Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 57 կգ քաշային կարգում հանդես եկող Մանվել Խնձրցյանը հաղթել է թուրք մրցակցին:
Խնձրցյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հայկական եվրաքվեի շտաբը ամփոփել է ստորագրահավաքի արդյունքները:
Ստորև ներկայացնում ենք շտաբի հայտարարությունը.
«Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացին նպաստող օրինագծի նախաձեռնող խմբի անունից հայտնում ենք խորին երախտագիտությունն ու ջերմ շնորհավորանքները բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությամբ աջակցեցին այս կարևոր նախաձեռնությանը։ Ձեր հավատարմության, աջակցման և անմնացորդ նվիրվածության շնորհիվ մենք անհրաժեշտ 60 հազար ստորագրություններն ապահովեցինք նախանշված ժամկետից կրկնակի ավելի շուտ՝ գերազանցելով նույնիսկ ամենահամարձակ սպասումները։ Այս ստորագրահավաքը վկայում է ոչ միայն ՀՀ քաղաքացիների ազատության հանդեպ ձգտումն ու ազգային արժանապատվությունը, այլև մեր հասարակության քաղաքական հասունությունը և միասնությունը՝ հանուն եվրոպական արժեքների։
Սա ուժեղ ազդակ է մեր մեծ տարածաշրջանում՝ Հարավարևելյան Եվրոպայում ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացներում՝ դրական արձագանք թողնելով Վրաստանում և Մոլդովայում նույն օրերին ընթացող ժողովրդավարական շարժումներին։
Նախաձեռնող քաղաքական կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները պատրաստվում են այս պահին հավաքված ստորագրությունները ներկայացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որը համապատասխան ստուգումներից հետո օրինագիծը կփոխանցի ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը։ Մենք հաստատակամորեն կպաշտպանենք ձեր ձայներն ու իղձերը՝ հասնելու մեր ընդհանուր նպատակին՝ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին: Կեցցե՛ ազատ, անկախ և եվրոպական Հայաստանը»,- ասված է հայտարարության մեջ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշմամբ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
Կանոնակարգի օրենքի նախագիծը Կառավարությունը հաստատել էր սեպտեմբերի 5-ին:
Կանոնակարգը ստորագրվել էր օգոստոսի 30-ին:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծին, այնուհետև ԱԺ-ն վավերացրել էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.7 տոկոսով։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները՝
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Իրավապահ մարմինների միջև համագործակցության շրջանակում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներն ԱԱԾ-ից օպերատիվ տվյալներ էին ստացել առ այն, որ ԻԻՀ-ից ՀՀ տարածք բեռ տեղափոխող բեռնատար ավտոմեքենայում հնարավոր է թաքցված լինի մեծ քանակությամբ ծխախոտային արտադրանք։
Ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված վերլուծության արդյունքում հսկողության տակ էին վերցվել մի շարք տրանսպորտային միջոցներ։
«Օպերատիվ տեղեկությունն իրացնելիս՝ ՊԵԿ ՄԴՊ վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներն, ԱԱԾ Երևան քաղաքի վարչության և Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ, զննման են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ռ․Հ․-ի կողմից շահագործվող բեռնված բեռնատարը: Արդյունքում՝ նշված բեռնատարի կիսակցորդից` ցեմենտի պարկերի տակ թաքցված, հայտնաբերվել է առանց ակցիզային մակնշման 68.500 տուփ ծխախոտ։
ՄԴՊ վարչության ծառայողների նախնական հաշվարկով, վերոնշյալ ծխախոտները թաքցնելու միջոցով ՀՀ տարածք ներմուծելու արդյունքում, չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 22,5 մլն ՀՀ դրամ ակցիզային հարկ, այսինքն՝ քաղաքացու արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
Իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող 68.500 տուփ ծխախոտը և բեռնատար ավտոմեքենան վերցվել և ի պահ են հանձնվել «Ագարակ» մաքսային անցման կետում: Ռ․Հ․-ն ձերբակալվել և ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով կազմված նյութերի հետ միասին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն»,- ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել, համաձայն որոնց՝ Եգիպտոսում և Իտալիայում նոր դեսպաններ են նշանակվել:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի՝ Արմեն Սարգսյանին նշանակել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե)»,- ասված է հրամանագրում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վլադիմիր Կարապետյանին նշանակել Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)»,- նշվում է նախագահի հրամանագրում։
Նախագահի հրամանագրերով Վլադիմիր Կարապետյանը հետ է կանչվել Ուկրաինայում և Մոլդովայում ՀՀ դեսպանի պաշտոնից, իսկ Հրաչյա Փոլադյանը՝ Եգիպտոսում, Օմանում և Ալժիրում ՀՀ դեսպանի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի. Վլադիմիր Կարապետյանին հետ կանչել Ուկրաինայում և Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրի տեքստում:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի՝ Հրաչյա Փոլադյանին հետ կանչել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Օմանի Սուլթանությունում և Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշվում է հրամանագրում:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Եվրոպական խորհրդարանում ձայների 453 կողմ, 31 դեմ և 89 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվել է Ադրբեջանում տիրող իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտման ու Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ բանաձևը: Քվեարկությանը մասնակցել է 573 պատգամավոր:
Փաստաթղթում եվրապատգամավորները դատապարտել են Բաքվին՝ հանրապետությունում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտման համար, կոչ են անում ազատ արձակել քաղաքական հայացքների պատճառով դատապարտված անձանց, իսկ ԵՄ առաջնորդներին, մասնավորապես՝ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, որպես հնարավորություն օգտագործել COP29-ը՝ հիշեցնելու Ադրբեջանին իր միջազգային պարտավորությունների մասին, անդրադառնալ այդ երկրի մարդու իրավունքների վիճակին Ադրբեջանի իշխանությունների հետ իրենց փոխհարաբերություններում:
Պատգամավորները բանաձևում վերահաստատել են աջակցությունը և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, նրանց հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ համաձայն 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի։ Վերահաստատել են նաև պահանջը՝ Ադրբեջանի զորքերը դուրս բերել Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից, միաժամանակ կոչ են արել Ադրբեջանին՝ հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ընդգծել են, որ Նախիջևանի հետ Ադրբեջանի կապի խնդիրները պետք է լուծվեն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով:
Եվրապատգամավորները վերահաստատել են իրենց դիրքորոշումը, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը:
Բանաձևին կողմ քվեարկածները ողջունել են ԵՄ մի քանի անդամ պետության կողմից Հայաստանին պաշտպանական ռազմական աջակցություն տրամադրելու գործողությունները և կոչ են արել անդամ պետություններին՝ դիտարկել նմանատիպ նախաձեռնությունները: Բանաձևը նաև ողջունել է ԵՄ-ի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների նոր թափը, կոչ արել Հանձնաժողովին և Խորհրդին՝ ակտիվորեն աջակցել ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման Հայաստանի ցանկությանը:
Պատգամավորները կոչ են արել Ադրբեջանին՝ լիովին կատարել Արդարադատության միջազգային դատարանի բոլոր հրամանները, ներառյալ՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ի հրամանը, որում նշվում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց անվտանգ, անարգել և արագ վերադարձի համար միջոցները: Պատգամավորները նաև պահանջել են ձեռնպահ մնալ ԼՂ-ում հայկական մշակութային, կրոնական և պատմական ժառանգության ոչնչացումից և պաշտպանել այն:
Կոչ է արվել ԵՄ-ին՝ դադարեցնել ամբողջ տեխնիկական և ֆինանսական աջակցությունն Ադրբեջանին, որը կարող է նպաստել նրա ռազմական կամ անվտանգության կարողությունների ամրապնդմանը, անդամ պետություններին էլ՝ սառեցնել բոլոր ռազմական և անվտանգության սարքավորումների արտահանումը Ադրբեջան:
Կոչ է արվել ԵՄ-ին և նրա անդամ պետություններին՝ ուժեղացնել Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը, ավելի մեծացնել այն և երկարացնել գործունեության ժամկետը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կազանում մասնակցել է «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին, որին ներկա են եղել նաև գրեթե չորս տասնյակ պետությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
պատվիրակությունների հարգելի ղեկավարներ,
գործընկերներ,
Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Աութրիչ/ԲՐԻԿՍ+ ձևաչափով հանդիպմանը մասնակցելու հրավերի համար և երախտագիտությունս հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահին հյուրընկալության և այսօրվա գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։
Այսօրվա հանդիպման թեման է «ԲՐԻԿՍ-ը և գլոբալ հարավը. համատեղ կառուցենք ավելի լավ աշխարհ», և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հայտարարված «Խաղաղության խաչմերուկ» տրանսպորտային և հաղորդակցական նախագիծը լավագույնս տեղավորվում է այս համատեքստում:
Նախագծի էությունը հետևյալն է՝ Հայաստանը պատրաստ և շահագրգռված է իր տարածքով տրանսպորտային միջոցների, բեռների, ուղևորների, խողովակաշարերի, մալուխային կապերի անցումը կազմակերպելու հարցում։ Սա ամենակարճ ճանապարհն է Սև ծովի և Պարսից ծոցի միջև՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի տարածքներով (հյուսիս-հարավ ուղղություն), ինչպես նաև ամենակարճ ճանապարհն է Կասպից և Մարմարա ծովերի միջև՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի տարածքներով (արևելք-արևմուտք ուղղություն):
Արևելք-արևմուտք ուղղությունը, բնականաբար, կարող է օգտագործվել նաև Ադրբեջանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային և հաղորդակցական կապերի համար։ Հաշվի առնելով այս մոտեցումը՝ մենք Ադրբեջանին առաջարկել ենք սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերի պարզեցման մեխանիզմներ, ինչպես նաև լրացուցիչ անվտանգության միջոցներ՝ հաշվի առնելով երկու երկրների իրավազորության և ինքնիշխանության լիակատար հարգանքը։
Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է ապահովել և լիարժեքորեն ապահովելու է իր տարածքով ապրանքների, ռեսուրսների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունը։ Սա մեր ցանկությունն է, մեր պարտավորությունը, և մենք դա երաշխավորում ենք և միշտ երաշխավորելու ենք։
Բոլոր հայտարարությունները, թե իբր Հայաստանը համաձայնել է իր ինքնիշխան տարածքում հաղորդակցությունների անվտանգության ապահովման գործում երրորդ երկրի մասնակցությանը, կամ որ դա նախատեսված է որևէ փաստաթղթով, իրականությանը չեն համապատասխանում։
Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ և անդամներ,
Հայաստանի Հանրապետության խորհրդարանը երեկ վավերացրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը»։
Երկու երկրներում նշված փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո մենք կկարողանանք ակտիվացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիմնարար սկզբունքների հիման վրա։ Կցանկանայի հատկապես ընդգծել (ի դեպ), որ այս իրավական փաստաթղթի վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը վերջնականապես փարատեց բոլոր մտահոգությունները և վերացրեց բոլոր փաստարկները՝ իբր Հայաստանի Սահմանադրության մեջ հարևան երկրների հանդեպ ենթադրյալ տարածքային պահանջների առկայության վերաբերյալ, արձանագրելով, որ նման մեկնաբանություններն անհիմն են և ոչ օրինական։
Հարգելի գործընկերներ,
Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը վերջին ամիսների ընթացքում բազմիցս հայտարարել են, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել է առնվազն 80-90 տոկոսով։ Արդեն լիովին համաձայնեցված են միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, տարածքային փոխադարձ պահանջների բացակայության և հետագայում նման պահանջներ չներկայացնելու պարտավորության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի պահպանման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և խաղաղության պայմանագրի կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման երկկողմ մեխանիզմների ստեղծման վերաբերյալ ձևակերպումները։
Մեր գնահատականը հետևյալն է. արդեն այսօրվա դրությամբ համաձայնեցված բովանդակության մեջ համաձայնագրի նախագիծը ձևակերպում, հասցեագրում և լուծում է բոլոր սկզբունքային հարցերը, որոնք անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության ամուր հիմքեր ստեղծելու և հարաբերությունները կարգավորելու համար, և մենք առաջարկում ենք Ադրբեջանին արդեն ստորագրել այդ համաձայնագիրը:
Շնորհակալություն ուշադրության համար»։
Այսօր խորհրդարանը շարունակեց հոկտեմբերի 22-ին մեկնարկած նիստի աշխատանքները:
Քվեարկության դրվեցին և առաջին ու երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին մի շարք նախագծեր և սահմանադրական օրենքներ, այդ թվում՝ Կառավարության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, Պետական տուրքի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ վարչական դատավարության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը (առաջին ընթերցում):
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև Կառավարության ներկայացրած՝ «Ոստիկանության գվարդիայի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծի ընդունմանը կողմ քվեարկեց 65, դեմ՝ 28 պատգամավոր։
Հիշեցնենք՝ «Ոստիկանության գվարդիայի մասին» և կից մի շարք օրենքներում նոր կարգավորումներ նախատեսող օրենսդրական փաթեթում առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում կատարվել էին մի շարք փոփոխություններ:
Ոստիկանության գվարդիայի ձևավորման համար օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել 2025 թվականի նոյեմբերի մեկը: Մինչ այդ օրենսդրական որոշ կարգավորումներ ուժի մեջ կմտնեն ենթաօրենսդրական դաշտը նոր կարգավորումներին ներդաշնակեցնելու համար:
Փոխնախարար Արփինե Սարգսյանը խորհրդարանում ելույթ ունենալիս նշել էր՝ առաջին անգամ Հայաստանում կարգավորվելու են ուժային միջոցների գործադրման չափորոշչի ներմուծման հետ կապված հարցերը:
2025 թվականի նոյեմբերի 1-ից ուժը կորցրած կճանաչվի «Ոստիկանության զորքերի մասին» 1997 թվականին ընդունված օրենքը:
Փոփոխություն է կատարվել ռազմական դրության ժամանակ ոստիկանության գվարդիայի առջև դրվող խնդիրների մասով. անհրաժեշտության դեպքում ոստիկանության գվարդիան ռազմական դրություն հայտարարված տարածքում իրականացվող պատերազմական գործողությունների շրջանակում հատուկ առաջադրանքներ ևս կարող է ստանալ ու կատարել:
Նշվել է, որ պահպանվել է հրամանատարական այն շղթան, ինչը ոստիկանության տարբեր կառուցվածքային միավորների շրջանակում է:
Գյումրիում բուռն քննարկվող թեման՝ թե «Բալասանյան դաշինքի» ավագանու ամբողջ կազմը մանդատները վայր են դնելու, այսօր հասավ ԱԺ։ Շիրակի մարզից ընտրված Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Գյումրիում իշխանությունը նվաճելու վերաբերյալ», որին Փաշինյանը պատասխանեց հարցով․ «կներեք, Գյումրիում ի՞նչ է կատարվում», Մելքոնյանն էլ շարունակեց՝ «Բալասանյան դաշինքը կհրաժարվի իշխանությունից, դուք էլ կգնաք արտահերթ ընտրության»։
Մանրամասները տեսանյութում։
Հիշեցնենք, որ Գյումրու ավագանու հոկտեմբերի 11-ի նիստին «Բալասանյան դաշինքի» չներկայանալը, ինչպես նաև այսօր տարածված տեղեկությունը, թե ավագանիները մանդատները վայր են դրել, կապում են Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի ձերբակալության հետ։
Թեև Գյումրիում ամենաքննարկվող թեման է, սակայն խմբակցությունից դեռ մեկնաբանություն չկա։ Քաղաքապետարանի մամուլի բաժնից ևս այս մասին որևէ մեկնաբանություն չեն տվել։ Մեզ հասած տեղեկություններով, ավագանիների մանդատները վայր դնելու մասին խոսում են նաև քաղաքապետարանի աշխատակիցների շրջանում։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com