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից, այն Հայաստանի Հանրապետության երկրորդ միջազգային օդանավակայանն է: Օդանավակայանը գտնվում է Գյումրի քաղաքից 5 կմ հեռավորության վրա: Օդանավակայանի աերոդրոմի վազքուղու երկրաչափական չափերը կազմում են 3220×45մ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Նախընտրական տրամադրությունները Գյումրիում

Նախընտրական խոստումներ, գունավոր ծրագրեր, երկիրը զարգացնելու վեհ գաղափարներ։ Հայաստանի քաղաքական կյանքում առաջիկայում սպասվող կարևոր բաղադրիչներից են սրանք։ Հունիսի 20-ին Հայաստանում անցկացվելու են  խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Այս մասին առաջինը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապրիլի 25-ին ներկայացրած հրաժարականից հետո։  Մինչ այդ նա հանդիպումներ էր ունեցել  խորհրդարանական ուժերի հետ և պայմանավորվածություն ձեռք բերել, որ իշխող ուժի հրաժարականից հետո  վերջիններս վարչապետի թեկնածու չպետք է առաջադրեն։ հենց այդպես էլ եղավ:  Համաձայն օրենքի  ԱԺ-ը  2 անգամ  չընտրեց  վարչապետ, որից հետո  խորհրդարանն իրավունքի ուժով կհամարվեց  լուծարված։  Մինչ այդ խորհրդարանը փոփոխություններ կատարեց ընտրական օրենսգրքում, համաձայն որի ընտրությունները կանցկացվեն միայն համամասնական ընտրակարգով։

Երկրում քաղաքական կյանքն հետզհետե  թեժանում է։ Ու թեև դեռ վաղ է  ամբողջական պատկերը բնութագրելու համար, բայց արդեն կան քաղաքական ուժեր, որոնք հստակ հայտարարել են արտահերթ ընտրություններին իրենց մասնակցության մասին։ Հունիսի 20-ին սպասվող ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչապետի իր թեկնածուով կմասնակցի միայնակ։ Գյումրիում, կենտրոնական փողոցներւմ արդեն տեղադրված են  կուսակցության կարգախոսով բազմաթիվ վահանակներ:

Խորհրդարանական մյուս ուժերը ևս  հայտարարել են իրենց մասնակցության մասին։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը։ ԲՀԿ-ն այս անգամ էլ ընտրություններին կմասնակցի միայնակ, իսկ վարչապետի թեկնածու կառաջադրի Գագիկ Ծառուկյանին։

Արտախորհրդարանական ուժերի մոտ դեռևս  վերադասավորումներ են, բայց  ընտրական գործընթացներին մասնակցության հայտ ներկայացնողներ էլ կան։ Ընդամենն օրեր առաջ  նոր դաշինք ձևավորելու մասին հայտարարեց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին տնօրեն  Արթուր Վանեցյանը։ Վերջինս ընտրություններին կմասնակցի  Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ միասին։ Առայժմ հստակեցված չէ, թե ում կառաջադրի դաշինքը որպես վարչապետի թեկնածու։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «Հայաստան» դաշինքով:

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը Գյումրիում ունի 2 գրասենյակ, տեղում ակտիվ պատրաստվում են առաջիկա ընտրություններին: Կուսակցությունը մասնակցելու է միայնակ, վարչապետի իր սեփական թեկնածուով:

Ընտրություններին մասնակցության վերաբերյալ դեռևս որոշում չունի կայացրած Սասնա ծռեր համահայկական շարժման կողմից հիմնված Ազգային ժողովրդավարական բևեռը, սակայն միտված է իր քայլերով համախմբելու հայ ժողովրդին և վերահաստատելու արժանապատիվ ապրելու իրավունքը:

Հունիսյան ընտրություններին, պարզվում է  քիչ չեն լինի նաև  նորաստեղծ կուսակցությունները։ «Հաղթենք, որ չգաղթենք» կարգախոսով է  քաղաքական դաշտ մտնում երգիչ մհեր Մեսրոպյանի, նույն ինքը՝ Մհեր Արմենիայի ստեղծած «Ազգի ձայնը» կուսակցությունը։ այն թեև դեռևս պետռեգիստրում գրանցված չէ, որպես կուսակցություն, բայց Գյումրիում արդեն ունի գրասենյակ, իսկ ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին կխոսեն առաջիկայում:

Առջևում դեռ նոր զարգացումներ կլինեն, որոնք քայլ առ քայլ մեզ կմոտեցնեն  խորհրդարանական արտահերթ ընտրություններին։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

 

Գյումրիում կբացվի ժամանակակից «Դիստրիկտ» էկո և տեխնո թաղամաս. ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը մասնակցել է ծրագրի մեկնարկին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն այսօր՝ մայիսի 15-ին, այցելել է Գյումրի՝ մասնակցելու «Ապագան Գյումրիում է» խորագրով միջոցառմանը, որի ընթացքում նախատեսված էր «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերության նոր գրասենյակի բացման արարողությունը և այդ կազմակերպության ամենամեծ նախագծի՝ «Դիստրիկտ» նախաձեռնության մեկնարկը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերության տեսլականն է Գյումրին վերածել առաջատար համայնքի, որը կենտրոնացած կլինի ստեղծագործական, տեխնոլոգիական, բարեկեցիկ և կայուն տնտեսական զարգացման վրա: Ծրագրի շրջանակում Գյումրի քաղաքում նախատեսվում է հիմնել իր տեսակի մեջ առաջին բնակելի թաղամասը՝ եզակի տեխնոլոգիաներով ձեռնարկատիրական էկոհամակարգ, որը կխթանի նորարարությունը, կապահովի բնակիչների պատշաճ և կայուն ապրուստը և կունենա դրական սոցիալ-տնտեսական և էկոլոգիական ազդեցություն: Միջոցառման ընթացքում Վահան Քերոբյանը ներկա է գտնվել ընկերության նոր գրասենյակի բացման արարողությանը, ծանոթացել ընկերության գործունեությանն ու նախատեսվող «Դիստրիկտ» էկո և տեխնո թաղամասի հիմնադրման մանրամասներին։ Ողջունելով նման խոշոր ծրագրի մեկնարկումը՝ Վահան Քերոբյանը նշել է․ «Ես հավատում եմ, որ Գյումրին կարող է դառնալ հրաշալի տեղ ապրելու, աշխատելու և ստեղծագործելու համար։ Բոլորը գիտեն, որ գյումրեցիները տաղանդավոր, ստեղծագործ մարդիկ են, և ես իմ առաքելությունը տեսնում եմ մարդկանց այդ հզորությունը և էներգիան պարգևելու մեջ, որպեսզի նրանք կարողանան հնարավորինս լավ ստեղծագործել և արարել»: Վահան Քերոբյանը նաև ընդգծել է իր պատրաստակամությունը աջակցել ծրագրի բարեհաջող իրականացմանը։ «Դիստրիկտ» հիմնադրամի տնօրեն Գայանե Առաքելյանը նշել է, որ ծրագրի կարևոր նպատակներից է նաև կասեցնել Գյումրիից տաղանդավոր մարդկանց հոսքի և արտագաղթի խնդիրը․ «Եթե մարդիկ այստեղ ունենան գեղեցիկ միջավայր հասանելի, դինամիկ զարգացող, տնտեսապես կայուն և, իհարկե, ստեղծարար, հետևաբար նրանք չեն ուզենա այստեղից հեռանալ»։ «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերության համահիմնադիր Թոդդ Ֆաբաքերի խոսքով՝ այս նախաձեռնության շնորհիվ հնարավորություն կընձեռնվի երիտասարդ կադրերի և առաջատար մասնագետների համար բացել նոր աշխատատեղեր։ Ըստ նրա՝ այն լինելու է ոչ միայն էկո, տեխնո միջավայր, ալև այն համապատասխանելու է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին։ «Այսինքն մեր տարածաշրջանում իր տեսակի մեջ յուրահատուկ թաղամաս է լինելու, անկրկնելի մի վայր, որտեղ ՄԱԿ-ի կայուն զարգացման բոլոր 17 նպատակներն իրենց ուրույն դրսևորումը կունենան։ Մեր գաղափարներով մենք կփորձենք հասնել այդ նպատակներին, որպեսզի ամբողջ աշխարհը հետաքրքրված լինի գալ, տեսնել, ներդրումներ անել, հիմնել ձեռնարկություններ, զարգացնել կադրեր, ստեղծել լավ աշխատուժ և այդ մադկանց պահել մարզում», – նշել է Թոդդ Ֆաբաքերը։ Բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կիրականացվեն այս ծրագրի շրջանակներում, ուղղված կլինեն 5 նպատակերի պատշաճ իրագործմանը՝ «Բարեկեցիկ քաղաք», «Կանաչ քաղաք», «Ինտեգրված քաղաք», «Ստեղծագործ քաղաք» և «Տեխնոլոգիական քաղաք»: Ծրագրի իրականացման համար ընտրված տարածքը տեղակայված է Գյումրիի արևմտյան մասում՝ Բուլվարային և Մուշ թաղամասներին հարակից՝ քաղաքի կենտրոնից 10 րոպե հեռավորության վրա, Սև ամրոց, Պայտաձև ամրոց, Մայր Հայաստան զբոսաշրջային նշանակության օբյեկտներին կից։ Այստեղ տեղակայված կլինեն «Թվային մետաքսի ճանապարհ» հայ-չինական կենտրոնը և Գյումրիում ստեղծված նորագույն ստարտափ ընկերություններ՝ տեղի երիտասարդներին աշխատանք առաջարկելու, նրանց գնողունակությունը բարձրացնելու և հարկեր գեներացնելու համար՝ մեծապես նպաստելով քաղաքի տնտեսության աճին։ Բացի այդ, այստեղ կլինեն թեթև արդյունաբերության գոտի, գյուղատնտեսական հատված, կանաչ գոտի, բնակելի հատված, սպասարկող կառույցներ, արևային պանելների այգի, արվեստի և սպորտի հատված, փոքր հյուրատներ։ «Դիստրիկտ» նախագիծը մշակվում է և իրականացվելու է Գյումրիի քաղաքապետարանի և պետական մարմինների համատեղ աշխատանքի արդյունքում՝ նպաստելով Հայաստանում մասնավոր և հասարակական ենթակառուցվածքների համագործակցության զարգացմանը։ Ըստ նախնական պլանի՝ նախագիծն իրականցվելու է երեք փուլերով․ առաջին փուլը տևելու է 3 տարի և կատարվելու է շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար ներդրում: Հաջորդ փուլերի բյուջեն և ժամանակացույցը գտնվում է քննարկման փուլում և կարող են հստակ սահմանվել հետազոտական աշխատանքներից հետո։ «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին։ Այն Նյու Յորքում և Գյումրիում տեղակայված ծրագրային ապահովման զարգացման ընկերություն է, որն իրականացնում է բջջային հավելվածների և վեբ կայքերի ստեղծում։ Իր գործունեության մի քանի տարվա ընթացքում փոքր թիմից ընկերությունը վերածվել է լիարժեք զարգացող, գլոբալ մրցակցային տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերության։ Ներկայումս ընկեությունը տրամադրում է վեբ, Cloud Server, IoT և բջջային հավելվածների ստեղծման ու զարգացման ծառայություններ՝ Գյումրին վերածելով գերժամանակակից տեխնոլոգիաներ արտահանող քաղաքի։

Աղբյուր՝ https://www.facebook.com/watch/live/?v=475295113778277&ref=watch_permalink

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարությունը Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման մասին

2021 թվականի մայիսի 12-ից Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով պետական սահմանը և ՄԱԿ-ի կանոնադրությունը, ներխուժել են Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք՝ որոշ հատվածներում խորանալով մինչև 3․5 կիլոմետր: Նշված տարածքի՝ Հայաստանի Հանրապետության անվիճելի մաս լինելը հաստատված է ոչ միայն պաշտոնական Երևանի հրապարակած տեղեկությունների, այլև անկախ լրատվամիջոցների փաստահենք հրապարակումներով: Կարևոր է արձանագրել, որ ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի ու այլ պաշտոնյաների կողմից Սյունիքի մարզի նկատմամբ տարածքային նկրտումների և դրա մի մասի գրավման՝ տարիներ տևած և վերջերս հաճախակիացած հրապարակային սպառնալիքներին զուգահեռ: Այս ներխուժումը շեշտակի սրում է իրավիճակը 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ձևավորված որոշակի կայունացումից հետո։ Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները ստեղծված իրավիճակը համարում են ոչ միայն ուղղակի սպառնալիք Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունների սկսման, Հայաստանի անվիճելի մաս հանդիսացող տարածքի օկուպացիայի և այդ տարածքներում ապրող բնակչության ֆիզիկական գոյության համար, այլև՝ տարածաշրջանի անվտանգությանն ուղղված անմիջական մարտահրավեր։ Արձանագրում ենք, որ՝ Հայաստանի Հանրապետությունը բոլոր օրինական ակնկալիքներն ունի, որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ, իր տարածքային ամբողջականության խախտման այս դեպքի վերաբերյալ ստանալու ՀԱՊԿ-ի կողմից քաղաքական և ռազմական հակազդում՝ համաձայն պայմանագրի 2-րդ և 4-րդ հոդվածների, այնինչ մինչ օրս ՀԱՊԿ անդամ-երկրներից որևէ մեկը չի դատապարտել Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը և չի պահանջել Ադրբեջանի իշխանություններից դուրս բերել իրենց զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքից: Թեև ՀԱՊԿ առանցքային անդամ-պետություն Ռուսաստանի Դաշնությունը բազմաթիվ երկկողմ պայմանագրերով ստանձնած պարտավորություններ ունի ապահովելու Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունը, իսկ ռուսական 102-րդ ռազմաբազան հենակետեր ունի նաև Սյունիքի մարզում, սակայն մինչ օրս որևէ տեսանելի քայլ (օրինակ՝ ուժի ցուցադրություն) չի կատարել և չի հանդես եկել ՀՀ տարածքային ամբողջականության վերականգման կամ դրա աջակցության վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ, չի դատապարտել Ադրբեջանի կառավարության ակնհայտ ագրեսիվ գործողությունները։ Ադրբեջանի կառավարության գործողություններն ակնհայտորեն հակասում են ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ մասին, ինչպես նաև «Միջազգային անվտանգության ամրապնդման մասին» ՄԱԿ-ի ԳԱ հռչակագրի 4-րդ և 5-րդ կետերին։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս գտնում ենք, որ․ 1․ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության, հնարավոր պատերազմական գործողությունների կանխարգելման, ինչպես նաև բնակչության ֆիզիկական պաշտպանության և անվտանգության ապահովման հարցում Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են անհապաղ համախմբել ողջ պաշտպանական և անվտանգային ներուժն ու միջոցները։ 2․ Ադրբեջանի իշխանությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտելու, ՀՀ քաղաքացիների անվտանգությանը սպառնալու հարցով պետք է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ կիրառելու ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված գործողություններ և ընդունելու անհրաժեշտ որոշումներ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ «Ռեստարտ Իջևան» գիտակրթական ՀԿ «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամ Քաղաքական երկխոսություն ՀԿ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ Հանրային լրագրության ակումբ ՀԿ «Ազատ քաղաքացի» ՀԿ

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Կայացել է Գյումրու ավագանու հերթական նիստը

Պետական բյուջեից Գյումրիի համայնքային բյուջեին գումար է հատկացվել ՝ Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինվորների գերեզմանների կառուցման նպատակով: «Գումարն արդեն իսկփոխանցվել է համյանքային բյուջեի հաշվին: Գյումրու ավագանին բյուջեն փոփոխելուց հետո մրցույթ կհայտարարի, որից հետո կսկսենք շինարարական աշխատանքները», – ավագանու այսօր կայացած նիստում հայտարարել է հարցը զեկուցող Գյումրի համայնքի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը: Գյումրի համայնքի ավագանին հավանություն է տվել նաև Գյումրու Երիտասարդական պալատին 400,000 ՀՀ դրամ հատկացնելու մասին հարցին: Գումարը կտրամադրվի երիտասարդների համար ճամբար կազմակերպելու համար: Ավագանին այսօրվա նիստում Ռաֆիկ Եղոյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru