Նորություններ

Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես են եկել հայտարարություններով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել քննարկումների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Ստորև ներկայացվում են երկու վարչապետների հայտարարությունները:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե

«Հարգելի պարոն վարչապետ,

Կրկին ողջունում եմ Ձեզ, ողջունում եմ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ներկայացուցիչներին: Շատ հաճելի է Ձեզ հյուրընկալել, հարգելի պարոն վարչապետ:

Հիշեցնեմ մարտին իմ այցելությունը Հայաստանի Հանրապետություն, երախտագիտությունս եմ հայտնում ջերմ ընդունելության և հյուրընկալության համար: Վրաստանի և Հայաստանի միջև մեր հարաբերությունները հիմնված են բազմամյա բարեկամական կապերի վրա, որոնք գոյություն ունեն մեր ժողովուրդների միջև՝ հարյուրամյակների փոխադարձ հարգանքի հիման վրա: Եվ ես շատ ուրախ եմ, որ այս ամենի արդյունքում ռազմավարական գործընկերություն է հաստատվել քաղաքական տեսանկյունից, որը կաջակցի մեր հարաբերությունների հետագա խորացմանը: Շատ ուրախ եմ, որ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը կարևոր դերակատարում է ունեցել և գործնական արդյունքների բերել:

Երախտագիտությունս հայտնեցի իմ գործընկերոջը` վարչապետին, իր այն որոշման համար, որով աջակցություն ցուցաբերվեց ՄԱԿ-ի բանաձևին՝ կապված ներքին տեղահանված անձանց և փախստականների` Աբխազիայի և Ցխինվալի շրջաններ վերադարձի հետ: Այդ որոշումը կնպաստի մեր երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը:

Ես նաև երախտագիտությունս հայտնեցի իմ գործընկերոջը՝ աջակցելու մեր երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Մեր հարաբերությունները շատ դինամիկ են, բարձրաստիճան այցերը հաճախակի են, և մենք պարտավոր ենք այս շարժը մեր հարաբերություններում պահպանել: Մենք զրուցեցինք բոլոր ուղղություններով մեր հարաբերությունների խորացման մասին՝ քաղաքական, տնտեսական, կրթական և այլ բնագավառներում: Այս ոլորտները մեզ համար հավասարապես առաջնահերթ են:

Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանը և կայունությանը: Կընդգծեի, որ մեր ջանքերը, մասնավորապես, տարածաշրջանում առկա դժվարությունների հաղթահարման ուղղությամբ շարունակվում են: Վրաստանը ողջունում է դրական ընթացքն Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության լուծման ուղղությամբ, և պատրաստ ենք մեր դերակատարումն ունենալ ապահովելու կայունությունը տարածաշրջանում՝ բնականաբար, մեր ուժերի ներածի չափով:

Եվ վերջում, կրկին ցանկանում եմ գոհունակություն հայտնել մեր այսօրվա հանդիպումների համար: Մենք շատ հետաքրքիր զրույցներ ենք ունեցել, հնարավորություն ունեցանք տեսակետներ փոխանակել Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների, այն գործընթացների մասին, որոնք տարածաշրջանում են ընթանում:

Շատ շնորհակալություն, պարոն վարչապետ, Վրաստան այցելելու համար և շնորհակալություն Վրաստան-Հայաստան հարաբերությունների զարգացմանը Ձեր ներդրման համար:

Շնորհակալություն»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

«Մեծարգո վարչապետ Կոբախիձե,

Հայաստանի և Վրաստանի կառավարությունների հարգելի անդամներ,

Հարգելի ներկաներ,

Ուրախ եմ հերթական անգամ եղբայրական Վրաստան այցի առիթով։ Թույլ տվեք շնորհակալություն հայտնել ինձ և իմ գլխավորած պատվիրակությանը ցուցաբերված ավանդական ջերմ ընդունելության և հյուրընկալության համար։

Վերջին տարիներին Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում նկատելի է լուրջ ակտիվություն, որի շնորհիվ մեզ հաջողվել է նաև ընդլայնել բոլոր բնագավառներում մեր երկրների միջև ծավալված բազմաբովանդակ փոխգործակցությունը: Ասվածի լավագույն ապացույցն այն է, որ այս տարվա հունվարին Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը հասցվեց ռազմավարական գործընկերության մակարդակի: Այդպիսով, մեզ հաջողվել է մշակել արդյունավետ և պարբերական շփումների կենսունակ մի մեխանիզմ, որը հիմնված է փոխադարձ շահերի, մեր երկրների բարեկամ ժողովուրդների որդեգրած սկզբունքների և ժողովրդավարական արժեքների վրա։

Առանձնահատուկ պետք է ընդգծեմ, որ Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Այս փաստը համարում եմ Հարավային Կովկասում կայունության և երկարատև խաղաղության հաստատման կարևոր գործոններից մեկը: Մեր երկրների միջև առկա համագործակցությունը մեր պատկերացումների գործնական արտացոլումն է, թե ինչպիսին պետք է լինեն տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի, ընդհանուր շահերի և համընդհանուր զարգացմանը միտված տնտեսական համագործակցության վրա:

Հարգելի գործընկերներ,

Այսօր առիթ ունեցել ենք անդրադառնալ մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը և կայունության ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Պետք է նշեմ, որ Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում մեզ հաջողվել է արձանագրել որոշակի առաջընթաց: Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել սահմանազատման հետագա գործընթացում առաջնորդվել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի դրույթներով, ինչը նշանակում է, որ այդ գործընթացի հիմքում պետք է ընկած լինեն Խորհրդային Միության խորհրդային հանրապետությունների ադմինիստրատիվ սահմանները: Ակնկալում ենք, որ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում, ինչի վերաբերյալ արդեն իսկ քննարկեցինք և ունենք ընդհանուր ըմբռնում, որը կարծում եմ՝ շատ կարևոր է:

Կարծում եմ՝ տեղյակ եք, որ շուրջ երկու տարվա բանակցությունների արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են առավելապես համաձայնեցնել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի տեքստը՝ մոտավորապես 80 տոկոսը: Մենք Ադրբեջանին առաջարկել ենք ամենամոտ ապագայում ստորագրել այդ փաստաթղթի նախագծում առկա և մինչ այս պահն արդեն իսկ համաձայնեցված դրույթները, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և շարունակել քննարկումները երկուստեք կարևորություն ներկայացնող բոլոր հարցերը հասցեագրելու ուղղությամբ:

Տարածաշրջանի կայունության և տնտեսական զարգացման համար առանցքային կարևորություն ունի տնտեսական բոլոր ենթակառուցվածքների և կապուղիների ապաշրջափակումն ու լիարժեք գործարկումը, որը համարում ենք մեր Կառավարության առաջնահերթություններից մեկը: Այս հարցում մեր պատկերացումները լավագույնս արտացոլված են Հայաստանի Կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը, ի դեպ, առաջին անգամ միջազգային մեր գործընկերների դատին եմ հանձնել հենց Թբիլիսիում տեղի ունեցած համաժողովի ընթացքում:

Հարգելի պարոն վարչապետ,

Ես իրապես հավատում եմ, որ մենք ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու և մեր տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն: Համոզված եմ նաև, որ այդ խաղաղության շահառուն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանն են, այլև դրանից հավասարապես օգտվելու են Վրաստանը, Թուրքիան, Իրանը: Ահա այս է պատճառը, որ չնայած բոլոր բարդություններին, մեր Կառավարությունը հետևողականորեն շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղությունը հնարավոր դարձնելու ուղղությամբ, և մենք բարձր ենք գնահատում նաև Վրաստանի Կառավարության ջանքերը՝ իր ներդրումն ունենալ և իր վարած քաղաքականություններով նույնպես նպաստել տարածաշրջանում և միջազգային կայունության և խաղաղության հաստատմանը:

Շնորհակալություն»:

 © progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Վիրավորվել է զինծառայող․ հանգամանքները պարզվում են նախաքննությամբ

2024 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից ստացվել է հաղորդում ՀՀ ՊՆ N զորամասում ժամկետային զինծառայողի կողմից հրազենային վնասվածք ստանալու վերաբերյալ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդված 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին, որի կողմից կատարվել են անհետաձգելի քննչական և վարութային բազմաթիվ գործողություններ։ Մասնավորապես, զննվել է դեպքի վայրը, առգրավվել անհրաժեշտ հետքեր ու առարկաներ, նշանակել փորձաքննություններ, և հարցաքննվել են մի շարք անձինք։

Վարույթի շրջանակներում տվյալներ են ստացվել այն մասին, որ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը զենքի լիցքավորման ժամանակ անզգուշաբար  ինքնաձիգից արձակել է մեկ կրակոց, ինչի հետևանքով մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող գլխի հետնամասի շրջանում ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել հոսպիտալ։ Բուժհաստատությունից ստացված տեղեկատվությամբ՝  զինծառայողը վիրահատվել է, ներկա պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանգամանքները լիարժեքորեն պարզելու ուղղությամբ։

Զանգվածային լրատվության առանձին միջոցներում հրապարակված տեղեկատվությունն առ այն, որ մարտական դիրքում ժամկետային երկու զինծառայող կրակել են միմյանց վրա, իրականությանը չեն համապատասխանում։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 © progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Ակնկալում եմ, որ թանգարանի մոտ հերթեր են լինելու. ԿԳՄՍ նախարարը՝ Անահիտ աստվածուհու արձանի ցուցադրության մասին

Այսօր մեզ համար շատ խորհրդանշական օր է, որովհետև մեր Պատմության թանգարանում հնարավորություն ենք ունենում միջազգային որակի և մակարդակի ցուցադրություն բացել, և այդ համագործակցությունն իրականացնել աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններից մեկի՝ Բրիտանական թանգարանի հետ համագործակցությամբ: Այդ մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի պահպանված նմուշները Հայաստան տեղափոխելուն և ցուցադրություն կազմակերպելուն:

«Մեր պետականության զարգացման գործում կանայք ունեն առանձնահատուկ նշանակություն: Հուսով եմ՝ Անկախության օրը ցուցադրության բացումը հնարավոր կդարձնի այդ կարևոր խոսակցությունը»,- ասաց նախարարը և հույս հայտնեց, որ թանգարանի մոտ հերթեր կլինեն այս կարևոր ցուցադրությունը տեսնելու համար:

Նա նաև տեղեկացրեց, որ առանցքում Անահիտ աստվածուհու բրոզե արձանն է, բայց ցուցանմուշները մի քանիսն են լինելու, նաև հույս հայտնեց, որ սա կլինի հայաստանյան մշակութային կյանքի գլխավոր իրադարձություններից մեկը:

Նշենք, որ Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված նմուշները՝ գլուխը և ձեռքը, կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում՝ «Մայր Աստվածություն. Անահիտից մինչև Մարիամ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում:

 © progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Մեկնարկել է Ստեֆան Սեժուրնեի այցը Հայաստան

Մեկնարկել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի այցը Հայաստան։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
Նախարար Սեժուրնեն ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին։
 © progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարություն և Սեն-Սիրի ռազմական ակադեմիա

Սեպտեմբերի 9-13-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունը ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ այցելել է Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարարություն և Սեն-Սիրի ռազմական ակադեմիա:

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության արտաքին կապերի և ռազմավարության վարչության ներկայացուցիչների, Սեն-Սիրի ռազմական ակադեմիայի պետ, գեներալ Էմանուել Շարփիի և Սեն-Սիրի վարժարանի ղեկավարության հետ:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության ընդլայնման, կուրսանտների փոխանակման և ուսումնական ծրագրերի արդիականացման վերաբերյալ:

ՀՀ պատվիրակությունը շրջայց է կատարել Սեն-Սիրի ակադեմիայի և վարժարանի տարածքում, ծանոթացել ուսումնական հաստատությունների ուսումնանյութական բազային, կրթական ծրագրերին և ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին:

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Զելենսկին հաստատել է «103-ը 103-ի դիմաց» գերիների փոխանակումը Ռուսաստանի հետ

Ռուսաստանի հետ գերիների փոխանակման արդյունքում Կիևը վերադարձրել է 103 ռազմագերու, այդ թվում՝ Ուկրաինայի Զինված ուժերի սպաներ, սերժանտներ և շարքայիններ: Այդ մասին հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին՝ մանրամասնելով, որ  Ուկրաինա են վերադարձել 82 շարքային և սերժանտ, 21 սպա:  

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր գերիների «103-ը 103-ի դիմաց» փոխանակելու մասին: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից նաև հայտնել են, որ գերիների փոխանակման հարցում միջնորդ ել է Արաբական Միացյալ Էմիրությունները: Նշվում է, որ ներկայումս բոլոր ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսի տարածքում:

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Հայաստան, Հունաստան և Մոլդովա՝ եվրոպական ժողովրդավարություններ, որոնք մոտ են Ֆրանսիային. Սեժուրնե

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն անդրադարձել է Հայաստան նախատեսված իր այցին:

«Հայաստան, Հունաստան և Մոլդովա: 3 օր, 3 եվրոպական ժողովրդավարություն, որոնք մոտ են Ֆրանսիային»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարությունից հայտնել են, որ Սեժուրնեն վաղը Երևան կժամանի:

Երկուշաբթի ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպումը, որին կհաջորդի Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի համատեղ մամուլի ասուլիսը:

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Վաղը Հայաստան է ժամանում Ֆրանսիայի արտգործնախարարը

Սեպտեմբերի 15-16-ն այցով Հայաստանում է գտնվելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն:

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպումը, որին կհաջորդի Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի համատեղ մամուլի ասուլիսը, հաղորդում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:

Անի Բադալյանի հաղորդագրությունում այլ մանրամասներ նշված չեն:

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանն առնչվող հարցեր

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Պարույր Հովհաննիսյանը և Վահան Կոստանյանն ընդունել են Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության պետքարտուղար Մարկո Շտուցի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Պարույր Հովհանիսյանը և Մարկո Շտուցին քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև առևտրատնտեսական, ՏՏ, զբոսաշրջության, գիտության և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ:

Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանն առնչվող հարցեր: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Սլովենիայի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը:

Կարևորվել է բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների շարունակականությունը: Վահան Կոստանյանի հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները:

Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում համագործակցությանը և դրանց շրջանակներում փոխադարձ աջակցության հնարավորություններին:

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Հայաստանը երկիր է, որն ունի հնամյա ժառանգություն և ժամանակակից ձգտումներ. Տուլիա Էքսոն

Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը սեպտեմբերի 13-ին ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի պաշտոնական փակման արարողությանը:

«Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը ոգեշնչել է մեզ: Հազվադեպ իրավիճակ է, երբ այսքան երիտասարդ ձայներ ամբողջ աշխարհից հավաքվել են մեկ վայրում, միացած են ընդհանուր հանձնառությամբ` կերտել ավելի լավ ապագա: Մենք քննարկել ենք հաղթանակի, դիմակայության և նորարարության ոգեշնչող պատմություններ ամբողջ աշխարհից: Մենք միասին նոր գաղափարներ ենք ստեղծում, նոր մոտեցումներ, և այս համաժողովն էլ ավելի է ամրապնդում մեր հավատքը: Երբ խորհրդարանը արտահայտում և արտացոլում է ժողովրդի էությունը` դա ե’ւ արդյունավետ է լինում, ե’ւ դիմակայուն: Մենք կրկնում ենք մեր ընդհանուր հանձնառությունը` ոչ մի որոշում չի կայացվի երիտասարդության մասին առանց երիտասարդների»,- ասել է Տուլիա Էքսոնը` շնորհակալություն հայտնելով Ազգային ժողովի նախագահին հրաշալի, հիշարժան միջոցառումն անցկացնելու և հյուրընկալելու համար:

«Հայաստանը մի երկիր է, որ ունի հնամյա ժառանգություն և ժամանակակից ձգտումներ` զորացնել երիտասարդությանը: Շնորհակալ եմ ձեր առաջնորդության, ջանքերի, Միջխորհրդարանական միության հետ համագործակցելու համար»,- նշել է Միջխորհրդարանական միության նախագահը:

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com