© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Գյումրու համայնքապետարանում կայացել է Գյումրու «Շիրակ» օդանավակայանի վազքուղու վերակառուցման աշխատանքների, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության վերաբերյալ հանրային բաց լսումը: Այս մասին հայտարարել է Գյումրու համյանքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Բադալյանը: «Շիրակ» օդանավակայանի վազքուղու վերակառուցման ծրագիրը ներկայացրել է «Շիրակ» օդանավակայանի տեխնիկական ծառայության սպասարկման ղեկավար Հենրիկ Սարգսյանը: Նրա խոսքով՝ վերակառուցումը նախատեսված է իրականացնել 2021թ., կատարվելու է վազքուղու ամբողջ երկարությամբ ասֆալտ-բետոնե ծածկույթի վերակառուցում: «Հանվելու է 5սմ հաստությամբ ծածկույթը, տեղադրվելու է 9 սմ հաստությամբ նոր ծածկույթ, կոնստրուկտիվ փոփոխություններ տեղի չեն ունենա, կկատարվեն հողային աշխատանքներ, ամրացվելու են վազքուղու անվտանգության եզրագոտիները և կառուցվելու է դրենաժային համակարգ: Նոր ծածկույթը համապատասխանելու է նաև ռազմական թռիչքների համար նախատեսված պահանջներին»,- նշել է Սարգսյանը: Հիշեցնենք՝ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից, այն Հայաստանի Հանրապետության երկրորդ միջազգային օդանավակայանն է: Օդանավակայանը գտնվում է Գյումրի քաղաքից 5 կմ հեռավորության վրա: Օդանավակայանի աերոդրոմի վազքուղու երկրաչափական չափերը կազմում են 3220×45մ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Նախընտրական խոստումներ, գունավոր ծրագրեր, երկիրը զարգացնելու վեհ գաղափարներ։ Հայաստանի քաղաքական կյանքում առաջիկայում սպասվող կարևոր բաղադրիչներից են սրանք։ Հունիսի 20-ին Հայաստանում անցկացվելու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Այս մասին առաջինը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապրիլի 25-ին ներկայացրած հրաժարականից հետո։ Մինչ այդ նա հանդիպումներ էր ունեցել խորհրդարանական ուժերի հետ և պայմանավորվածություն ձեռք բերել, որ իշխող ուժի հրաժարականից հետո վերջիններս վարչապետի թեկնածու չպետք է առաջադրեն։ հենց այդպես էլ եղավ: Համաձայն օրենքի ԱԺ-ը 2 անգամ չընտրեց վարչապետ, որից հետո խորհրդարանն իրավունքի ուժով կհամարվեց լուծարված։ Մինչ այդ խորհրդարանը փոփոխություններ կատարեց ընտրական օրենսգրքում, համաձայն որի ընտրությունները կանցկացվեն միայն համամասնական ընտրակարգով։
Երկրում քաղաքական կյանքն հետզհետե թեժանում է։ Ու թեև դեռ վաղ է ամբողջական պատկերը բնութագրելու համար, բայց արդեն կան քաղաքական ուժեր, որոնք հստակ հայտարարել են արտահերթ ընտրություններին իրենց մասնակցության մասին։ Հունիսի 20-ին սպասվող ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչապետի իր թեկնածուով կմասնակցի միայնակ։ Գյումրիում, կենտրոնական փողոցներւմ արդեն տեղադրված են կուսակցության կարգախոսով բազմաթիվ վահանակներ:
Խորհրդարանական մյուս ուժերը ևս հայտարարել են իրենց մասնակցության մասին։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը։ ԲՀԿ-ն այս անգամ էլ ընտրություններին կմասնակցի միայնակ, իսկ վարչապետի թեկնածու կառաջադրի Գագիկ Ծառուկյանին։
Արտախորհրդարանական ուժերի մոտ դեռևս վերադասավորումներ են, բայց ընտրական գործընթացներին մասնակցության հայտ ներկայացնողներ էլ կան։ Ընդամենն օրեր առաջ նոր դաշինք ձևավորելու մասին հայտարարեց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինս ընտրություններին կմասնակցի Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ միասին։ Առայժմ հստակեցված չէ, թե ում կառաջադրի դաշինքը որպես վարչապետի թեկնածու։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «Հայաստան» դաշինքով:
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը Գյումրիում ունի 2 գրասենյակ, տեղում ակտիվ պատրաստվում են առաջիկա ընտրություններին: Կուսակցությունը մասնակցելու է միայնակ, վարչապետի իր սեփական թեկնածուով:
Ընտրություններին մասնակցության վերաբերյալ դեռևս որոշում չունի կայացրած Սասնա ծռեր համահայկական շարժման կողմից հիմնված Ազգային ժողովրդավարական բևեռը, սակայն միտված է իր քայլերով համախմբելու հայ ժողովրդին և վերահաստատելու արժանապատիվ ապրելու իրավունքը:
Հունիսյան ընտրություններին, պարզվում է քիչ չեն լինի նաև նորաստեղծ կուսակցությունները։ «Հաղթենք, որ չգաղթենք» կարգախոսով է քաղաքական դաշտ մտնում երգիչ մհեր Մեսրոպյանի, նույն ինքը՝ Մհեր Արմենիայի ստեղծած «Ազգի ձայնը» կուսակցությունը։ այն թեև դեռևս պետռեգիստրում գրանցված չէ, որպես կուսակցություն, բայց Գյումրիում արդեն ունի գրասենյակ, իսկ ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին կխոսեն առաջիկայում:
Առջևում դեռ նոր զարգացումներ կլինեն, որոնք քայլ առ քայլ մեզ կմոտեցնեն խորհրդարանական արտահերթ ընտրություններին։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն այսօր՝ մայիսի 15-ին, այցելել է Գյումրի՝ մասնակցելու «Ապագան Գյումրիում է» խորագրով միջոցառմանը, որի ընթացքում նախատեսված էր «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերության նոր գրասենյակի բացման արարողությունը և այդ կազմակերպության ամենամեծ նախագծի՝ «Դիստրիկտ» նախաձեռնության մեկնարկը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերության տեսլականն է Գյումրին վերածել առաջատար համայնքի, որը կենտրոնացած կլինի ստեղծագործական, տեխնոլոգիական, բարեկեցիկ և կայուն տնտեսական զարգացման վրա: Ծրագրի շրջանակում Գյումրի քաղաքում նախատեսվում է հիմնել իր տեսակի մեջ առաջին բնակելի թաղամասը՝ եզակի տեխնոլոգիաներով ձեռնարկատիրական էկոհամակարգ, որը կխթանի նորարարությունը, կապահովի բնակիչների պատշաճ և կայուն ապրուստը և կունենա դրական սոցիալ-տնտեսական և էկոլոգիական ազդեցություն: Միջոցառման ընթացքում Վահան Քերոբյանը ներկա է գտնվել ընկերության նոր գրասենյակի բացման արարողությանը, ծանոթացել ընկերության գործունեությանն ու նախատեսվող «Դիստրիկտ» էկո և տեխնո թաղամասի հիմնադրման մանրամասներին։ Ողջունելով նման խոշոր ծրագրի մեկնարկումը՝ Վահան Քերոբյանը նշել է․ «Ես հավատում եմ, որ Գյումրին կարող է դառնալ հրաշալի տեղ ապրելու, աշխատելու և ստեղծագործելու համար։ Բոլորը գիտեն, որ գյումրեցիները տաղանդավոր, ստեղծագործ մարդիկ են, և ես իմ առաքելությունը տեսնում եմ մարդկանց այդ հզորությունը և էներգիան պարգևելու մեջ, որպեսզի նրանք կարողանան հնարավորինս լավ ստեղծագործել և արարել»: Վահան Քերոբյանը նաև ընդգծել է իր պատրաստակամությունը աջակցել ծրագրի բարեհաջող իրականացմանը։ «Դիստրիկտ» հիմնադրամի տնօրեն Գայանե Առաքելյանը նշել է, որ ծրագրի կարևոր նպատակներից է նաև կասեցնել Գյումրիից տաղանդավոր մարդկանց հոսքի և արտագաղթի խնդիրը․ «Եթե մարդիկ այստեղ ունենան գեղեցիկ միջավայր հասանելի, դինամիկ զարգացող, տնտեսապես կայուն և, իհարկե, ստեղծարար, հետևաբար նրանք չեն ուզենա այստեղից հեռանալ»։ «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերության համահիմնադիր Թոդդ Ֆաբաքերի խոսքով՝ այս նախաձեռնության շնորհիվ հնարավորություն կընձեռնվի երիտասարդ կադրերի և առաջատար մասնագետների համար բացել նոր աշխատատեղեր։ Ըստ նրա՝ այն լինելու է ոչ միայն էկո, տեխնո միջավայր, ալև այն համապատասխանելու է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին։ «Այսինքն մեր տարածաշրջանում իր տեսակի մեջ յուրահատուկ թաղամաս է լինելու, անկրկնելի մի վայր, որտեղ ՄԱԿ-ի կայուն զարգացման բոլոր 17 նպատակներն իրենց ուրույն դրսևորումը կունենան։ Մեր գաղափարներով մենք կփորձենք հասնել այդ նպատակներին, որպեսզի ամբողջ աշխարհը հետաքրքրված լինի գալ, տեսնել, ներդրումներ անել, հիմնել ձեռնարկություններ, զարգացնել կադրեր, ստեղծել լավ աշխատուժ և այդ մադկանց պահել մարզում», – նշել է Թոդդ Ֆաբաքերը։ Բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կիրականացվեն այս ծրագրի շրջանակներում, ուղղված կլինեն 5 նպատակերի պատշաճ իրագործմանը՝ «Բարեկեցիկ քաղաք», «Կանաչ քաղաք», «Ինտեգրված քաղաք», «Ստեղծագործ քաղաք» և «Տեխնոլոգիական քաղաք»: Ծրագրի իրականացման համար ընտրված տարածքը տեղակայված է Գյումրիի արևմտյան մասում՝ Բուլվարային և Մուշ թաղամասներին հարակից՝ քաղաքի կենտրոնից 10 րոպե հեռավորության վրա, Սև ամրոց, Պայտաձև ամրոց, Մայր Հայաստան զբոսաշրջային նշանակության օբյեկտներին կից։ Այստեղ տեղակայված կլինեն «Թվային մետաքսի ճանապարհ» հայ-չինական կենտրոնը և Գյումրիում ստեղծված նորագույն ստարտափ ընկերություններ՝ տեղի երիտասարդներին աշխատանք առաջարկելու, նրանց գնողունակությունը բարձրացնելու և հարկեր գեներացնելու համար՝ մեծապես նպաստելով քաղաքի տնտեսության աճին։ Բացի այդ, այստեղ կլինեն թեթև արդյունաբերության գոտի, գյուղատնտեսական հատված, կանաչ գոտի, բնակելի հատված, սպասարկող կառույցներ, արևային պանելների այգի, արվեստի և սպորտի հատված, փոքր հյուրատներ։ «Դիստրիկտ» նախագիծը մշակվում է և իրականացվելու է Գյումրիի քաղաքապետարանի և պետական մարմինների համատեղ աշխատանքի արդյունքում՝ նպաստելով Հայաստանում մասնավոր և հասարակական ենթակառուցվածքների համագործակցության զարգացմանը։ Ըստ նախնական պլանի՝ նախագիծն իրականցվելու է երեք փուլերով․ առաջին փուլը տևելու է 3 տարի և կատարվելու է շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար ներդրում: Հաջորդ փուլերի բյուջեն և ժամանակացույցը գտնվում է քննարկման փուլում և կարող են հստակ սահմանվել հետազոտական աշխատանքներից հետո։ «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին։ Այն Նյու Յորքում և Գյումրիում տեղակայված ծրագրային ապահովման զարգացման ընկերություն է, որն իրականացնում է բջջային հավելվածների և վեբ կայքերի ստեղծում։ Իր գործունեության մի քանի տարվա ընթացքում փոքր թիմից ընկերությունը վերածվել է լիարժեք զարգացող, գլոբալ մրցակցային տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերության։ Ներկայումս ընկեությունը տրամադրում է վեբ, Cloud Server, IoT և բջջային հավելվածների ստեղծման ու զարգացման ծառայություններ՝ Գյումրին վերածելով գերժամանակակից տեխնոլոգիաներ արտահանող քաղաքի։
Աղբյուր՝ https://www.facebook.com/watch/live/?v=475295113778277&ref=watch_permalink
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
2021 թվականի մայիսի 12-ից Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով պետական սահմանը և ՄԱԿ-ի կանոնադրությունը, ներխուժել են Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք՝ որոշ հատվածներում խորանալով մինչև 3․5 կիլոմետր: Նշված տարածքի՝ Հայաստանի Հանրապետության անվիճելի մաս լինելը հաստատված է ոչ միայն պաշտոնական Երևանի հրապարակած տեղեկությունների, այլև անկախ լրատվամիջոցների փաստահենք հրապարակումներով: Կարևոր է արձանագրել, որ ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի ու այլ պաշտոնյաների կողմից Սյունիքի մարզի նկատմամբ տարածքային նկրտումների և դրա մի մասի գրավման՝ տարիներ տևած և վերջերս հաճախակիացած հրապարակային սպառնալիքներին զուգահեռ: Այս ներխուժումը շեշտակի սրում է իրավիճակը 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ձևավորված որոշակի կայունացումից հետո։ Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները ստեղծված իրավիճակը համարում են ոչ միայն ուղղակի սպառնալիք Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունների սկսման, Հայաստանի անվիճելի մաս հանդիսացող տարածքի օկուպացիայի և այդ տարածքներում ապրող բնակչության ֆիզիկական գոյության համար, այլև՝ տարածաշրջանի անվտանգությանն ուղղված անմիջական մարտահրավեր։ Արձանագրում ենք, որ՝ Հայաստանի Հանրապետությունը բոլոր օրինական ակնկալիքներն ունի, որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ, իր տարածքային ամբողջականության խախտման այս դեպքի վերաբերյալ ստանալու ՀԱՊԿ-ի կողմից քաղաքական և ռազմական հակազդում՝ համաձայն պայմանագրի 2-րդ և 4-րդ հոդվածների, այնինչ մինչ օրս ՀԱՊԿ անդամ-երկրներից որևէ մեկը չի դատապարտել Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը և չի պահանջել Ադրբեջանի իշխանություններից դուրս բերել իրենց զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքից: Թեև ՀԱՊԿ առանցքային անդամ-պետություն Ռուսաստանի Դաշնությունը բազմաթիվ երկկողմ պայմանագրերով ստանձնած պարտավորություններ ունի ապահովելու Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունը, իսկ ռուսական 102-րդ ռազմաբազան հենակետեր ունի նաև Սյունիքի մարզում, սակայն մինչ օրս որևէ տեսանելի քայլ (օրինակ՝ ուժի ցուցադրություն) չի կատարել և չի հանդես եկել ՀՀ տարածքային ամբողջականության վերականգման կամ դրա աջակցության վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ, չի դատապարտել Ադրբեջանի կառավարության ակնհայտ ագրեսիվ գործողությունները։ Ադրբեջանի կառավարության գործողություններն ակնհայտորեն հակասում են ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ մասին, ինչպես նաև «Միջազգային անվտանգության ամրապնդման մասին» ՄԱԿ-ի ԳԱ հռչակագրի 4-րդ և 5-րդ կետերին։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս գտնում ենք, որ․ 1․ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության, հնարավոր պատերազմական գործողությունների կանխարգելման, ինչպես նաև բնակչության ֆիզիկական պաշտպանության և անվտանգության ապահովման հարցում Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են անհապաղ համախմբել ողջ պաշտպանական և անվտանգային ներուժն ու միջոցները։ 2․ Ադրբեջանի իշխանությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտելու, ՀՀ քաղաքացիների անվտանգությանը սպառնալու հարցով պետք է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ կիրառելու ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված գործողություններ և ընդունելու անհրաժեշտ որոշումներ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ «Ռեստարտ Իջևան» գիտակրթական ՀԿ «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամ Քաղաքական երկխոսություն ՀԿ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ Հանրային լրագրության ակումբ ՀԿ «Ազատ քաղաքացի» ՀԿ
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Պետական բյուջեից Գյումրիի համայնքային բյուջեին գումար է հատկացվել ՝ Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինվորների գերեզմանների կառուցման նպատակով: «Գումարն արդեն իսկփոխանցվել է համյանքային բյուջեի հաշվին: Գյումրու ավագանին բյուջեն փոփոխելուց հետո մրցույթ կհայտարարի, որից հետո կսկսենք շինարարական աշխատանքները», – ավագանու այսօր կայացած նիստում հայտարարել է հարցը զեկուցող Գյումրի համայնքի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը: Գյումրի համայնքի ավագանին հավանություն է տվել նաև Գյումրու Երիտասարդական պալատին 400,000 ՀՀ դրամ հատկացնելու մասին հարցին: Գումարը կտրամադրվի երիտասարդների համար ճամբար կազմակերպելու համար: Ավագանին այսօրվա նիստում Ռաֆիկ Եղոյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածք՝ Սյունիքի մարզ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նախագահ Պուտինին տեղեկացրել է նաև, որ ինքը երեկ հանձնարարել է պաշտոնապես դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ընթացակագրերի 2-րդ հոդվածին համապատասխան խորհրդակցություններ սկսելու համար: Վլադիմիր Պուտինն անթույլատրելի է համարել հետագա էսկալացիան և հույս հայտնել իրավիճակի արագ կայունացման ու 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման վերաբերյալ: Ռուսական կողմը վերահաստատել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու իր տրամադրվածությունը` տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով:Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր հետ վերադարձով:
Աղբյուր՝
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
ԱԽ հրավիրված նիստի ընթացքում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ արդեն երկրորդ օրն է Սյունիքի մարզի Սև լճի շուրջ պայթյունավտանգ իրավիճակ է։ Նրա խոսքով՝ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել Հայաստանի պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզի որոշակի հատվածներում։ Անդրադառնալով ստեղծված իրավիճակում ձեռնարկվող քայլերին, Փաշինյանը հայտարարել է․ «Ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը, համաձայն որի՝ մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային անվտանգությանը, ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդատվությունների մեխանիզմը և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար։ Ելնելով վերը նշվածից, ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի Արա Այվազյանին, պաշտպանության նախարարի պաշտոնակատարի Վաղարշակ Հարությունյանին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարում եմ՝ միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով պայմանավորված խորհրդատվություններ մեկնարկելու ուղղությամբ, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար։ Միջոցներ ձեռնարկել ՀԱՊԿ 2010 թվականի դեկտեմբերի 10-ի ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար»։
Աղբյուր՝
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Հայաստանում աշխատողն իր իրավունքների մասին տեղեկացված լինելը չի դիտարկում որպես բարեկեցության չափանիշ, բայց համաճարակով պայմանավորված խնդիրներին առերեսվելը քաղաքացիներին հուշեց՝ իրավունքների նկատմամբ հետևողականությունն անհրաժեշտություն է։ Կորոնավիրուսի համավարակը,իսկ հետո նաև՝ ռազմական դրությունը, յուրատեսակ լակմուսի թուղթ դարձան Հայաստանի աշխատանքի շուկայում։ Այն ոչ միայն վեր հանեց չգրանցված աշխատողների, «թաքցված» աշխատավարձերի խնդիրը, այլև ցուցադրեց աշխատողի իրական արժեքը գործատուի համար։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվել են մի շարք էական փոփոխություններ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru